Բագրատ Սրբազան. «Վտանգը կախւած է թէ՛ Ջերմուկ քաղաքի, թէ՛ պետութեան գլխին»
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 29-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հեթական հանդիպումն է անցկացրել Սրբազան շարժման համակիրների հետ:
Հանդիպման ընթացքում Սրբազանն անդրադարձել է նախօրէինի Վայոց Ձորի մարզ կատարած այցին, յատկապէս Ջերմուկ քաղաքից ստացած տպաւորութեանը:
«Այն Ջերմուկը, որ ես տեսել էի տարիներ առաջ, շէնքերի պատկերներով բարելաււած է, բայց՝ մարդկային այցելութիւնների տեսքով գրեթէ չկայ։
Յամենայն դէպս, չկար այն պատկերը, որին մենք սովոր ենք տեսնելու։ Այնտեղ տաղաւարներ կային, առեւտուր անողներ կային, հարցրեցի՝ ինչպէ՞ս է իրենց առեւտուրը ընթանում, բոլորն էլ ուղակիօրէն ասում էին, որ գրեթէ առեւտուր տեղի չի ունենում, որովհետեւ մարդկային հոսքը պակասել է: Հասկանալի է, չէ՞, ինչու է դա տեղի ունենում: Որովհետեւ վտանգը կախւած է թէ՛ քաղաքի, թէ՛ պետութեան գլխին»,- ասել է Սրբազանը:
Մեր երկրում ժողովուրդը միտւած է փոփոխութիւնների
Սրբազան առաջնորդը նշել է, որ Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շէն, մի խանութ, որ չհրաւիրէին ներս կամ իրենք դուրս չգային հանդիպելու իր եւ շարժման ակտիւիստների հետ. «Մեր երկրում ժողովուրդը միտւած է փոփոխութիւնների։ Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու յայտնում իրենց աջակցութիւնը, զօրակցութիւնը։ Նոյնիսկ ներողութիւն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկայ գտնւել»,- ասել է նա:
Երկրի բոլոր տարածքները կրակի մէջ են
Անդրադռանլով երկրի ընդհանուր վիճակին, Բագրատ Սրբազանը նշել է, որ բոլոր տարածքները կրակների մէջ են, եւ ՀՀ գործող իշխանութիւններն այս իրավիճակի անունը խաղաղութիւն են դրել. «Անընդհատ յանձնելու ճանապարհով խաղաղութիւնը ո՞րն է»,- հռետորական հարց է բարձրացրել նա՝ յաւելելով. «Այս մարդկանց (Փաշինեանը եւ նրա թիմը-ԽՄԲ.) այցելութիւնը ցանկացած տեղ աղէտ է բերում։ Անցեալ օրը Գիւմրիում մեծ հաւաք էին կազմակերպել, յաջորդ օրը Գիւմրու «Վառեմ-մարեմ» շէնքը փլւեց»: