Իրանի 14-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների ընտրապայքարի շրջագծում, նախագահական թեկնածուներ՝ Ալիռեզա Զաքանիի եւ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի շտաբների ցանկութեամբ՝ երկուշաբթի, յունիսի 24-ին ազգային առաջնորդարանի դահլիճում, ներկայութեամբ շտաբների ներկայացուցիչների առանձին հանդիպումներ կայացան ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ:
Հանդիպման սկզբում, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ողջունելով հիւրերին յայտնեց, որ ազգային իշխանութեան կողմից մշակւած քաղաքականութեան համաձայն, դիմած բոլոր թեկնածուների շտաբներին առիթ է տրւում ներկայացնելու իրենց պատկան թեկնածուի տեսակէտներն ու ծրագրերը: Նա համապարփակ գծերով ներկայացրեց իրանահայ եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի ազգային, կրօնական եւ համայնքային կառոյցի եւ վարչական տնօրինման մասին եւ բացատրութիւն տալով, կարեւորեց այն հանգամանքը, որ համայնքի անդամները իրենց բարձր գիտակցութեամբ խորհուրդներում եւ մարմիններում աշխատանքները իրականացնում են սիրողական մակարդակով: Նա նաեւ անդրադարձաւ միութիւնների յարկերի տակ իրականացւող մարզա-մշակութային աշխատանքներին:
Ընթացքում ընդհանուր անդրադարձ կատարւեց կրօնական փոքրամասնութիւններին առնչւող եւ հիմնականում համայնքիս յուզող հարցերին եւ առաջարկութիւններին:
Շտաբների ներկայացուցիչները նախ ներկայացրեցին իրենց թեկնածուի ընտրական ծրագրերը եւ կարեւորելով ընտրութիւններին ժողովրդի մասնակցութիւնը, այն բնութագրեցին, որպէս ժողովրդի միջամուխ լինելը երկրի ներքաղաքական կեանքին:
Երկու հանդիպումների ընթացքում կարեւորութեամբ անդրադարձ կատարւեց հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամութեան ու գործակցութեան խոր արմատներին եւ նշւեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան մէջ դարեր ի վեր հաստատւած հայ համայնքը անբաժան մասն է կազմում Իրանի մեծ ընտանիքի, հետեւաբար Թեհրանի հայ համայնքը, որպէս լիիրաւ եւ հաւատարիմ քաղաքացիներ իրենց համար նւիրական պարտականութիւն են նկատում մասնակցութիւն բերելու ընտրութիւններին:
Հանդիպումների աւարտին Նորայր Արամեանը յայտնեց որ համոզւած է, որ ինչպէս միշտ, թեհրանահայ համայնքը խուռներամ շարքերով կը մասնակցի նախագահական ընտրութիւններին եւ մեր ժողովրդի մասնակցութիւնը դրական կը գնահատւի եւ կարտացոլւի տարբեր շրջանակներում:
Վերոնշեալ հանդիպումներին ներկայ էին Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ խորհրդի ներկայացուցիչները եւ ազգային առաջնորդարանի դիւանապետը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ