Արմէն Ռուսատմեանը՝ իշխանական պատգամաւորներին. «Դուք ստի ու կեղծիքի փառաբանմամբ էք զբաղւած»
«ԱԼԻՔ» – Շատ վարպետօրէն ուզում էք խուսափել այն հարցից, որն այս ուղերձի մէջ արձանագրւած է. յունիսի 11-ին, ՀՀ ԱԺ-ում, դիմելով իշխանական պատգամաւորներին, ասել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան անդամ Արմէն Ռուստամեանը։
«Խօսքը շատ լուրջ հարցի մասին է, որից դուք չէք կարող խուսափել, իրականութիւնը շատ ճչացող է եւ ակնյայտ: գոյութիւն ունի մի ծրագիր, որը դուք էք հաստատել եւ դուք ձեւաւորել էք մի կառավարութիւն, որը այդ ծրագրի հետ որեւէ կապ արդէն կորցրել է: Այս խղումը նոնսենս է, որը դուք պէտք է լուծէք:
Այդ լուծման տարբերակ մենք ենք առաջարկել, ասում ենք, որ այս ձեւով, երբ ծրագիրն ու կառավարութիւնը իրար չեն համապատասխանում, դա պէտք է բերի նոր կառավարութեան ձեւաւորման՝ նոր ծրագրի ԱԺ բերելով:
Այդ խզումները շատ լուրջ են ու պէտք է վերացւեն՝ կամ այս կառավարութիւնը փոխում է ծրագիրը, նոր ծրագիր է ընդունւում ԱԺ կողմից, դա խորհրդարանական համակարգին բնորոշ գծերից մէկն է, կամ այդ կառավարութիւնը հրաժարական է տալիս։ Այլ ձեւ գոյութիւն չունի»,- յայտարարել է Ռուստամեանը:
Նա նշել է, որ ստեղծւած իրավիճակը որեւէ ուժի համար տանելի չէ, համախմբում է անհրաժեշտ, ինչն առաջարկում են իրենք։
«Դուք մերժում էք դա։ Ի՞նչ էք դուք ասում. ըստ էութեան, ասում էք՝ մենք մեծամասնութիւն ենք, մանդատ են տւել, ինչ ուզենք, այն էլ կանենք, մենք մի բան ասել ենք, կարող ենք ուրիշ բան անել։ Սա կոչւում է պարզապէս ստի փառաբանում։ Դուք ստի ու կեղծիքի փառաբանմամբ էք զբաղւած ու դա դարձրել էք պետական քաղաքականութեան հիմք։
Ձեզ հռչակել էք ժողովրդավարութեան բաստիոն։ Առնւազն երկու նախագիծ է եղել, որ հազարաւոր մարդիկ ուզում էին այդ հարցը քննարկւի ԱԺ-ում, բայց մերժեցիք։ Բա ո՞ւր մնաց այն, որով իշխանութեան էք եկել՝ բոլորին սիրում էք, խոնարհւում էք բոլորի առաջ։ Սուտ է ուրեմն այդ ամէն ինչը։ Այլեւս չէ՞ք սիրում, սառե՞լ է ձեր սէրը, ի՞նչ է տեղի ունեցել։ Դուք ինքներդ ձեր մէջ այդ վերլուծութիւնը կատարէք։ Իսկ ի՞նչ է բացայայտւում, որ ամէն ինչից շատ, ամէն ինչի վեր սիրում էք դուք ձեր աթոռը։ Սա է իրականութիւնը ու սա արձանագրւելու է, չէք կարողանալու խուսափել»,- ասել է պատգամաւորը: