Արթուր Խաչատրեան. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ խաչակրաց արշաւանքը շարունակւում է»

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ խաչակրաց արշաւանքը շարունակւում է: Այս մասին երէկ՝ մայիսի 30-ին, ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամանակ յայտարարել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ հոգեւորականի հասցէին արւած հայհոյախառն ու վիրաւորական գրառումներին:
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանի եւ նրա կնոջ գրառումը համընկաւ այն միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայր Աթոռի նախաձեռնութեամբ կայանում է Շւէյցարիայում։ Ինչո՞ւ Ալէն Սիմոնեանի յայտնի յայտարարութիւնը համընկաւ Արցախի Հանրապետութեան նախագահ ընտրելու հետ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը մայիսի 28-ին Հայաստանի սահմաններին անմիջական մօտակայքում բացում 3-րդ «միջազգային» օդանաւակայանը։ Ինչո՞ւ Ադրբեջանը յայտարարեց, որ Խոզնաւարում իրանք չեն կրակել։ Իսկ ո՞վ է կրակել հանգուցեալ Ալքսանդր Սերգեեւիչ Պուշկինը՞։
Այս ամէնը նշանակում է, որ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում ՀՀ-ի դէմ հերթական ագրեսիայի համար։ Իսկ Փաշինեանը եւ իր իշխանութիւնները փոխանակ հիմքեր ստեղծեն՝ պաշտպանելու ՀՀ-ն, մեղաւորներ են փորձում կարգել»,- ասել է նա՝ յստակեցնելով. «Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմակիցների ամբողջ քաղաքականութիւնն այս շաբաթ ուղղւած է եղել գալիք հնարաւոր ձախողումներն արդարացնելու եւ այլոց մեղադրելու համար հիմքեր ստեղծելուն»:
Անդրադառնալով Փաշինեանի՝ հոգեւորականի հասցէին արւած հայհոյախառն ու վիրաւորական գրառումներին, Արթուր Խաչատրեանը նշել է, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ խաչակրաց արշաւանքը շարունակւում է:
«Այդ գրառումն անյարգալից լինելուց բացի, պարզ խուլիգանութիւն էր, նման ոճի գրառում երկրի ղեկավարը չի կարող իրեն թոյլ տալ: Կրթող եւ կրթւող մարդը չի կարող իջնել զազրախօսութեան եւ խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին: Առնւազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պէտք է նման վարքագիծը քննարկման առարկայ դարձնեն: Դրանից բացի, իրաւապահ մարմինները, որ աւելի շատ մեղմ գրառումների յետեւից գնում են, քրէական գործեր են յարուցում, մարդկանց ազատութիւնից են զրկում նաեւ նրանք անելու բան ունեն, ինչպէս նաեւ մեր հայրենակիցները քւէատուփի առաջ որոշում կայացնելիս նաեւ սա պէտք է յիշեն»,- ասել է նա:
Նկատելով, որ իրաւապահ մարմինները աւելի մեղմ գրառումների յետեւից են գնում՝ Խաչատրեանն ասել է, որ այդ կառոյցները պարտաւոր են գնալ Փաշինեանի գրառման յետեւից։