Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հասարակական առողջացման պրոցեսը. Նոր իրականութիւն

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Ինչ էք կարծում, եթէ Նիկոլը յայտարարի, որ պատարագները պէտք է սկսւեն Հայաստանի եւ Ադրբեջանի օրհներգերով, իր շքախմբից որեւէ մէկը կառարկի՞։ Կասի՞ որեւէ մէկը իշխանութեան միջից՝ ես այլեւս չեմ հանդուրժում սա, ու հրաժարական կը տա՞յ, երկրի նախագահը կառարկի՞։ Cheerleader խաղացող մտաւորականներից որեւէ մէկը կամաչի՞, «ոչ» կասի՞։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:

«Իսկ հասարակութիւնը հարիւր հազարներով դուրս կը գա՞յ փողոց։ Այս պահին՝ գուցէ ոչ։

Միւս կողմից

Ակնյայտ է, որ այս ամէնը մի օր լինելու է։ Ակնյայտ է, որ Հայաստանում ձեւաւորւել է քաղաքացիական անհամաձայնութեան նոր մթնոլորտ, եւ ինտենսիւօրէն ձեւաւորւում է քաղաքացիական պոռթկում։ Մարդիկ չեն համակերպւելու այս վիճակին։ Ամէն ինչ գնում է դրան։ Սա պարզ երեւում է։

Մի կողմից մարդկանց անկեղծ եւ ազդեցիկ աջակցութիւնը Մայր Աթոռին ու Վեհափառին, եւ միւս կողմից «տիրադավերի կուչկան»՝ ուժայինների ուղեկցութեամբ, ամենավառ ապացոյցն են Հայաստանում ստեղծւող իրականութեան. Հայաստանում զարգանում է քաղաքացիական նոր պրոցես։

Քաղաքական ուժերի խնդիրն է.

1. Անխոհեմ քայլերով ու ասելիքով չվտանգել առողջ հասարակական պրոցեսը

2. Տալ ճիշտ քաղաքական բանաձեւեր

Հանրային գործիչների խնդիրն է՝ լայն հասարակութեան համար ձեւաւորել ընթացիկ հարցադրումներ եւ ստեղծել գործելու, ինքնաարտայայտւելու դաշտ։

 

Բոյկոտի անառարկելի իրաւունքը

Օրինակ. հասարակութիւնը իրաւունք ունի եւ պէտք է իմանայ, թէ ո´ր բենզալցակայաններում է վաճառւելու ադրբեջանական բենզինը։ Վստահաբար, լինելու են հարիւր հազարաւոր քաղաքացիներ, որոնք բարոյական խնդիր են տեսնելու այստեղ եւ չեն ուզելու հարստացնել այն երկրի բիւջէն, որը զէնք է առնում՝ մեզ վրայ կրակելու համար։ Այն երկրից, որի զօրքը Ջերմուկի գլխին է։ Մեր հարիւր հազարաւոր քաղաքացիներ չեն ուզենալու գնել այն երկրի ապրանքը, որը գերեվարում ու ցմահ ազատազրկման է դատապարտում մեր արժանապատիւ հայրենակիցներին։ Ի վերջոյ, դա այն երկիրն է, որն այս պահին ֆիզիկապէս ոչնչացնում է հազարամեայ Արցախը։ Մարդն անասունից տարբերւում է ոչ նիւթական արժէքներով, յիշողութեամբ, արժանապատւութեամբ։ Սա խաղաղութեան հաստատման հետ որեւէ կապ չունի, սա արժանապատւութեան հարց է։ Ադրբեջանական բենզինի մերժումը քաղաքացիական կեցւածք է։ Քաղաքակիրթ աշխարհը, Եւրոպան ունեն բազմաթիւ նման օրինակներ, երբ այս կամ երկրի հասարակութիւնները մերժում էին որեւէ երկրի ապրանքները՝ բարոյական-էթիկական նորմերից դրդւած։

 

Գլխաւոր խնդիրը

Թափ առնող պահանջատէր հասարակութիւնը շատ բնական ճանապարհով ձեւակերպելու է հիմնական խնդիրը. պէտք է կանգնեցնել մէկ հոգու կառավարումը։ Մէկ հոգին չի կարող եօթը տարի երկրում ներքին լարւածութիւն ու թշնամանք քարոզել, մէկ հոգին չի կարող ամէն օր լարւածութիւն բերել։ Միայն երէկ հասցրել է 3 վտանգաւոր միտք ձեւակերպել, որից իւրաքանչիւրը կարող է նոր աղէտ բերել երկրին։ Եօթ տարի շարունակ՝ մեր երկիրը վնասւում եւ աւերւում է նրա արտաբերած վտանգաւոր մտքերի եւ արած վտանգաւոր քայլերի պատճառով։

Հանրային դիմադրութեան պրոցեսն առողջ ճանապարհով խմորւում է եւ, ի վերջոյ, բերելու է պատմական ձեւակերպմանը. «Պահակն է հոգնել»։

Երէկւայ սոցիոլոգիան ամէն ինչ ասում է. հանէք ուժայիններին, հանէք բերովի, ցուցադրական աղմկոտներին, տակը մնում է «հոգեւոր գաուլայթերների» խումբը, եւ ոչ մի այլ բան։ Իսկ նրանց դիմաց հասարակութիւնն է։ Որոշ ժամանակ յետոյ այս սոցիոլոգիական պատկերը Մայր Աթոռի բակից տարածւելու է ամբողջ երկրի մասշտաբով։

Մնում է՝ քաղաքական ուժերն անխոհեմ քայլերով ու սխալներով չվտանգեն առողջ ու յաղթող պրոցեսը:

Related Articles

Back to top button