Այլ

Ապացուցւել է կապը քնի ապնոէի եւ ուղեղի տարիքային փոփոխութիւնների միջեւ

Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ շնչառական խնդիրներ ունեցող մարդիկ քնի ժամանակ փոփոխութիւններ են զգում հիպոկամպուսում՝ ուղեղի այն հատւածում, որը պատասխանատու է յիշողութեան եւ մտածողութեան համար: Պարզւում է նաեւ, որ քնի ժամանակ արեան մէջ թթւածնի ցածր մակարդակը կարող է կապւած լինել ուղեղի սպիտակ նիւթի վնասման հետ: Աշխատանքը հրապարակւել է Neurology ամսագրում։

Հետազօտութեանը մասնակցել է 2667 մարդ՝ հիմնականում իսպանացիներ, որոնց միջին տարիքը 68 տարեկան է: Մասնակիցները տնային քնի թեստաւորում են անցել, որը յայտնաբերել է շնչառութեան դադարներ (ապնոէ) եւ դանդաղ շնչառութիւն (հիպոպնեայ): Այս տւեալների հիման վրայ նրանք բաժանւել են երեք խմբի՝ առանց շնչառական խնդիրների (ժամում հինգից պակաս խանգարումներով), թեթեւ խանգարումներով (հինգից մինչեւ 15 խանգարումներով) եւ ծանր խանգարումներով (աւելի քան 15 խանգարումներով): 10 տարի անց մասնակիցները գլխուղեղի սկանաւորում են անցել։

Անալիզի արդիւնքների համաձայն՝ քնի ամենալուրջ խնդիրներ ունեցող մարդկանց մօտ հիպոկամպի ծաւալը 0,24 խորանարդ սանտիմետրով աւելի մեծ էր, քան նրանք, ովքեր քնի հետ կապւած խնդիրներ չունէին։ Աւելին, իւրաքանչիւր լրացուցիչ շնչառական խանգարում ուղեկցւում էր հիպոկամպի ծաւալի աւելացմամբ 0,006 խորանարդ սանտիմետրով։

Քնի ընթացքում թթւածնի մակարդակի նւազումը կապւած է նաեւ հիպոկամպի ծաւալի աւելացման եւ ուղեղի սպիտակ նիւթում վնասւած հիւսւածքի տարածքների առաջացման հետ:

«Մեր արդիւնքները ընդգծում են քնի որակի եւ ուղեղի ծերացման բարդ յարաբերութիւնները»,- ասում է հետազօտութեան առաջատար հեղինակ դոկտոր Ալբերտօ Ռ. Ռամոսը:

Նա յաւելեց, որ ուղեղի ծաւալի փոփոխութիւնները, կամ նւազում կամ աւելանում են, կարող են խաթարել ուղեղի աշխատանքը եւ մեծացնել ճանաչողական խանգարումների, այդ թւում՝ դեմենցիայի ռիսկը: Յատկապէս կարեւոր է շարունակել հետազօտութիւնը՝ հասկանալու համար, թէ ինչպէս են քնի խանգարումները ազդում ուղեղի վրայ երիտասարդ հասուն տարիքում:

Հասկանալը, թէ ինչպէս է քնի ապնոէն ազդում ուղեղի վրայ, կարող է օգնել զարգացնել արդիւնաւէտ վաղ ախտորոշում եւ բուժում դեմենցիայի բարձր ռիսկի ենթարկւած մարդկանց համար:

News.am

Related Articles

Back to top button