Վահէ Սարգսեան. «Փաշինեանի ամէն քայլն ու օրը սրընթաց մօտեցնում են նոր ու աւելի կործանարար պատերազմին»
«ԱԼԻՔ» – Yerkir.am-ի՝ գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին Նիկոլ Փաշինեանի նախագահութեամբ տեղի ունեցած ՔՊ քաղաքական նիստին.
«Մամուլում գրւեց, որ անցեալ շաբաթ օրը տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովին Փաշինեանը որեւէ յստակեցում չի արել՝ ի վերջոյ ի՞նչ է սպասւում սահմանազատման արդիւնքում, ու՞ր է գնում Հայաստանը:
Աւելին՝ այլեւս անթաքոյց յայտարարել է՝ որեւէ երաշխիք չկայ, որ սահմանազատումից կամ միւս պահանջների կատարումից հետոյ Ադրբեջանը վերջնական խաղաղութեան կը գնայ ու այլեւս սադրանքների չի դիմի:
Սա արդէն որերորդ անգամն է, որ Նիկոլ Փաշինեանն ուղիղ ասում է՝ ինքը չգիտի այն սահմանագիծն ու ժամը, թէ որտեղ եւ երբ կաւարտւեն Ադրբեջանի պահանջները:
Աւելին, Ալիեւն ապրիլին տւած իր հարցազրոյցում նոյնքան ուղիղ ասել է՝ սահամագծման ու ՀՀ-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման (իմա՝ խաղաղութեան) գործընթացներն ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ՏԱՐԱՆՋԱՏՒԱԾ ԵՆ: Եւ որ սահամանգծումը դա երկարատեւ ու ԱՌԱՆՁԻՆ մի գործընթաց է, որը ԲՈԼՈՐՈՎԻՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ Ադրբեջանի պահանջներով ձեւաւորւող խաղաղութեան օրակարգի հետ:
Հետեւաբար, Փաշինեանի այն յայտարարութիւնը, թէ մենք սահմանագծմամբ ստանում ենք անվտանգութեան ռիսկերի նւազում, ՈՒՂՂԱԿԻ ԽԱԲԷՈՒԹԻՒՆ Է եւ հայ ժողովրդին հերթական անգամ ծուղակի մէջ պահելու գաւառական ճարպկութիւն:
Իրականում՝ Փաշինեանական «սահմանազատում-սահմանագծումը» ՈՉ ԹԷ ՆՒԱԶԵՑՆՈՒՄ, ԱՅԼ ՇԵՇՏԱԿԻ ԱՒԵԼԱՑՆՈՒՄ Է անվտագութեան ռիկսերը: Քանզի ՀՀ-ին ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄԻՑ ԱՌԱՆՁՆԱԲԱՐ ներկայացւող ադրբեջանական պահանջները (աւելի ճիշտ՝ սպառնալիքները) գնալով մեծանում են, իսկ «սահմանագծումով» աւելի հարմար դիրքաւորւող ու առանց կրակոցի երկրի խորքը ներթափանցող թշնամին դրանով ստանում է սեփական կործանարար պահանջները շանտաժով ու սպառնալիքներով պարտադրելու անգնահատելի հնարաւորութիւն:
Փաշինեանի ամէն քայլն ու օրը սրընթաց մօտեցնում են նոր ու աւելի կործանարար պատերազմին: Իսկ խաղաղութիւնը լինելու է կա՛մ ՀՀ մասնատմամբ ու հայ ժողովրդի ստրկացմամբ, կա՛մ Արցախի վերաազատագրմամբ ու նոր անվտանգութեան համակարգի ստեղծմամբ»,- գրել է նա: