Ինչո՞ւ Ամերիկան թոյլ տւեց Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներ
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Միջազգային հարցերով՝ փորձագէտի կարծիքով Թրամփը հասկացել է, որ Ուկրաինայի պատերազմն անօգուտ ծախս է ԱՄՆ-ի համար: «Ուկրաինական պատերազմի սկզբից ցայսօր Թրամփը քննադատել է այս հակամարտութիւնը լարողներին: Նրա կարծիքով Կիեւը լրացուցիչ ծախսեր է պարտադրում Միացեալ Նահանգներին»,- նշում է դոկտ. Շոայբ Բահմանը։
Ռուսաստանի հարցերով փորձագէտն իր հրապարակած թւիթներում բազմիցս է անդրադարձել ԱՄՆ-ի քաղաքականութեան հնարաւոր շրջադարձին: Դոկտ. Բահմանի կարծիքով՝ հանրապետականները վերջին ընտրութիւններում գրանցած յաջողութիւնից յետոյ դժւար չի լինելու կասեցնել դեմոկրատների ծախսատար ծրագրերը կապւած Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական աջակցութիւն ցուցաբերելու հետ, քանի որ Թրամփը գիտակցում է, որ պէտք չէ հաւատալ, որ Ուկրաինան կարող է յաղթել Ռուսաստանին։
Շոայբ Բահմանի կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմի աւարտը կարող է ազդել Եւրոպայի, Կիեւի եւ Մոսկւայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականութեան վրայ՝ պայմանով, որ Թրամփը առաջ մղի իր նախագծերը: «Ինչով էլ պայմանաւորւած է այն փաստը, որ Բայդէնի վարչակազմը թոյլ է տւել Ուկրաինային օգտագործել ամերիկեան հեռահար հրթիռները՝ ռուսական տարածքը թիրախաւորելու համար»,- նշել է փորձագէտը, յիշեցնելու համար Թրամփին կասեցնելու նպատակով դեմոկրատների գործադրած վերջին հնարքների մասին:
Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք նրա յօդւածը:
Դոկտ. Շոայբ Բահման
Ջօ Բայդէնի վարչակազմը թոյլ է տւել Ուկրաինային օգտագործել ամերիկեան հեռահար զինատեսակներ, յատկապէս ATACMS հրթիռները՝ ռուսական տարածքը թիրախաւորելու համար։
Այս որոշումն ընդունւել է այն ժամանակ, երբ Բայդէնի կառավարութեան օրերը հաշւած են, իսկ Թրամփը՝ որպէս նորընտիր նախագահ, բազմիցս է խօսել Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու եւ այս երկրին ամերիկեան ֆինանսական ու ռազմական աջակցութիւնները կրճատելու կամ դադարեցնելու անհրաժեշտութեան մասին։
«Թէեւ նախկինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս կոչ է արել վերացնել նման սահմանափակումները (զինատեսակների կիրառման հարցում) եւ ընդգծել, որ առանց այդ զէնքերի Ռուսաստանի նկատմամբ յաղթանակի մասին պէտք է մոռանալ, սակայն ակնյայտ է, որ Բայդէնի վարչակազմը դա չի արել զուտ այն պատճառով, որ Կիեւն է խնդրել, այլ՝ ԱՄՆ-ն այլ նպատակներ ունի»-, նշել է Ռուսաստանի հարցերով աւագ փորձագէտը:
Նա յաւելել է. «Առաջին հերթին ԱՄՆ-ի այս քայլը կարող է լինել՝ ռուսական ուժերի կողքին շուրջ 12 հազար հիւսիսկորէական զօրքը ռազմաճակատ ուղարկելուն ի պատասխան։ Այնպէս, որ հիւսիսկորէական ուժերի ներկայութիւնն անհանգստութիւն է առաջացրել Վաշինգտոնում եւ նրա եւրոպացի դաշնակիցների մօտ, իսկ Կիեւին հեռահար հրթիռներ օգտագործելու թոյլտւութիւն տալով, ԱՄՆ-ն փորձել է հաւասարում մտցնել դաշտում ստեղծւած իրավիճակում»։
«Երկրորդ. ամերիկեան գործողութիւնները կարող են պատասխան լինել Ուկրաինայի ենթակառուցւածքների ուղղութեամբ ռուսական վերջին յարձակումներին։ Այս յարձակումների արդիւնքում Կիեւը կորցնելու է ինքնակառավարման ուժը եւ թուլացւելու են Ուկրաինայի դիրքերը հնարաւոր ապագայ բանակցութիւններում։ Հետեւաբար, հեռահար հրթիռների կիրառման թոյլտւութիւնը, որոնք կարող են օգնել Ուկրաինային թիրախաւորել ռուսական տարածքի խորքում գտնւող ռազմական թիրախները, երաշխաւորելու են Կիեւի դիրքերը հրադադարի վերաբերեալ հնարաւոր բանակցութիւններում»-, նշել է փորձագէտը:
Շոայբ Բահմանը կարեւորելով ռազմաճակատում յաջողութիւնների մասին իրականացւող պրոպագանդային զուգահեռ Ռուսաստանի ռազմական հնարաւորութիւնների թուլացման փաստը նշել է, որ այն կարող է ազդել Մոսկւայի դէմ՝ ներքին ճակատն ուժեղացնելու Արեւմուտքի ստւերային ռազմավարութեան ազդեցութեան վրայ նաեւ։
«Երրորդ. Բայդէնի կառավարութեան նման որոշումը կարելի է դիտարկել որպէս Ուկրաինայում պատերազմի հանդէպ Թրամփի մօտեցման դէմ քայլ։ Այնինչ Թրամփը հէնց սկզբից է դէմ արտայայտւել ուկրաինական պատերազմին, իսկ նախընտրական արշաւի ժամանակ կրկնել է այն դադարեցնելու անհրաժեշտութեան մասին իր կարծիքը: Հաւանաբար դեմոկրատները չեն ցանկանում, որ Թրամփի ծրագիրը յաջութեամբ պսակւի այս ոլորտում։ Քանի որ այս դէպքում դեմոկրատները յայտնի կը դառնան որպէս պատերազմը նախաձեռնող թեւ, իսկ հանրապետական Թրամփը՝ որպէս պատերազմը դադարեցնող փրկիչ: Սա բոլորովին հաճելի չէ դեմոկրատներին, որոնք վերջերս նախագահական ընտրութիւններում ծանր պարտութիւն են կրել Թրամփի ու հանրապետականների դիմաց։
Թէեւ այս առումով եւրոպացիների պահանջներն ու բանեցրած ճնշումը նոյնպէս կարելի է ներկայացնել որպէս՝ լուրջ պատճառ (պատերազմը դադարեցնելու), սակայն եւրոպական երկրների հարցում եւս նկատելի է, որ չկայ միասնական կարծիք այս առումով։ Մինչ Լեհաստանի ու Բալտեան երկրների համար ողջունելի էր ԱՄՆ-ի (դեմոկրատների վերջին որոշումը) այս գործողութիւնը, եւրոպական միւս երկրներն անհանգստացած են, որ այս որոշումը կարող է յանգեցնել տարածաշրջանում լարւածութեան սրման ու ռազմական ռիսկերի մեծացմանը։ Յատկապէս, որ Կրեմլը նոյնպէս այս գործողութիւնը որակել է՝ ԱՄՆ անմիջական մասնակցութիւն հակամարտութեանը եւ զգուշացրել, որ այն լուրջ հետեւանքներ կունենայ ԱՄՆ-ի համար նաեւ:
Փաստն այն է, որ ելնելով ԱՄՆ-ի ներքին մարտահրաւէրներից ու ձեւաւորւող նոր կառավարութեան գալով շրջադարձային փոփոխութիւնների հնարաւորութեան պատճառով, եւրոպական երկրները հասկացել են, որ պէտք է պատրաստ լինել նոր իրավիճակի համար։ Նման պայմաններում Եւրոպային պէտք չէ սրել Ռուսաստանի հետ լարւածութիւնը։ Նրանք գիտակցում են, որ ռազմական գործողութիւնների սրումը կարող է ազդել եւրոպական երկրների պաշտպանութեան եւ անվտանգային քաղաքականութեան վրայ, զգալիօրէն մեծացնելով այդ երկրների պաշտպանական ծախսերը։ Միեւնոյն ժամանակ եւրոպացիներն այլեւս չեն կարող յոյսը դնել ԱՄՆ-ի աջակցութեան վրայ, յատկապէս, Թրամփի նախագահութեան օրօք»,- եզրափակել է փորձագէտը: