Վահագն Մելիքեան. «Այսօր մեր թշնամու ախորժակը Սիւնիքն է, որովհետեւ Սիւնիքն իրենց շատ մեծ ծրագրի մի հատւածն է»
«ԱԼԻՔ» – Մենք մեր նորանկախ պատմութեան ծանրագոյն մարտահրաէրների առաջ ենք կանգնած, ես դեռ մեղմ բառեր եմ օգտագործում: Այս մասին երէկ՝ յունիսի 30-ին, Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման անդամ, դիւանագէտ Վահագն Մելիքեանը:
«Նորանկախ դիւանագիտութեան ակունքներից սկսած մենք երբեք չենք ունեցել այքան թոյլ, տկար եւ անողնաշար դիւանագիտութիւն: Դիւանագիտութիւնը կուլիսային հսկայական աշխատանք է, եւ երբ որ դու ունես նպատակ դու ունես տեսլական՝ օգտագործելով քո զինանոցում գտնւող ողջ արսենալը դու հասնում ես դրան»,-ասել է նա:
Մելիքեանը նշել է, որ նոյնիսկ անելանելի թւացող այս իրավիճակում գործընթացի սառեցման կամ կասեցման արդիւնքում հնարաւոր է յաջողութիւններ ունենալ. «Ինքը դա շատ լաւ հասկանում է եւ եթէ նկատել էք, երբեք չի ասել, որ «Տաւուշը յանուն հայրենիք»-ի շարժումը դա պատերազմի շարժում է: Ինչու չի ասել, որովհետեւ ստացել է նաեւ հիմնաւորումը, որ այս շարժումը բացի հաշտեցումից, բացի իր խորը, հոգեւոր արժէքներից, բացի արժանապատւութիւնից, առաջին հերթին խաղաղութեան շարժում է»:
Ըստ նրա՝ այս մարդիկ ասում են՝ ապրել էք ադրբեջանցիների հետ, էլի կապրէք։
«Բայց դուք ադրբեջանցիների հետ ապրել էք Խորհրդային շրջանում, թէպէտ այն ժամանակ էլ բախումներ եղել են, բայց ընդհանուր մեխանիզմները թոյլ չեն տւել վերածւեն աւելի լայնածաւալ բախումների։ Հիմա բացի նրանից, որ այդ մեխանիզմները չունենք, մենք այս վարչախմբի ապաշնորհ քաղաքականութեան ու տգէտ դիւանագիտութեան արդիւնքում այնքան թուլացած իրավիճակում ենք յայտնւել, որ ես ուղղակի սարսափով եմ մտածում, թէ այն, ինչ մենք տեսնում ենք մեր մասնագիտական աչքերով, շատերը չեն տեսնում։
Այսօր մեր թշնամու ախորժակը Սիւնիքն է, Տիգրանաշէնն էլ չի, անկլաւներն էլ չի, որովհետեւ Սիւնիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատւածն է։ Հիմա մեր թշնամիներն իրենց ձեռքում Փաշինեան անունով հրաշալի նւէր ունեն, որը իրավիճակը բերել է մի այնպիսի կէտի, որ վաղը Սիւնիքի գլխին կախւելու է այդ վտանգը։ Եթէ մենք Սիւնիքը կորցնենք, կը կորցնենք Հայաստանը։
Մենք յենւել ենք անվտանգային երկու ոտքի վրայ։ Մի ոտքը՝ Արցախը, ժամանակաւոր կորցրել ենք, միւս ոտքը Սիւնիքն է։ Այս ամէն ինչի տակ թաքնւած է այդ մեծ վտանգը»,-ասել է Մելիքեանը: