Բագրատ Սրբազան. «Շատ մեծ թւով պէտք է հաւաքւենք, որովհետեւ ասելիք եւ անելիք ունենք»
«ԱԼԻՔ» – Այո՛, վաղը չափազանց կարեւոր օր է, եթէ կուզէք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թւով պէտք է հաւաքւենք, որովհետեւ ասելիք եւ անելիք ունենք: Այս մասին Բաղրամեան պողոտայում, երէկ՝ յունիսի 11-ին յայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Այն մարդիկ, որոնց դուք վճարում էք, մերժել են ժողովրդի այն հատւածի պահանջը, որը համաձայն չէ այս իրականութեան հետ։ Եւ դա մեծ մասն է կազմում մեր ժողովրդի։ Այսօր որ անկիւնում կանգնես, դրա մասին են խօսում։ Առանցքը կազմում է այս իշխանութեան մերժումը: Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թւով պէտք է հաւաքւենք, որովհետեւ ասելիք եւ անելիք ունենք: Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պէտք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պէտք է հասկանան՝ աղէտ է բերում իրենց աշխատանքը, ինչպէս նաեւ մահ եւ դժբախտութիւն: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխութեան կարիք են տեսնում՝ ներկայ եղէք այստեղ՝ վերջնական ու վճռական խօսք ասելու այս մարդկանց»,-ասել է նա։
Բագրատ Սրբազանը նաեւ յայտարարել է. «Ինձ համար թէ՛ աթոռը, թէ՛ պաշտօնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակութիւնը մեր յաղթական արդիւնքն է։ Յորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպէս լինի, այլ ոչ թէ պաշտօնի ակնկալիքը։ Ակնկալիքը մէկն է՝ Հայրենիք ու Պատիւ»։
Բագրատ Սրբազանը նաեւ նշել է, որ յունիսի 12-ը մեր հերոսի՝ Մոնթէ Մելքոնեանի նահատակութեան օրն է, խորհրդանշական է նաեւ այդ օրը, քանի որ նահատակների մեկնումը հաւասար է նրանց ծնունդին։
«Նահատակութիւնը չի կարելի շփոթել մեռելութեան հետ։ Նահատակութեան փառքի պսակը քչերին է բաժին ընկած։ Շատերն ապրում են, քչերը ստանում այդ պսակը։ Ինչպէս Առաքեալն ասում է․ «Բարի պատերազմը պատերազմեցի, հիմա գնում եմ ստանալու Փառքի պսակը»։ Երանի մենք էլ, թէ՛ Աստծոյ առաջ, թէ՛ ժողովրդի օրհնանքով ունենանք Փառքի պսակը»,- ասել է Սրբազանը:
Յայտնաբերէք Սուրէն Պապիկեանին, հարցրէք՝ ում մօտ, ինչպէս է դա առաջարկել
Խօսելով իշխանական պատգամաւորների ելոյթների մասին, Սրբազանը յայտարարել է, որ իրար հերթ չտալով ելոյթ են ունենում, որ երեկոյեան հաճոյանան իշխանութեան ղեկավարների մօտ եւ պարգեւավճար ստանան:
«Իրենք թաքնւել են մեր տղաների թիկունքում, թաքնւել են ուղղակի, խեղճ, վախկոտ: Այո, ես տղամարդկութիւնից եմ խօսում ձեզ հետ, նայում եմ անօդ տարածութիւն է, նայում եմ ասում եմ՝ ես տղամարդկութիւնից եմ խօսում ձեզ հետ, նրանից, որ դուք չունեք, չկայ, զրօ:
Ուրեմն մոդելը հետեւեալն է՝ գալ այդ ամբիոնի մօտ առաջ ընկնելով իրար տրորելով, քափ-քրտինքի մէջ ինչ-որ բան ասեն, որ յետոյ գիշերը գնան խմեն, ասեն՝ «շէֆ, լաւ ասեցի չէ, էս պահը լաւն էր չէ, մի քիչ պարգեւավճարը բարձրացնենք, ոնց անենք»»,-ասել է նա:
Անդրադառնալով այն խօսակցութիւններին, թէ 2018 թւականին Բագրատ Սրգբազանին առաջարկել են դառնալ պատգամաւոր, նա ասել է. «Ուրեմն խնդրում եմ ձեզ, յայտնաբերէք Սուրէն Պապիկեանին, հարցրէք՝ ում մօտ, ինչպէս եւ ինչ պայմաններով է դա առաջարկել, եթէ ինքը չասի, ես կասեմ, բայց յայտնաբերէք եւ հարցրէք, որովհետեւ չկայ»: