Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ինչո՞ւ է Փաշինեանի «կառուցողականութեանն» ալիեւեան քարոզչութիւնը պատասխանում յարձակումներով

«ԱԼԻՔ» – Փաշինեանի պատասխան հարցազրոյցն Իլհամ Ալիեւին լայնօրէն քննարկւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ադրբեջանական մամուլում։ Այս անգամ Փաշինեանի հարցազրոյցը յայտնւել է Ադրբեջանի իշխանութիւնների գլխաւոր քարոզչական ռեսուրսների թիրախում։ Մինչ Փաշինեանն իր հարցազրոյցում ըստ էութեան փորձում է «կառուցողականութիւն» դրսեւորել ալիեւեան բոլոր քմահաճ պահանջների հարցում, դրանով իսկ յարուցելով հայաստանեան հանրութեան սուր քննադատութիւնը, Ադրբեջանում եւս այն լայն քննադատութիւնների առարկայ է դարձել։ Սակայն այս դէպքում արդէն խնդիրը Նիկոլ Փաշինեանի այս կամ այն թէզը չէ, COP29-ից յետոյ գործ ունենք կարծես միտումնաւոր հրահրւող ատելութեան մթնոլորտի, թշնամական բառապաշարի հետ հայ ժողովրդի հանդէպ ադրբեջանական իշխանամերձ ԶԼՄ-ների գլխագրերում։ Սա, իհարկէ, նորութիւն չէ, սակայն առանցքային հանգամանք է։ Ադրբեջանը, որն իբրեւ թէ Հայաստանի հետ Խաղաղութեան համաձայնագիր է բանակցում, անընդհատ նորանոր պահանջներ դնում Հայաստանի առջեւ, ատելութեան արշաւ է իրականացնում քարոզչական բոլոր հարթակներով։

Նոյնիսկ փորձ է արւում իրավիճակը նմանեցնել 44-օրեայ պատերազմին նախորդող ժամանակաշրջանին, փորձ է արւում զուգահեռներ տանել եւ պաշտօնական Երեւանին ներկայացնել ապակառուցողական, թէեւ ՀՀ իշխանութիւնները գրեթէ բոլոր պահանջների հարցում համաձայնութեան գալու պատրաստակամութիւն են յայտնում։ Սա արւում է միանգամից մի քանի առաջատար լրատւամիջոցներով։ Հայաստանեան հանրութեան ճնշող մեծամասնութիւնը տեսնում է, որ սա՝ ատելութեան խօսքի նման չափաբաժինը, ամենեւին էլ խաղաղութեան հաստատմանը նախորդող ժամանակաշրջան չէ, թշնամական խօսքի անընդհատ գեներացման նպատակը չի կարող լինել խաղաղութիւնը։

168․am-ի հետ զրոյցում, գնահատելով ռեգիոնալ իրավիճակը, ներկայումս ընթացող ակտիւ քարոզչութիւնը, եւրոպացի վերլուծաբան Սիւզան Ստիւարտը նշեց, որ, ըստ էութեան, հակամարտութիւնը կարգաւորւած չէ, երբ բոլոր հարցերը կողմերի միջեւ կարգաւորւած չեն։ Ըստ նրա, կարծես շատ բարդ հարցեր մնացել են անցեալում, սակայն շատ հարցեր էլ մնացել են, եւ  կոնֆլիկտը լիովին սպառւած չէ։

«Սա էլ նշանակում է, որ կողմերը շարունակում են բանակցել, ինչի մաս են կազմում ոչ միայն աւանդական բանակցութիւնները, դիւանագիտութիւնը, զսպման գործիքները, անվտանգութեան բաղադրիչը, այլեւ քարոզչութիւնը, որի նպատակը որոշակի հարցեր լուծելն է կամ դրանց լուծման համար անհրաժեշտ ֆոն ապահովելը, հակառակորդին ճնշելը եւ այլն։ Իրականում սա ներկայիս աշխարհում ամենահզօր գործիքներից ու զէնքերից մէկն է։

Ներկայումս այս գործիքն ակտիւ օգտագործւում է բոլոր հակամարտութիւններում, դա ներկայիս պատերազմների ու գործընթացների անբաժանելի մասն է, քանի որ հնարաւորինս քիչ ռեսուրսների գործադրմամբ ահռելի խնդիրներ է լուծում հանրային ընկալումներում։ Ուստի հարաւկովկասեան ռեգիոնում եւս ակտիւ գործի է դրւում քարոզչութիւնը։ Այսպիսի բան կայ՝ քարոզչութիւն անհրաժեշտ չէ, երբ չկայ հակամարտութիւն եւ երբ կայ քարոզչութիւն, բարդ է տեսնել խաղաղութեան կամ հակամարտութեան կարգաւորման հեռանկարները։ Հէնց այդ պատճառով հակամարտութիւնների կարգաւորման գործընթացների մաս են դարձնում հռետորաբանութեան վերահսկողութիւնը եւ ռազմատենչ, թշնամական հռետորաբանութեան բացառումը։

Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի դէպքում գործ ունենք առանձնայատուկ իրավիճակի հետ, որտեղ եւս նախկին տասնամեակների ընդունւած կարգը, բանակցային ձեւաչափը փլւել է, եւ այս փուլում ոչինչ յստակ չէ, չկան կանոններ, բանակցութիւնները չունեն յստակ պարբերականութիւն, ծրագիր եւ այլն»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ Սիւզան Ստիւարտի, ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման մասին խօսակցութիւնը եւս փոխկապակցւած է այս թեմային, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի դադարեցումից յետոյ նման երեւոյթներն աւելի անվերահսկելի դարձան։

«Միջնորդի, առաւել եւս՝ միջազգային միջնորդական ձեւաչափի առկայութիւնը հակամարտութեան դէպքում կարեւոր գործոն է դառնում։ Թէեւ պէտք է նաեւ նշել, որ ՄԽ-ն, ի վերջոյ, չդարձաւ այն հարթակը, որտեղ կողմերը խաղաղ համաձայնութեան հասնեն, մշտապէս կար դժգոհութիւն այդ հարթակից կամ կային տարաձայնութիւններ համանախագահ երկրների միջեւ։ Ամէն բան հասաւ նրան, որ այս աշխարհակարգի պայմաններում համանախագահները հէնց հրաժարւեցին միմեանց հետ աշխատելուց»,- ասաց փորձագէտը։

Սիւզան Ստիւարտի կարծիքով, Արեւմուտքը պէտք է կարողանայ աւելի մեծ ճկունութիւն ցուցաբերել Հարաւային Կովկասում։

Նրա կարծիքով, խօսքը վերաբերում է թէ Երեւան-Բաքու գործընթացին, թէ վրացական զարգացումներին։

«Արեւմուտքը, ռուսական ազդեցութեամբ պայմանաւորւած, այդ ռեգիոնում բարդ սցենարների է բախւել, եւ այստեղ աւելի ինտենսիւ աշխատանքի կարիք կայ։ Սակայն բոլորն աշխատում են՝ ուշադրութիւնը բեւեռելով մի քանի ռեգիոնի ուղղութեամբ, խօսքն Ուկրաինայի ու Մերձաւոր Արեւելքի մասին է։ Թէեւ Հարաւային Կովկասը փոքր ռեգիոն է, բայց այստեղ խնդիրները բարդ են ու երբեմն ոչ հեշտ յաղթահարելի։ Բացի այդ, շուտով նախագահութիւնը կը սկսի Թրամփի վարչակազմը՝ փոփոխութիւններ բերելով Արեւմուտքի ներսում, Ուկրաինայի հարցում եւ վստահաբար՝ այլ ռեգիոններում։ Այսինքն՝ մենք դեռ առաջիկայ մի քանի ամիսների ընթացքում լինելու ենք անընդհատ փոփոխւող աշխարհաքաղաքական իրավիճակում։ Սա նշանակում է որոշակի անորոշութիւն եւ անկայունութիւն նաեւ Երեւանի ու Բաքւի համար, ինչպէս նաեւ բանակցային գործընթացում, որն այսօր նոյնիսկ չկայ էլ»,- նկատեց նա։

Related Articles

Back to top button