Վարդան Օսկանեան. «Տարածքներ են յանձնելու, մօտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակւել Հայաստանում»
«ԱԼԻՔ» – Այս իշխանութիւնների օրօք մենք կորցրեցինք Ղարաբաղը որպէս պետութիւն, որպէս տարածք, որպէս հայրենիքի մաս, այսօր Արցախ գոյութիւն չունի, այս իշխանութիւնները Արցախը սկուտեղի վրայ յանձնել են Ադրբեջանին: Այս մասին ֆէյսբուքեան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը՝ յաւելելով, որ նոյնիսկ Ադրբեջանը իր ամենալաւ երազում չէր կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կը ստեղծւի:
«Այս իշխանութիւններին յաջողւեց դա անել, նրանք Արցախը դատարկ յանձնեցի թշնամիներին: Այսօր Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք եւ դրա դէմ ոչինչ չի արւում: 4000 զոհ են տւել, երիտասարդները զոհւել են այս իշխանութիւնների վարած սխալ քաղաքականութեան արդիւնքում, 10 հազար երիտասարդ հաշմանդամներ կան: Եւ սա դեռ ամէնը չէ, սկսւեց Կիրանցից, մենք շարունակելու ենք տարածքներ տալ, միգուցէ միջանցք էլ տան, միգուցէ 200-300 հազար ադրբեջանցի գան, օրէցօր փոքրացող Հայաստանի տարածքում ապրեն, երբեք չզարմանաք, որ տեսնէք՝ մօտ ապագայում այս ամէնը իրականութիւն դառնայ»,-ասել է նա:
Օսկանեանը նշել է, որ ի լրումն այս ամէնի, որպէսզի կարողանան այս ամէնը կայուն եւ ընկալելի դարձնել փորձում են փոխել այս ժողովրդի էութիւնն ու ինքնութիւնը:
«Այսօր մեր պայքարը հէնց սրա դէմ է: Այս իշխանութիւնների համար հայ նշանակում է մի պիտակ, որ չունի բովանդակութիւն, Հայաստանը մի աշխարհագրական տարածք է, որտեղ կարող են ապրել: Այս իշխանութիւնների համար ընդհանրապէս հայրենքի գոյութիւն չունի, աւելին՝ սրանց համար գոյութիւն չունի նաեւ Աստւած»,- ասել է նա:
Վարդան Օսկանեանը նշել է, որ ինքը համամիտ է Բագրատ Սրբազանի հետ, որ այս շարժմանը մասնակցելով մենք մեր պատմութեան ընթացքն ենք բեկում: