Նոր անցեալ, որի ապագայում ՀՀ քաղաքացիները կը դառնան հպատակներ
Նոր Սահմանադրութիւն ընդունելով՝ Նիկոլ Փաշինեանը միայն Սահմանադրութիւնը չէ, որ ցանկանում է փոխել։ Նա յայտարարել է, որ առաջնորդւում է «նոր Սահմանադրութիւն, նոր պետութիւն» կոնցեպտով։
Եւ, ամենակարեւորը, նա նաեւ խոստովանել է, որ որեւէ երաշխիք չկայ, թէ այդ ճանապարհը կարող է յաջողութեան հասնել, կը ստացւի՝ լաւ, չի ստացւի, ինչպէս ինքն է ասում՝ մի գեղեցիկ խաչքար կը դնեն պետութեան շիրմաքարին։
Բայց մինչ այդ, Սահմանադրութիւնը ոչ թէ սոսկ իրաւական, այլ՝ առաջին հերթին՝ արժէքային, արժեբանական հարթութիւնում փոխելով, Նիկոլ Փաշինեանը ցանկանում է կերտել ոչ միայն նոր պետութիւն, այլ՝ որքան էլ զարմանալի է հնչում՝ նոր անցեալ։ Նա համարում է, որ Հայաստանի այսօրւայ բոլոր ողբերգութիւնների պատճառը հեռաւոր ու վաղ անցեալն է, հետեւաբար՝ նոր Սահմանադրութիւնը փոխելուն զուգահեռ՝ նաեւ նոր պատմութիւն է գրում, որն իր պատւէրի համաձայն՝ պէտք է զերծ լինի բոլոր այն խութերից, որոնցով մեր շրջապատը Հայաստանի նկատմամբ ագրեսիւ է տրամադրւած։
Նիկոլ Փաշինեանը, որ Հայաստանի նշաձողի իջեցմանը հակադարձ համեմատական կարգով բարձրացրել է սեփական ինքնագնահատականը, իրեն տեղաւորում է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ, նաեւ, միւս ժամանակային կատեգորիաների՝ անցեալի ու ապագայի մէջ։ Հէնց այդ տրամաբանութեամբ է նա փորձում վերաշարադրել պատմութիւնը, այսինքն՝ մոգոնել նոր անցեալ՝ դառնալով ապագայի՝ նոր պետութեան սկզբնաւորողը։
168.am