Հայկ Խալաթեան. «Եթէ պատրաստ ես հնազանդւել Ալիեւին, քո փոխարէն չեն կռւելու, փորձելու են Ալիեւի հետ լեզու գտնել»
«ԱԼԻՔ» – «Վերելք» տեղեկատւական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթեանն այն կարծիքին է, որ ամփոփիչ ասուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց ցոյց տալ, որ Ռուսաստանը վստահ է ուկրաինական ճակատում յաղթանակի առումով:
«Պուտինը փորձեց ցոյց տալ, որ պատրաստ են շարունակել պատերազմը: Իհարկէ, եթէ Ուկրաինան ընդունի այն պայմանները, որոնք ՌԴ բարձրագոյն ղեկավարութեան կողմից են հնչեցւել, պատերազմը կը դադարի, եթէ ոչ, կը շարունակւի: Նաեւ փորձեց բացատրել Սիրիայում տեղի ունեցածը, մեղաւորութիւնը գցեց սիրիական բանակի վրայ, որը չցանկացաւ կռւել: Ամենակարեւորն այն է, որ Պուտինն ուզեց ցոյց տալ, որ թէ՛ տնտեսութեան առումով է ՌԴ-ն վստահ իր վրայ, թէ՛ մարտի դաշտում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ Սիրիայում տեղի ունեցածը շատերը համարում են ՌԴ պարտութիւնը, բայց Պուտինը փորձում է հիմնաւորել, որ դա սիրիական բանակի խնդիրն էր, իրենք չկռւեցին, հնարաւո՞ր է՝ նմանատիպ սցենարի կրկնութիւն տեղի ունենայ նաեւ Հարաւային Կովկասում, օրինակ՝ ասենք՝ Հայաստանն էր մեղաւոր, չկռւեց եւ չպաշտպանեց, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը, նա պատասխանեց. «Մենք արդէն դա տեսնում ենք: Եթէ վերցնենք հայ-ռուսական յարաբերութիւնները, հետաքրքիր պարադոքս է: Մի կողմից՝ ՀՀ իշխանութիւնները դուրս են բերում ռուսներին սահմանային յենակէտերից, ՀԱՊԿ-ում սառեցնում են անդամակցութիւնը, ցոյց են տալիս, որ մտադիր չեն պահպանել համագործակցութիւնն անվտանգային ոլորտում, այդ պայմաններում ձեզ դրէք ռուսական կողմի տեղը. եթէ յանկարծ յարձակում եղաւ Հայաստանի վրայ, Մոսկւան օգնելո՞ւ է, թէ՞ ասելու է՝ մեզ հետ յարաբերութիւնները փչացնում էիք, իբրեւ թէ Արեւմուտքի հետ յարաբերութիւնները զարգացնելու համար, դէ, գնացէք՝ թող Արեւմուտքն էլ օգնի: Ռուսաստանը կարծում է, որ Փաշինեանն իրեն գցել է, որոշ բաներ է խոստացել՝ ընտրութիւններում յաղթելու համար, յաղթելուց յետոյ որոշել է, որ կարող է գցել: Ցաւօք սրտի, միջազգային յարաբերութիւններում, երբ քեզանից ուժեղների հետ գործ ունես, դա ցաւոտ է տեղի ունենում, բայց ցաւոտ տեղի ունեցաւ ոչ թէ անձամբ Փաշինեանի, այլ հայ ժողովրդի համար»:
Հայկ Խալաթեանի կարծիքով՝ բարդ խաղ է գնում. «Օրինակ՝ Սիրիայում արդէն հաշւի են նստում նոր իրողութիւնների հետ: Սիրիական օրինակը ցոյց տւեց, որ օգնում են նրան, ով ինքն է պայքարում: Եթէ սիրական բանակը յանձնւեց, մարդիկ փորձում են ընդհանուր լեզու գտնել նոր իշխանութիւնների հետ: Հարաւային Կովկասում, եթէ Հայաստանը չի փորձում դիմադրել, ապա ուզեն-չուզեն, այդ նոյն խաղացողները փորձելու են ուժեղի հետ ընդհանուր լեզու գտնել, մանաւանդ, եթէ տեսնում են, որ Փաշինեանը պատրաստ է Ադրբեջանի ցանկացած պահանջ կատարել»:
Նա նկատեց, որ թէեւ Հայաստանի իշխանութիւնները հերքում են, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման հնարաւորութիւնը, բայց թուրք եւ ադրբեջանցի պաշտօնեաները նոյնիսկ ժամկէտներ են նշում, խօսում են ներդրումների ծաւալից, այնպէս, թէ դա արդէն որոշւած է. «Ստացւում է, որ ՀՀ իշխանութիւնները, ի վերջոյ, դրան համաձայնում են, եւ խնդրանքը Բաքւից եւ Ադրբեջանից այն է լինելու, որ անունը «Զանգեզուրի միջանցք» չլինի, բայց մնացած ամէն ինչով լինի միջանցք: Նոյնիսկ, եթէ Փաշինեանը յստակ ասէր՝ դա կարմիր գիծ է, մի քանի անգամ տեսել ենք, որ նոյնիսկ այն կէտերը, որոնք նա հռչակում է կարմիր գիծ, շատ արագ փոխւում են»:
Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ Սիրիայի իրադարձութիւններից պէտք է դասեր քաղել, որ եթէ ինքդ ամէն ինչ յանձնում ես, պէտք չէ սպասել, որ որեւէ մէկը գալու է եւ քո փոխարէն է կռւելու. «Եթէ դու ցոյց ես տալիս, որ պատրաստ ես հնազանդւել Ալիեւին, փորձելու են Ալիեւի հետ լեզու գտնել, որպէսզի իրենց շահերը տարածաշրջանում ապահովեն»: