Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մէջ է»

«ԱԼԻՔ» – «Մենք ՔՊ-ականներին ասում ենք՝ Քիվեսթի փաստաթուղթը հրապարակէք, եթէ տենց կինոյի տղայ էք, ասում են՝ չկայ, կորած է, մի թուղթը մի տեղից ենք անում, մի թուղթը՝ ուրիշ տեղից: Բա որ չէք տեսել Քիվեսթի փաստաթուղթը, ինչի՞ց ենթադրեցիք, որ այնտեղ Մեղրիի փոխանակման հարց կայ»։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով պնդումներին, որ Ռոբերտ Քոչարեանը իր ասուլիսում, ըստ էութեան, հաստատեց, որ այո, Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու շուրջ բանակցել է:

«Նիկոլ Փաշինեանը 2001 թւականին մի յօդւած է տպագրում, որտեղ ասում է՝ դէ տւէք այդ միջանցքը, հայի չուզողութի՞ւն էք անում, որ չէք տալիս։ Ինքը չի խօսում տարածքային փոխանակման մասին, որովհետեւ գիտէր, որ այդտեղ խօսքը ԼՂԻՄ-ի սահմաններում գումարած ինչ-որ լայնութեամբ միջանցք, անցնում է Հայաստանի ամբողջական ինքնիշխանութեան տակ, փոխարէնը Հայաստանը Ադրբեջանին տրամադրում է նախիջեւանեան ինքնիշխան անցում։ Դէ հրապարակէք։

Բանակցութիւնները սկիզբ ունեն եւ վերջ ունեն։ Եւ վերջիվերջոյ, եթէ աշխարհի երեք հզօրագոյն պետութիւնները՝ Միացեալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ֆրանսիան օրակարգ խնդիր են բերում, դու չես կարող կամակոր երեխայի նման ոտքդ գետնին խփել, ասել՝ չեմ քննարկում ու վերջ։ Ինքը դա արեց 2019 թւականին, երբ իրեն ապրիլի 15-ին Մոսկւայում ներկայացրեցին կարգաւորման առաջարկ, յետոյ դա վերախմբագրւած տարբերակը ներկայացրեցին 2019 թւականի յունիսի 20-ին Վաշինգտոնում: Իրենք դա չընդունեցին ինչ-ինչ պատճառներով, բանակցութիւնները կտրւեցին:

Թող հրապարակի 2001-ի ապրիլի 4-ի Քիվեստի փաստաթուղթը, թող հրապարակի ամբողջական Կրակովի փաստաթուղթը, որը ինքը ժառանգել է 2018 թւականի յունւարին, թող հրապարակի 2019 թւականի ապրիլի 15-ի եւ յունիսի 20-ի փաստաթղթերը։ Եւ սա հնարաւորութիւն կը տայ հասկանալ՝ բանակցութիւնները որ կէտից են սկսել եւ իր օրօք ուր են հասել»,- ընդգծել է Արթուր Խաչատրեանը:

Անդրադառնալով Քոչարեանի պնդմանը, որ Մեղրիի թեման շրջանառելու պատճառն այն է, որ իշխանութիւնը՝ հնարաւոր է այդ ճանապարհի հետ կապւած զիջումների գնայ, ու փորձում է մեղքը բարդել իր վրայ, ընդդիմադիր պատգամաւորն ասել է. «Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մէջ է: Միջանցքի ունիվերսալ սահմանում չկայ, եւ դրա համար Փաշինեանը Ադրբեջանին տալու է այդ ճանապարհով երթեւեկելու «արտօնեալ» ռեժիմ՝ ասելով, դա մեր ճանապարհն է, տեսէք հայկական դրօշներ են շարած ճանապարհի երկայնքով, ուրեմն դա մերն է: Ալիեւն էլ ասելու է՝ անխոչնդոտ մտնում, դուրս ենք գալիս, ուրեմն դա միջանցք է։ Այսինքն այս երկուսը յանցաւոր համաձայնութեան են գալիս, որպէսզի կարողանան սեփական ժողովրդների մօտ յաղթանակած երեւան։ Սա ուղղակի լեզւի ֆիզկուլտուրնիկութիւն է:

Փաշինեանը դեռ 2021-ին, թէ 2022-ին ասում էր՝ 47 կմ է, հօ ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չե՞նք ստուգել։ Այսինքն, այդ ճանապարհի վրայ գործելու է այլ իրաւական ռեժիմ, քան դիցուք Երեւան-Գիւմրի M1 միջպետական ճանապարհի վրայ։ Դա հէնց միջանցքն է»:

Քոչարեանի հարցազրոյցը աւելի մեծ հանրային ռեզոնանս առաջացրեց, քան Փաշինեանի հարցազրոյցները միասին վերցրած

Արթուր Խաչատրեանն անդրադարձել է նաեւ նախօրէին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի մամլոյ ասուլիսին՝ նշելով, որ այն աւելի մեծ հանրային ռեզոնանս առաջացրեց, քան Փաշինեանի հարցազրոյցները միասին վերցրած:

«Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցը շատ աւելի մեծ հանրային ռեզոնանս առաջացրեց, քան Նիկոլ Փաշինեանի հարցազրոյցները միասին վերցրած, եւ դա ՔՊ-ականների ախորժակով չէր:

Նրանք պէտք է ամէն ինչ անէին, վարկաբեկէին, փորձէին ուշադրութիւնը ոչ թէ Քոչարեանի հարցազրոյցի վրայ սեւեռել, այլ իրենց խառնափնթոր մեկնաբանութիւնների։ Հիմա պարզ է, որ իրենք փորձում են այն տպաւորութիւնը ստեղծել, որ իրենք արեւմտամէտ են, գնում են դէպի ժողովրդավարութիւն, մնացած բոլորը ռուսների գործակալներն են։ Բայց յիշեցնեմ, որ երբեք Հայաստանի տնտեսական կախւածութիւնը Ռուսաստանից այսքան էական չի եղել, ինչպէս իրենք իրենց օրօք։ Իսկ Արեւմուտքի բոլոր իրաւապայմանագրային յարաբերութիւնները կնքւել են դեռեւս նախորդ երեք իշխանութիւնների օրօք:

Սրանով իհարկէ իրենք փորձում են ոչ միայն ուրիշներին մեղադրել, այլ նաեւ ցոյց տան, թէ իրենք անմեղ են, թէ ինչ կարող էին անէին, եթէ ռուսները ոչ մի բան չարեցին։ Ինչի՞ չարեցին իրենց օրօք, իսկ անում էին այլ ժամանակներում, դա իհարկէ շատ աւելի լուրջ վերլուծութեան խնդիր է։ Թէ ինչո՞ւ էր, օրինակ, Ադրբեջանը միշտ բողոքում է, որ Ռուսաստանը Հայաստանին այդքան զէնք է ձրի տալիս, իսկ իրենց օրօք յանկարծ պարզւեց, որ միայն հնդիկներն են մի քանի հրթիռ տալիս»,- եզրափակել է Խաչատրեանը:

Related Articles

Back to top button