«ԱԼԻՔ» – Իրանի կիբերտարածութեան բարձրագոյն խորհուրդը հաւանութիւն է տւել WhatsApp-ի եւ Google Play-ի ֆիլտրինգի չեղարկմանը:
ԻՌՆԱ-ի համաձայն, 14-րդ կառավարութիւնում նախագահ Մասուդ Փեզեշքիանի նախագահութեամբ եւ օրէնսդիր ու դատական մարմինների ղեկավարների, ինչպէս նաեւ Կիբերտարածութեան գերագոյն խորհրդի անդամների ներկայութեամբ կայացել է ֆիլտրինգի վերացման հետ կապւած երրորդ նիստը:
Օրակարգում «արգելափակման քաղաքականութեան» վերանայումն էր, ինչի կապակցութեամբ ներկանները կարեւորելով կիբերտարածութիւնում օրինականութեան սահմանները միաձայն քւէարկել են որոշ լայն տարածում ունեցող արտասահմանեան հարթակներ, այդ թւում՝ WhatsApp եւ Google Play մուտքի սահմանափակումները վերացնելու օգտին։
Սակայն բանաձեւի կատարման ժամկէտը դեռ չի յայտարարւել,-նշել է աղբիւրը։
Նիստի մասնակիցները յատուկ կարեւորութեամբ են շեշտել «ներքին» հարթակների տարածմանն աջակցելու մասին։
Աւելի ուշ, Կապի նախարար Սաթար Հաշեմին X-ում գրել է. «Մենք միասնաբար ու փոխըմբռնման ոգով վերցրել ենք ինտերնետից սահմանափակումները վերացնելու առաջին քայլը»: