ԱԿՆԱՐԿ. Ո՞Վ Է ՓՈԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԿԱՄ՝ Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԲԱՆԱԿԻ ՆՈՐ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ուշացած մտքեր Բանակի նոր զինանշանի մասին

ՀԱՏԻՍ
Լուրը կարճ էր ու լակոնիկ՝ Հայաստանի բանակի զինանշանը փոխւել է։
Առաջին հայեացքից սա կարող է թւալ ժամանակի պահանջներին համապատասխանեցւած հերթական տեսողական փոփոխութիւն։ Պաշտպանութեան նախարարութիւնը նոր տարբերակը ներկայացրեց որպէս զինանշանի արդիականացման եւ նախկին տարբերակի ձեւաբանական ու գաղափարաբանական թերութիւնների սրբագրման գործընթաց։
Սակայն պետական խորհրդանիշերը պարզապէս պատկերներ չեն։ Դրանք նաեւ քաղաքական ու ազգային ինքնութեան լեզու են։ Ուստի, երբ փոխւում է այդ լեզուն, հասարակութիւնն իրաւունք ունի հարցնելու՝ ի՞նչ է փոխւելու դրա հետ միասին։
Նոր զինանշանի պարագայում ուշադրութեան արժանի է ոչ միայն աւելացւածը, այլեւ հեռացւածը։
Իհարկէ սա միայն Բանակի զինանշանի մասին չէ, միաժամանակ տարածւել սկսւեց Արարատի փոխարէն Արագածի շեշտադրումը, Նախիջեւանի փոխարէն «Նախչւան»-ի օգտագործումը, Արցախի բացակայութիւնը, QR կոդերով արժէքները, հերոսների գրաֆիտիների հեռացումը մայրաքաղաքի պատերից… ինչպէս նաեւ մի շարք այլ պատկերային փոփոխութիւններ առանձին վերցրած կարելի է բացատրել որպէս դիզայներական կամ սոսկ խմբագրական որոշումներ։ Սակայն երբ դրանք դիտարկւում են մէկ ամբողջութեան մէջ, հարցն այլեւս միայն գեղագիտական չէ։
Խնդիրը յատկապէս զգայուն է այն պատճառով, որ այդ փոփոխութիւնները տեղի են ունենում Հայաստանի պետական խորհրդանշական դաշտի աւելի լայն վերաձեւակերպման պայմաններում։
«Շամսա»-ն եւ հարցեր առաջացնող խորհրդանիշը
Նոր զինանշանի պատկերագրութեան մէջ «Շամսա»-ին նմանւող նշանը եւս հարցեր է առաջացնում։
Նշենք նաեւ, որ նշանը տարբեր մշակոյթներում ունի տարբեր մեկնաբանութիւններ եւ ինքնին չի կարող որեւէ քաղաքական կամ գաղափարական կապի ապացոյց համարւել։ Սակայն այն կարող է հանրային ընկալման մէջ կապւել նաեւ Բաքւում շրջանառւող որոշ խորհրդանշական պատկերացումների, ինչպէս նաեւ կաբալիստական կամ օկուլտ (գերբնական յիշեցնող կաբալիստական ութանկիւն աստղը) խորհրդանշական համակարգերի հետ։
Աւելին՝ նման խորհրդանիշի առկայութիւնը յատկանշական է դառնում այն պատճառով, որ նմանատիպ պատկեր նախկինում հանրային ուշադրութեան էր արժանացել նաեւ Փաշինեանի աշխատասենեակի միջավայրում։
Մի քիչ էլ դիմադրելու համար նշենք, որ այս երկու փաստերի համադրումը, իհարկէ, ինքնին չի ապացուցում որեւէ գաղտնի քաղաքական կապ։ Բայց հէնց պետական զինանշանի պարագայում հարցը մնում է պարզ. ի՞նչ է խորհրդանշում այդ նշանը։ Որտեղի՞ց է այն վերցւած։ Եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ է ընտրւել այն, յատկապէս, Հայաստանի Զինւած ուժերի համար։
Եթէ այն սովորական հերալդիկ (զինանշանագիտական առումով) պատկեր է, ապա պետական կառոյցը կարող է պարզաբանել դրա իմաստն ու աղբիւրը։ Եթէ դրա հիմքում կայ պատմական, մշակութային կամ գաղափարական աւանդոյթ, նոյնպէս պէտք է այն հիմնաւորւած ներկայացնել հանրութեանը։
Բաքւի պատմաքաղաքական նարատիւը
Այս հարցերը չեն կարող դիտարկւել նաեւ առանց տարածաշրջանային համատեքստի։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը վաղուց միայն սահմանների հարց չէ։ Այն նաեւ պատմութեան, յիշողութեան եւ ինքնութեան պայքար է։
Բաքուն տարիներ շարունակ առաջ է մղում այնպիսի պատմաքաղաքական նարատիւ, որով ներկայ Հայաստանի տարածքի զգալի մասը ներկայացւում է, որպէս թուրքական կամ ադրբեջանական պատմական հող, իսկ հայերի ներկայութիւնը՝ որպէս աւելի ուշ առաջացած կամ վերաբնակեցման հետեւանք։
Այս համատեքստում շրջանառւում են նաեւ Խազարների հետ կապւած տարբեր պատմական մեկնաբանութիւններ։ Խազարների պատմական գոյութիւնը, որպէս նոյն տարբերանշանը կրող եկւոր՝ բարբարոսական ցեղախումբ, փաստ է, սակայն դրանից չի հետեւում, որ ներկայ «ադրբեջանցիները» նրանց ուղղակի կամ միակ ժառանգներն են, կամ թէ տարածաշրջանի պատմական տարածքները կարող են այդ հիմքով ներկայացւել որպէս «խազարական» եւ հետեւաբար՝ «ադրբեջանական»։
Հետեւաբար, երբ հայկական պետական խորհրդանշական համակարգում փոխւում են ազգային յիշողութեան առանցքային պատկերները, իսկ դրանց կողքին յայտնւում են հասարակութեան համար ոչ միանշանակ ընկալւող նոր նշաններ, հարցադրումը դառնում է անխուսափելի եւ բնական:
Ֆրանսիայի պատմական դասը
Այս առումով հետաքրքրական է նաեւ Երկրորդ աշխարհամարտի տարիների Ֆրանսիայի օրինակը։
Սա, իհարկէ, չի նշանակում եւ չի կարող նշանակել Հայաստանի ներկայ իրավիճակի համեմատութիւն «նացիստական Գերմանիայի ու Վիշիի վարչակարգի» հետ։
Սակայն պատմութիւնը ցոյց է տալիս, թէ քաղաքական վերաձեւակերպումը ինչպէս կարող է արտացոլւել խորհրդանշական լեզւում։
Գերմանական օկուպացիայի տարիներին սւաստիկան դարձաւ օկուպացիոն իշխանութեան ամենատեսանելի խորհրդանիշերից մէկը Ֆրանսիայի հանրային տարածքում։ Իսկ Վիշիի վարչակարգը ստեղծեց իր սեփական խորհրդանշական համակարգը՝ «Աշխատանք, ընտանիք, հայրենիք» կարգախօսով եւ ֆրանսիսկով՝ որպէս վարչակարգի խորհրդանիշ։
Նոյն շրջանի ֆրանսիական ծայրայեղ աջակողմեան Rassemblement National Populaire (RNP) շարժումը, որը սերտօրէն ընդօրինակում էր նացիստական քաղաքական ոճը, օգտագործում էր նաեւ սւաստիկային տեսողականօրէն նման թեւաւոր «օտալ ռուն»։

Այս օրինակը կարեւոր է ոչ թէ Հայաստանի հետ զուգահեռ անցկացնելու, այլ մի պարզ պատմական իրողութիւն հասկանալու համար. իշխանութիւններն իրենց քաղաքական պատկերացումները փոխանցում են նաեւ նշանների, բառերի եւ պատկերների միջոցով։
Իսկ Հայաստանի՞ ազգային խորհրդանիշերը
Հետեւաբար բանակի նոր զինանշանի հարցը չի սահմանափակւում այն հարցով, թէ նոր տարբերակը գեղեցի՞կ է, թէ՞ ոչ։
Աւելի խորքային հարցն այն է, թէ ի՞նչ ազգի ինքնութիւնն է այն ներկայացնում։
Հայաստանի պարագայում բանակի զինանշանը սովորական դիզայներական պատկեր չէր։ Այն զինւորի կրծքին կամ դրօշին դրւող խորհրդանիշ է՝ պետութեան, բանակի եւ հայրենիքի տեսանելի պատկերացումով։
Այդ պատճառով Արարատը, Արցախը, Նախիջեւանը, Յաւերժութեան նշանը եւ հայկական պատմական յիշողութեան միւս հիմնարար խորհրդանիշերը միայն գրաֆիկական տարրեր չեն, որոնք կարելի է փոխարինել ըստ ժամանակի ճաշակի։ Դրանք հայկական պետական ու ազգային ինքնութեան ձեւաւորման առանցքային նշաններից են։
Եւ հէնց այստեղ է առաջանում հիմնական հարցը։
Երբ միաժամանակ նահանջում են ազգային հիմնարար խորհրդանիշերը, իսկ դրանց կողքին յայտնւում են այլ՝ հասարակութեան համար տարբեր խորհրդանշական համակարգերի հետ կապւող պատկերներ, արդեօք մենք գործ ունե՞նք առանձին դիզայներական որոշումների հետ, թէ՞ պետութեան ինքնապատկերի աւելի լայն վերաձեւակերպման։
Սա է այն հարցը, որին չպատասխանեցին պետական կառոյցները, քանի որ չտրւեց այն։
Հարցը, որը պիտի տրւէր՝ ոչ թէ միայն՝ ինչպէս է նկարւած նոր զինանշանը, այլ՝ ինչո՞ւ է այն այսպէս նկարւած, ի՞նչ պատմութիւն է այն պատմում, եւ ամենակարեւորը՝ ի՞նչ Հայաստանի մասին է այն պատմելու վաղւայ հայ զինւորին։
Խորհրդանիշերն ապրում են աւելի երկար, քան դրանք ստեղծող իշխանութիւնները։ Ուստի այսօր փոխւող զինանշանը վաղը կարող է դառնալ ոչ թէ դիզայներական որոշման, այլ պետական յիշողութիւնը մաքրող տարր:
Մէկ է, թէ որքան էլ փորձեն պնդել, թէ այդ «կաբալիստական» նշանը հայկական ծագում ունի, զինանշանում այն «յաւերժական վահանի» փոխարէն դնելու որոշման հիմնաւորումը, մեղմ ասած, շարունակ պարտութիւնից խօսող իշխանութեան խելքի բանը չէ…



