Վահրամ Բալայեան. «Իրավիճակը բարդ է. պէտք է փորձել ինչ-որ ձեւով Ադրբեջանի վրայ ճնշումներ գործադրել՝ գերիների հետ կապը պահպանելու համար»

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանութիւնների պահանջով Բաքւում փակւեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի գրասենեակը, որի ներկայացուցիչները միակն էին, որ կարող էին այցելել Բաքւի բանտերում պահւող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց եւ Հայաստանում գտնւող հարազատների միջեւ կապը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի հայաստանեան գրասենեակի հաղորդակցութեան ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին օրերս 168.am-ի հետ զրոյցում ասել էր, որ կազմակերպութեան կենտրոնակայանի միջոցով փորձեր շարունակաբար կանեն՝ Ժնեւի գրասենեակի եւ Ադրբեջանի իշխանութիւնների միջեւ երկխօսութիւնը պահպանելու ուղղութեամբ, որպէսզի կարողանան ընձեռել հնարաւորութիւն որեւէ այլ ձեւաչափով շարունակելու աշխատանքը։ Սակայն այս պահին որեւէ յստակութիւն չկայ. փաստն արձանագրել են, որ կազմակերպութիւնը դուրս է եկել Ադրբեջանից, ներկայութիւն չունի։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի խօսքով՝ Բաքւում ապօրինի պահւող հայ գերիների ու պատանդների ու հարազատների միջեւ կապ չկայ, գործընթացը դժւար էր եւ աւելի է դժւարացել Կարմիր Խաչի գրասենեակի փակումից յետոյ։
«Իրավիճակը բարդ է, կարծում եմ՝ պէտք է շարունակել միջազգային կառոյցների հետ ակտիւ աշխատել եւ փորձել ինչ-որ ձեւով Ադրբեջանի վրայ ճնշումներ գործադրել, որպէսզի կարողանանք գերիների, պատանդների հետ կապը պահպանել, նրանց կարողանանք համապատասխան իրաւական օժանդակութիւն ցուցաբերել։
Ինչ վերաբերում է այս գործընթացում ՀՀ իշխանութիւնների անելիքներին, ապա սեպտեմբերի 2-ին Արցախի ԱԺ յայտարարութեամբ էլ նշել էինք, որ Հայաստանի իշխանութիւնները պէտք է պարտադիր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում այս հարցն առաջնային դարձնեն քննարկման առարկայ»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Վահրամ Բալայեանը։
Նա շեշտել է՝ Արցախի ԱԺ-ն որոշակի աշխատանքներ տանում է, սակայն Հայաստանի Հանրապետութիւնն է միջազգայնօրէն ճանաչւած երկիր, բնականաբար ՀՀ-ի խօսքն այլ կարող է լինել։
«Սպասումներ չկան, բայց իշխանութիւնն այս հարցում պէտք է ակտիւութիւն ցուցաբերի, թէպէտ գիտենք, որ «խաղաղութեան պայմանագրում» գերիների հարցին որեւէ անդրադարձ չկայ։ Դրա համար մենք փորձում ենք գոնէ մեր ռեսուրսներն օգտագործենք՝ խնդրի բարձրաձայնման համար, հիմնականում Հայ Դատի գրասենեակի, Արցախի ԱԺ յանձնաժողովի միջոցով։ Ամէն միջոց մենք փորձում ենք, մեր ուժերով ամէն ինչ անում ենք որոշակի արդիւնք ունենալու համար»,- ընդգծել է Վահրամ Բալայեանը։
Յիշեցնենք՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դէմ սկսած պատերազմից յետոյ խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարութեանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին եւ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դաւիթ Մանուկեանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը յայտարարութիւն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։
Այս պահին Բաքւում գերութեան մէջ են նաեւ Արցախի Հանրապետութեան նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Արայիկ Յարութիւնեանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր յօդւածներով մեղադրանքներ են առաջադրւել, կալանքի ժամկէտները մի քանի անգամ արդէն երկարաձգւել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։