Վճռական գործողութիւն, ո՛չ աջ, ո՛չ ձախ
«Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը հանրահաւաք է անց կացրել Վանաձորում
«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ, «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժման մասնակիցները երէկ՝ յունիսի 8-ին աւտոերթով մեկնել են Վանաձոր, որտեղ տեղի է ունեցել հանրահաւաք:
Վանաձոր մուտք գործելիս, Բագրատ Սրբազանն ասել է, որ նախ ցանկանում է ողջունել քաղաքական պատճառներով կալանաւորւած Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանեանին, որը երկու տարուց աւելի կալանքի տակ է:
«Ժողովրդի քւէով ընտրւած քաղաքապետը երկու տարուց աւելի է՝ գտնւում է բանտում՝ կալանքի ներքոյ։ Ո՛չ մեղադրանք կայ, ոչ մի բան չկայ, պարզապէս կալանքի տակ է մարդը։ Այսօրւայ «ժողովրդավար» Հայաստանի դէմքը սա է։
Այս իշխանութիւններն առաւօտից գիշեր աղաղակում են ասելով՝ «լեգիտիմ ընտրւել ենք»։ Իսկ ի՞նչ է, Վանաձորի քաղաքապետը լեգիտիմ չի ընտրւե՞լ, ինչո՞ւ է կալանքի տակ»,- նշել է Բագրատ Սրբազանը։
Աւելի ուշ, ելոյթ ունենալով հանրահաւաքում, Սրբազանը յայտարարել է, որ պայքարը մտել է վճռական փուլ, եւ ՀՀ գործող իշխանութիւնները ձեռքները ծալած չեն նստելու եւ չեն նստել, ինֆորմացիոն տեղեկատւական դաշտում այս երկու ամսի տւայտւում են` ինչ-որ բաներ անելու, չի ստացւում:
«Նոյնիսկ նրանցից մէկը նախորդ օրն ասել է, որ ԱԱԾ-ն չի կարող որոշել` ով է գործակալ: Էն միւսին դատական գործընթացներով ինչ-որ բան են պարտադրում, ասում է` դատարանը չի կարող ինձ ինչ-որ բան պարտադրել: 30-40 հոգով մարդ են ծեծում ջարդում, ոչ մի բան, երեխայի երեսին ոստիկանի կոշիկի հետքն են դաջում, էլի ոչ մի բան: Եւ սա վերստին հաստատում է, որ մեր երկրում գործում է մէկ հոգու քմահաճոյքը եւ նա պէտք է հեռանայ եւ քանի որ չի ուզում հեռանայ, պէտք է հեռացւի եւ հեռացւելու է»,- ասել է նա՝ յաւելելով, որ յունիսի 9-ը ամենաառանցքային օրն է, սակայն պայքարի վերջին օրը չէ. «Յունիսի 9-ին՝ վճռական գործողութիւն, ո՛չ աջ, ո՛չ ձախ»,- յստակեցրել է Սրբազանը:
Սրանք ոչ թէ խաղաղութեան պայմանագիր են ուզում կնքել, այլ՝ վերջին տապանաքարը դնել մեր գլխին
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու վճռակամութեան մասին ՀՀ գործող իշխանութիւնների տարբեր ներկայացուցիչների յայտարարութիւններին, Բագրատ Սրբազանն ասել է, որ Հայաստանի իշխանութիւնները ոչ թէ խաղաղութեան պայմանագիր են ուզում կնքել, այլ՝ վերջին տապանաքարը դնել Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին:
«Ի՞նչ է խաղաղութեան պայմանագրի բովանդակութիւնը, որեւէ մէկդ տեղեա՞կ էք, գիտէ՞ք, ոչ մէկդ տեղեակ չէք: Այսինքն սրանք ոչ թէ խաղաղութեան պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել մեր գլխին, Հայաստանի վրայ եւ սա չիմանալն ու չզագլը մեղք է մեզ համար: Ամէն ինչ պէտք է ներդնենք, որ այս մարդիկ ժամ առաջ հեռանան եւ այդ օրը մօտ է, ժողովուրդ, մօտեցրել էք դուք այդ օրերը: Մենք ուղղակիօրէն հասել ենք այս հանգրւանին, իրաւունք չունենք մեր ձեռքից բաց թողնելու ազատագրման այս վերջին արարը, վերջին ակտը»,- ասել է նա: