Ի՞նչ է առաջարկել եւ պահանջել Պուտինը Ալեասկայում Թրամփի հետ հանդիպմանը

«ԱԼԻՔ» – Reuters գործակալութիւնը, վկայակոչելով անանուն աղբիւրների, համառոտ ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները, որոնք նա հնչեցրել է Ալեասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպէս նշում են լրատւամիջոցը, երկու աղբիւրներ, որոնք ցանկացել են անանուն մնալ՝ զգայուն հարցեր քննարկելիս, ասել են, որ Պուտինի առաջարկների վերաբերեալ իրենց տեղեկութիւնները հիմնականում հիմնւած են Եւրոպայի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների միջեւ քննարկումների վրայ, եւ նշել են, որ դրանք ամբողջական չեն։
Ըստ աղբիւրների՝ Պուտինի առաջարկը բացառել է հրադադարը մինչեւ համապարփակ համաձայնագրի կնքումը՝ արգելափակելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առանցքային պահանջը։
«Ռուսաստանի առաջարկած գործարքի համաձայն՝ Կիեւը պէտք է ամբողջութեամբ դուրս բերի զօրքերը Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի արեւելեան շրջաններից՝ ի պատասխան Ռուսաստանի խոստման՝ սառեցնել ճակատային գծերը հարաւային մարզերում, ինչպիսիք են Խերսոնի եւ Զապորոժիէի մարզերը»,- յայտնել են աղբիւրները։ Ուկրաինան արդէն մերժել է ցանկացած նահանջ ուկրաինական հողերից, ինչպիսին է Դոնեցկի մարզը, որտեղ խրամատաւորւել են նրա զօրքերը, եւ որը, ըստ Կիեւի՝ ծառայում է որպէս կարեւորագոյն պաշտպանական կառոյց՝ ռուսական յարձակումները երկրի խորքը կանխելու համար։ Աղբիւրների համաձայն՝ Ռուսաստանը պատրաստ կը լինէր վերադարձնել ուկրաինական հողերի համեմատաբար փոքր հատւածները, որոնք նա օկուպացրել է Սումիի հիւսիսային եւ Խարկովի հիւսիս-արեւելեան շրջաններում։
Ըստ ուկրաինական Deep State battlefield mapping project-ի՝ Ռուսաստանը տիրապետում է Սումիի եւ Խարկովի մարզերի շուրջ 440 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով տարածքների։ Ուկրաինան վերահսկում է Դոնբասի շուրջ 6600 քառակուսի կիլոմետրը, որն իր մէջ ներառում է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը, եւ որոնց նկատմամբ հաւակնում է Ռուսաստանը։
Թէեւ ամերիկացիները դա չեն յստակեցրել, աղբիւրները յայտնել են, որ իրենց յայտնի է, որ ռուսաստանեան առաջնորդը նաեւ ձգտել է, առնւազն, Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանութեան պաշտօնական ճանաչմանը, որը Մոսկւան գրաւել է Ուկրաինայից 2014 թւականին։ Առայժմ յայտնի չէ՝ արդեօք դա նշանակում է ճանաչում ԱՄՆ կառավարութեան, թէ, օրինակ, բոլոր արեւմտեան տէրութիւնների եւ Ուկրաինայի կողմից։ Կիեւը եւ նրա եւրոպացի դաշնակիցները մերժում են թերակղզու վրայ Մոսկւայի իշխանութեան պաշտօնական ճանաչումը։
Նրանք ասել են, որ Պուտինը նաեւ ակնկալում է Ռուսաստանի դէմ կիրառւած բազմաթիւ պատժամիջոցներից առնւազն մի քանիսի չեղարկումը։ Սակայն նրանք չեն կարողացել ասել՝ դա վերաբերում է ԱՄՆ-ի, թէ եւրոպական պատժամիջոցներին։
Ուկրաինային նաեւ կարգելւի անդամակցել ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին, թէեւ Պուտինը, ըստ ամենայնի, պատրաստ է եղել, որ Ուկրաինան ինչ-որ անվտանգութեան երաշխիքներ ստանայ, յայտնել են աղբիւրները։
Ըստ աղբիւրների՝ Ռուսաստանը նաեւ կը պահանջի ռուսաց լեզւին պաշտօնական կարգավիճակ տրամադրել Ուկրաինայի որոշ մասերում կամ ամբողջ տարածքում, ինչպէս նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու ազատ գործունէութեան իրաւունք։