Յովիկ Աւանէսով. «Այն ադրբեջանցիները, որոնց կը բերեն Հայաստան, խաղաղ բնակիչներ չեն լինելու, դրա անւան տակ տարբեր յանցագործ տարրերի են բերելու. սա պէտք է հասկանալ»
«ԱԼԻՔ» – Ադրբեջանը շարունակում է քանդել Արցախի Հանրապետութեան մշակութային յուշարձանները, արցախահայերի սեփականութիւն հանդիսացող շէնք-շինութիւնները, դրանց փոխարէն՝ կառուցել հիւրանոցներ, սրճարաններ՝ ադրբեջանական ոճով։ Չնայած Ադրբեջանի իշխանութիւնները ժամանակ առ ժամանակ կազմակերպում են Ադրբեջանում օտարերկրեայ դեսպանների այցեր օկուպացւած Արցախ, մասնաւորապէս՝ Շուշի, սակայն այդ դեսպաններից որեւէ մէկն այսքան ժամանակ չի բարձրաձայնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացւող վանդալիզմի մասին։
Արցախի Հանրապետութեան Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտութեան կենտրոնի ղեկավար, պատմաբան Յովիկ Աւանէսովի խօսքով՝ որպէսզի միջազգային հանրութիւնն ուշադրութիւն դարձնի Արցախում Ադրբեջանի կողմից կատարւող բարբարոսութեանը, անհրաժեշտ է, որպէսզի ՀՀ իշխանութիւնն այդ մասին խօսի բոլոր ատեաններում, ինչը չի անում։
«Եթէ մենք համեմատում ենք աշխարհի տարբեր գօտիներում տեղի ունեցող համանման գործողութիւնները, ապա մենք լիարժէքօրէն կարող ենք պնդել, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, աշխարհի խոշորագոյն մշակութային ցեղասպանութիւններից մէկն է։ Արցախում այս պահին մի շարք բնակավայրեր իրենց յարակից պատմամշակութային յուշարձաններով ամբողջովին ոչնչացւած են՝ հաւասարեցւել են հողին։
Ստեփանակերտում բազմաթիւ թաղամասեր կան, որոնք նոյնպէս ամբողջովին ոչնչացւած են, մինչդեռ 2023 թւականի պատերազմից ու արցախահայերի բռնի տեղահանութիւնից յետոյ ոչնչացւում էին մասնակիօրէն։ Այս ամէնի նպատակն ակնյայտ է ու բոլորիս է յայտնի՝ վերացնել Ստեփանակերտի ու առհասարակ Արցախի հայկական դիմագիծը»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Յովիկ Աւանէսովը։
Նա նաեւ արձանագրեց՝ այժմ ամէն օր Արցախում իրենց կողմից արձանագրւում է վանդալիզմի առնւազն 10 դէպք։ Ցաւօք, այդ ամէնը կատարւում է համաշխարհային հանրութեան աչքի առաջ։ Աւելին՝ Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է նաեւ համաշխարհային քաղաքակրթութիւն։
«Մասնագիտական տարբեր թիմեր, հետազօտական անկախ կազմակերպութիւններ բազմաթիւ հրապարակումներով եւ այլ միջոցներ օգտագործելով՝ Ադրբեջանի այս գործողութիւնները ներկայացնում են միջազգային կառոյցներում՝ համաժողովների ընթացքում։ Միայն հատուկենտ դէպքերում է, որ ՀՀ արտգործնախարարութիւնն արձագանգում է Արցախում տեղի ունեցող մշակութային վանդալիզմին։ Մինչդեռ այս ամէնի հետ կապւած՝ մենք ամենօրեայ աշխատանքներ պէտք է տանենք, եւ կապւած ոչ միայն վանդալիզմի հետ, այլ առհասարակ, պէտք է կարողանանք միջազգային հանրութեանը փոխանցել, որ Արցախում գտնւող ամբողջ համամարդկային ժառանգութիւնը գտնւում է վտանգի տակ։ Բայց այս աշխատանքը մնացել է փորձագէտների ու մասնագիտական խմբերի ուսերին, Մայր աթոռի ու Կիլիկիոյ կաթողիկոսութեան վրայ, որոնք տարբեր նախագծերով հարցը մշտապէս պահում են օրակարգում»,- յաւելեց Հ. Աւանէսովը։
Նա շեշտեց՝ այս հարցում արդիւնքի հասնելու համար այն պէտք է դառնար ՀՀ դիւանագիտութեան թիւ մէկ խնդիրը, մինչդեռ այդպէս չէ։ Փոխարէնը՝ Ադրբեջանն իր դիւանագիտութեան թիւ մէկ խնդիրն է դարձրել տարածքային պահանջներ ներկայացնելը Հայաստանին, զուգահեռ առաջ քաշելով նաեւ 300.000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։
«Այս ամէնը Հայաստանի համար մեծ մարտահրաւէր ու վտանգներ է պարունակում։ Այն ադրբեջանցիները, որոնց կը բերեն Հայաստան՝ խաղաղ բնակիչներ չեն լինելու, սա պէտք է հասկանանք, այդ անւան տակ տարբեր յանցագործ տարրերի ու ահաբեկիչների են բերելու Հայաստան՝ սա մտահոգիչ է»,- եզրափակեց Յովիկ Աւանէսովը։