«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ընտրական շտաբներն իրենց գործունէութիւնը սկսում են ընտրութիւններից մի քանի ամիս առաջ՝ հրաւիրելով փորձագէտների որոշելու համար կենտրոնական շտաբի եւ տեղական շտաբների վայրը: Նրանց միջոցով է նախագծւում ու ձեւակերպւում քարոզարշաւի ռազմավարութիւնը:
«Ֆարդա ռեսանէ» ուսումնասիրութիւնների կենտրոնն իր հրապարակած վերլուծութեան մէջ փորձել է համեմատական կարգով, ներկայացնել թեկնածուներից իւրաքանչիւրի վիրտուալ հարթակներում քարոզարշաւային մեթոդներն ու հնարաքները:
Փեզեշքեանի կարճ տեքստերով յայտարարութիւնները
Ինչպէս միւս թեկնածուների դէպքում, Փեզեշքեանը եւս իրեն համարում է ժողովրդի պահանջով առաջադրւած ու նրա սրտից բխած թեկնածու: Այս մասին ընդգծւած նշումներ կան իր նախընտրական վաւերագրական «Մայրական տուն» ֆիլմում եւս: Նրա քարոզարշաւային ռազմավարութիւնը կարճ տեքստերի եւ յստակ խոստումների օգտագործումն է։ Նոյնը կարելի է նկատել նաեւ տարբեր շրջաններ կատարած այցերի ընթացքում հասարակութեան հետ շփումներում:
Փուր Մոհամմադին նկատելիօրէն չերեւացողն է քաղաքում
Մոստաֆա Փուր Մոհամմադին իր հնարաւոր ապագայ կառավարութիւնն անւանել է «Պայման»: Այս ընթացքում նրա փոխանցած հաղորդագրութիւնները ու քարոզարշաւում ուշագրաւ քաղաքական հոսանքներին նրա չպատկանելն է, որն էլ ընդգծւած նշել է ինքը Փուր Մոհամմադին: Բաններ ու պաստառներ օգտագործելու հարցում նա եւս նման չէ իր մրցակիցներին: Նա ընդգծւած բարձրաձայնում է արւեստի գործիչներին աջակցելու իր ծրագրերի մասին
Ջալիլին երկար տեքստերով
Սաիդ Ջալիլիի հիմնական ռազմավարութիւնը ժողովրդական հանդիպումներն ու անմիջական շփումներն են: Ջալիլիի քարոզարշաւում նկատելի են երկար տեքստերի եւ նոյն շնչով տեսանիւթերի օգտագործումը: Ջալիլի շտաբը փորձում է նաեւ դիպուկ հնչեղութեամբ տարբեր կարգախօսներ արտադրել, այդ թւում՝ «Շահիդ ջոմհուր-Սաիդ ջոմհուր»: Ջալիլիի շտաբը նաեւ անցել է հեշթէգների գրոհ տարածելով «Ահդէ Սաիդ» (երջանկութեան խոստումը) հեշթեգը։
Զաքանին հետաքրքւած է կինօարւեստով
Զաքանիի նախընտրական շտաբում, կիբերտարածութիւնում բաննեներ ու գովազդային պաստառներ չեն օգտագործւում։ Զաքանիի շտաբն աւելի շատ տեսանիւթեր է օգտագործում, եւ յատկապէս քննադատում Ռոհանիին աջակցող թեւին: Իրանական ընտանիքներին էներգիայի սպառման չափով ոսկու սուբսիդաւորման խոստումը եւս գտնւում է վիրտուալի առանցքում:
Ղազիզադէ Հաշեմին՝ աւելի քիչ յայտարարագրերով
Ղազիզադէ Հաշեմիի նախընտրական քարոզարշաւը նկատելիօրէն աւելի թոյլ է, քան միւս թեկնածուների դէպքում: Նա ամէն անգամ կրկնում է նոյնը՝ իր նախընտրական շտաբը իրանական ընտանիքներն են:
Ղալիբաֆի քարոզարշաւի առանցքում նրա քաղաքական ցենզն է
Ղալիբաֆն ունի ամենաակտիւ եւ, հաւանաբար, ամենաթանկ նախընտրական թիմը: Սելեբրիտիներին իր շուրջը հաւաքելը եւս նրա շտաբի ռազմավարութիւններից է: Ի պատասխան իր ընտանիքի ապրելակերպի մասին խօսակցութիւնների՝ Ղալիբաֆը մատնանշում է իր՝ յեղափոխականի պարզ կեանքը, ընտանեկան ծագումն ու մայրական տունը։
Նա երեւում է զինւորականներին յատուկ հագուկապով, երբ պատկերն ուղղւած է համապատասխան խաւին, իսկ պաշտօնական զգեստով ու կոստիւումով՝ տեխնոկրատ լսարաններում: