Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Երբ մենք դուրս գանք հրապարակ, դա լինելու է շարունակական եւ վերջնական»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ դեկտեմբերի 15-ին, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպում է անցկացրել շարժման համակիրների հետ:

Հանդիպման մեկնարկից առաջ Բագրատ Սրբազանը զրուցել է լրագրողների հետ. «Մենք այլեւս չպէտք է մտածենք հնարաւորինի եւ անհնարինի մասին, այլ անհրաժեշտութեան, եւ այսօրւայ հանդիպման նպատակն էլ հէնց դա է»,- ասել է նա:

Նա նշել է, որ համակիրների հետ հանդիպման նպատակն է նախ միմեանց տեսնել եւ հասկանալ, թէ ով ինչ կարգավիճակում է։

«Որովհետեւ այս ընթացքում շատերին կալանաւորել են, հալածել են, կալանքներ են դրել գումարների վրայ, եւ իրենք իմանան, որ լքւած չեն, եւ միաժամանակ իմանան, որ մենք այս գծից դուրս եկողը չենք»,-ասել է Սրբազանը։

Հարցին, թէ հաշւի առնելով նախկին սխալները, արդեօ՞ք դասեր քաղել է շարժումը, Սրբազանն ասաց, որ նման հանդիպումները նրա համար են, որ վստահութեան աստիճանը ստուգեն։

«Մենք ուղղակիօրէն պէտք է մատների արանքով չնայենք այլեւս եւ երբեք, մենք պէտք է այդ վստահութիւնը մինչեւ վերջ հասցնենք, ե՛ւ մենք վստահ լինենք, ե՛ւ մարդիկ»,-ասել է Սրբազանը, սակայն խուսափել է որոշակի քայլերի մասին ժամկէտներ նշել։

«Մենք մի անգամ, կամ երկու անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդիւնքն արձանագրել, հիմա մեզ աւելի շատ լաւ է որոշակի ժամանակի մէջ կարողանալ տեղաւորւել, մեր հարցերը, խնդիրները լուծել եւ ասել եմ՝ այն օրը, երբ մենք դուրս գանք հրապարակ, դա լինելու է շարունակական եւ վերջնական»,- յստակեցրել է Բագրատ Սրբազանը:

Related Articles

Back to top button