ԱՄՆ-ը ու Ռուսաստանը սկսում են համագործակցե՞լ Սիրիայում

«ԱԼԻՔ» – Սիրիայում օրերս բռնկւեցին վերջին շրջանի ամենախոշոր զինւած բախումները՝ Իրանի եւ Ռուսաստանի դաշնակից Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից յետոյ։ Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրաւունքների դիտորդական կենտրոն»-ը հաղորդեց, որ աւելի քան 1000 մարդ է զոհւել Սիրիայի նոր կառավարիչների հետ կապւած զինեալների, անվտանգութեան ուժերի ու տապալւած Բաշշար Ասադին հաւատարիմ ալաւիների զինեալների միջեւ երկրի առափնեայ շրջանում տեղի ունեցած բախումների մի քանի օրւայ ընթացքում, զոհերի թւում, ըստ աղբիւրի, 745 խաղաղ բնակիչ կայ:
Միջազգային մամուլում ու սոցցանցերում այս արիւնոտ իրադարձութիւնները ստացան «ալաւիների զտում», «ցեղասպանութիւն», «արիւնոտ ուրբաթ» որակումները։
Մանրամասնենք՝ մարտի 6-ին Լաթաքիա ծովափնեայ նահանգում բախումներ տեղի ունեցան Ասադի կողմնակիցների եւ Սիրիայի նոր կառավարութեան անվտանգութեան ուժերի միջեւ, որը գլխաւորում է իսլամիստ ապստամբների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, ով իր խմբաւորման յաղթանակից յետոյ ստացել է երկրի ժամանակաւոր նախագահի կարգավիճակ։ Նոր բախումները, նշում են վերլուծաբանները, ցոյց են տալիս, որ ալ-Շարաան պայքարում է Սիրիայում վերահսկողութիւնը պահպանելու համար Ասադի տապալումից յետոյ: Սակայն բախումները վերածւեցին բռնութեան ահասարսուռ դէպքերի պարզապէս խաղաղ բնակչութեան՝ կանանց, երեխաների, ծերերի նկատմամբ, տեսանիւթերից որոշները տարածւում էին մամուլում։
Ալաւիական գիւղերի եւ փոքր քաղաքների բնակիչները Associated Press-ին պատմել են սպանութիւնների մասին, երբ զինեալները փողոցներում կամ իրենց տների դարպասների մօտ գնդակահարել են ալաւիներին, որոնց մեծ մասը տղամարդիկ են եղել: Ալաւիների բազմաթիւ տներ թալանւել են, այնուհետեւ հրկիզւել տարբեր շրջաններում, AP-ին յայտնել են Սիրիայի առափնեայ շրջանի երկու բնակիչ։ Բռնութիւնից ամենաշատ տուժած քաղաքներից մէկի՝ Բանիեասի բնակիչները պատմել են, որ դիակները թափւած են եղել փողոցներում կամ անթաղ մնացել են տներում եւ տանիքների վրայ, եւ ոչ ոք չի կարողացել վերցնել դրանք: Սիրիայի ներքին գործերի նախարարութիւնը նոյնիսկ հաստատել է, որ կառավարական ուժերի՝ «Ասադի ռեժիմի մնացորդների դէմ իրականացւող գործողութեան ընթացքում խաղաղ բնակիչների դէմ բռնութեան առանձին դէպքեր են արձանագրւել»։
Միջազգային հանրութեան՝ մասնաւորապէս ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի եւ մի շարք այլ երկրների նախօրէի արձագանգներից յետոյ, Սիրիայի ժամանակաւոր նախագահը յայտարարել է դէպքերը ուսումնասիրելու համար յանձնաժողով ձեւաւորելու մասին։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչութեան առաջին տեղակալ Դմիտրի Պոլիանսկին հայտարարել է, թէ Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ մարտի 10-ին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերեալ արտակարգ խորհրդակցութիւններ անցկացնելու խնդրանքով։
«Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հրատապ փակ խորհրդակցութիւններ անցկացնել՝ կապւած Արեւմտեան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնութիւնների հետ»,- գրել է նա։ Սա եւս ինքնին ուշագրաւ իրադարձութիւն է, որը ցոյց է տալիս, որ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն սկսում են համագործակցել միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ միջազգային հարթակներում՝ այս դէպքում մերձաւորարեւելեան զարգացումների հարցում, եւ ունեն մօտ դիրքորոշումներ։ Սիրիական զարգացումների շուրջ եւս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դիրքորոշումները սկսում են արմատապէս տարբերւել։ Այն դէպքում, երբ պետքարտուղար Ռուբիոն իր աջակցութիւնն է յայտնում փոքրամասնութիւններին՝ քրիստոնեաներին, ալաւիներին ու քրդերին, դատապարտելով բռնութիւնն ալաւիների նկատմամբ, Եւրամիութիւնը դատապարտում է Սիրիայի անցումային կառավարութեան անվտանգութեան ուժերի վրայ յարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշշար Ասադի կողմնակիցներին:
Ուշագրաւ է այն հանգամանքը, որ այս բախումներին ընդառաջ՝ Թուրքիան, որն աջակցում է Ալ-Շարաայի իշխանութեանը, խորհրդակցութիւններ անցկացրեց Մեծ Բրիտանիայի հետ։ Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան Անկարայում խորհրդակցութիւններ են անցկացրել Սիրիայի հարցով, որոնք գլխաւորել են Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Եըլմազը եւ Մեծ Բրիտանիայի Մերձաւոր Արեւելքի հարցով նախարար Հեմիշ Ֆալքոները։
Օրակարգը եւս ուշագրաւ է, նշւած էր, որ Եըլմազը պէտք է ներկայացնի Թուրքիայի տեսակէտներն ու ակնկալիքները՝ կապւած Սիրիայում անվտանգութեան, կայունութեան եւ տնտեսական իրավիճակի հետ։
Ասւում էր նաեւ, որ քննարկումների ընթացքում պէտք է ընդգծւի կենտրոնական կառավարութեան շրջանակում ազգային հաշտեցման ուղղութեամբ սիրիական վարչակազմի ձեռնարկած քայլերի միջազգային աջակցութեան կարեւորութիւնը։ Իսկ դրանից առաջ տեղի էր ունեցել Էրդողանի հեռախօսազրոյցը Սթարմերի հետ, ինչպէս նաեւ կոնտակտներ մի շարք նախարարութիւնների մակարդակով։
168.am-ի հետ զրոյցում ռուս արեւելագէտ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ալաւիների հետ կապւած վերջին իրադարձութիւնները յստակ ցոյց տւեցին, որ Սիրիայի ժամանակաւոր կառավարութեան եւ նրա աջակիցների համար իրավիճակն ամենեւին էլ կառավարելի չէ։ Թէեւ, ըստ նրա, կառավարական ներկայացուցիչները յայտարարում են, թէ սա սպասելի էր, այնուամենայնիւ, բախումներ նման պատկերով սպասելի չէին, ինչպէս նաեւ սպասելի չէր նման արձագանգը, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան, որը ցանկանում է լուծել Սիրիայում քրդերի հարցը, խնդիրներ ունի Սիրիայում։
«Վերջին շրջանում թւում էր, թէ Անկարան միայն յաջողութիւններ է գրանցում, սակայն այդ ամէնն ունի նաեւ իր հակառակ կողմը, որը լի է բարդութիւններով ու անկանխատեսելի զարգացումներով։ Ալաւիների հետ տեղի ունեցածը խառնում է Թուրքիայի խաղաքարտերը եւ բարդացնում Թուրքիայի աւելի կարեւոր նպատակների իրագործումը, խօսքը քրդական հարցի մասին է։
Բացի այդ, հաստատւեցին նաեւ ՌԴ անհանգստութիւններն այն մասին, որ Սիրիայում պէտք է իրավիճակը դուրս չգայ վերահսկողութիւնից, պէտք է բոլոր փոքրամասնութիւնների համար պայմաններ ստեղծւեն։ Սակայն ժամանակաւոր իշխանութիւնն ակնյայտօրէն այս խնդիրը չի կարողանում իրագործել, ուստի տեղի ունեցաւ այն, ինչ եղաւ վերջին օրերի ընթացքում»,- նման կարծիք յայտնեց Տարասովը։
Նա գտնում է, որ Թուրքիան իր քայլերը համաձայնեցնում է Բրիտանիայի հետ թէ՛ ուկրաինական, թէ՛ սիրիական, եւ թէ՛ այլ ուղղութիւններով։
«Սակայն, ինչպէս տեսնում ենք, բացի այն խնդիրներից, որոնք առաջանում են ինչ-որ պլանների իրագործման ընթացքում, ի յայտ են գալիս անկանխատեսելի հանգամանքներ, առաջանում են աշխարհաքաղաքական նոր իրողութիւններ եւս, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի արտահերթ լսումների պահանջով։
Ռուս-ամերիկեան բանակցութիւնները, ի դէպ, նաեւ սկսւեցին սիրիական օրակարգով, չի բացառւում, որ սկսեն համագործակցել։ Սա, կարծում եմ, խնդրահարոյց նորութիւն է Թուրքիայի համար»,- նկատեց Տարասովը։
Նրա խօսքով, չի բացառւում, որ Հարաւային Կովկասում եւս Ռուսաստանն ու ԱՄՆ-ը որոշ հարցերում փոխըմբռնում ձեւաւորեն։
«Իհարկէ, սա Մերձաւոր Արեւելքից ու այնտեղ առկայ խնդիրներից էապէս տարբերւող ռէգիոն է, սակայն ռուս-ամերիկեան երկկողմ բանակցութիւնները շատ աւելի գլոբալ նշանակութիւն ունեն, կը վերաբերեն շատ տարածաշրջանների՝ այնտեղ իրավիճակ փոխելու մեծ պոտենցիալով։ Բացառութիւն չէ նաեւ Հարաւային Կովկասը, որտեղ Ռուսաստանին դուրս մղելու ուղղութեամբ լուրջ ջանքեր են ներդրել ԱՄՆ նախկին իշխանութիւններն ու ԵՄ-ն անցնող տարիների ընթացքում։ Ներկայումս կարող են ձեւաւորւել համագործակցութիւններ, որոնց մասին պատկերացնել չէինք կարող։ Իսկ գլխաւոր պատճառն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը նախկին Արեւմուտքի կամ ներկայիս Եւրոպայի քաղաքականութեանը հակադիր քաղաքականութիւն է վարում։ Հարաւային Կովկասը եւս ամենաբարդ ռէգիոններից է, որին լաւագոյնս ծանօթ է Ռուսաստանը, ինչը կարող է առաջիկայում առանցքային նշանակութիւն ստանալ»,- նշեց նա։