Բագրատ Սրբազան. «Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպէս, ինչպէս մեր թշնամինները պատկերացնում են»
«ԱԼԻՔ» – Սիւնիք այցի շրջանակում, երէկ՝ յունիսի 30-ին Բագրատ Սրբազանն ու «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման ակտիւսիտներն այցելել են Շուռնուխ, Տաթեւ, Գորիս ու Սիսիան, եւ հանդիպել են բնակիչների հետ:
Ստորեւ ներկայացնում ենք հանդիպումների ժամանակ Բագրատ Սրբազանի ելոյթների կարեւոր թէզերը.
– Սարսափելի է, երբ Շուռնուխում տեսնում ես, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանն իր դրօշն է տեղադրել ու իրենով է արել մեր հողերը:
Իրենք պարզ ասում են, որ մենք այդ տարածքներին պէտք է տիրանանք, յետոյ մտածենք աւելիի մասին:
– Սուտը ծնւում է վախի պատճառով, մարդը երբ վախենում է, ամէն ինչի մասին սկսում է սուտ խօսել, սկսած կենցաղից, վերջացած մեր մեծ հարցերից: Հետեւաբար մենք վախը պէտք է վերացնենք:
– Ուզում եմ յստակ անդրադառնալ մեր արցախցի քոյրերին ու եղբայրենրին: Երեւանում էլ, ամենուր էլ ասել եմ, որ մեր ամոթն է, որ դուք գտնւում էք այստեղ: Ոչ միայն այն իմաստով, որ այսօր դուք բռնի կերպով տեղահանւել էք Արցախից, այլեւ՝ հէնց նրա համար, որ մենք ոչինչ չենք կարողացել այնպէս անել, որ մեր հայրենիքը, մեր Արցախ աշխարհը հայերով շնչի:
– Ուժը, միտքը, իմաստութիւնն ու կամքը կունենանք, որ վերստին ազատագրենք մեր հայրենիքը ու ոչ միայն ազատագրենք, այլ մեր տան վերակառուցման հիմքով շարժւենք առաջ: Չունենք պետութիւն, չունենք հայրենիք, մենք պարզապէս հոգեւոր որբեր ենք, ինչքան էլ, որ աշխարհի որեւէ անկիւնում մեր կեանքը բարեկեցիկ թւայ:
– Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպէս, ինչպէս մեր թշնամինները պատկերացնում են: Ամփոփւելու է այնպէս, ինչպէս մենք ցանկանում ենք եւ այդ ամփոփումը միայն ճշմարտութեան յաղթանակի մասին է: Մեր բոլոր խնդիրների լւծումն այդտեղ է:
– 2020 թւականի մեր հայրենական պատերազմից յետոյ ինչ տեղի ունեցաւ, դա էլ է խաբէութիւն: Այսպէս կոչւած պայմանագրում արձանագրւած էր, որ զօրքերը մնալու են այնտեղ, որտեղ կան, բայց զօրքերը չմնացին իրենց տեղում, այլ՝ թշնամու զօրքերը եկան ձեր տուն:
Այսօր Շուռնուխում հայ մարդու սարքած տան գլխին թշնամու դրօշն է տնգած:
– 2021 թւականին մարդը (Փաշինեան-ԽՄԲ.) եկել ժողովրդից քւէ է խնդրել՝ ասելով, որ ձեռքս կը կտրեմ, բայց չեմ յանձնի, իսկ 2024 թւականին վերադարձել ու այդ նոյն ձեռքով սպառնացել է մարդկանց, որ եթէ չանէք, պատերազմը դուք էք բերելու մեր գլխին, այսինքն պատասխանատւութիւնը դրել է գիւղացիների ուսերին:
– Այդ մարդը (Փաշինեան-ԽՄԲ.) մահւան, դժբախտութեան, չարիքի ու սատանայի խորհուրդն է: Այդ մարդն ուր գնացել է մահ ու դժբախտութիւն է բերել:
– Հայրենիքը յանձնելու այս ողջ գործընթացը մեզ չէր կարող ուղղակի անտարբեր թողնել: Դրանից առաջ էլ մի բան չէր, որովհետեւ մենք բոլորս միասին կանգնել ենք, թէ ինչպէս են մեր Արցախը յանձնում, թէ ինչպէս են մեր գերեզմանները քանդւում, թէ ինչպէս են մեր սրբարանները պղծւում:
Նայել ենք, ժողովուրդ, այդ մեղքը գործել ենք, այդ յանցանքը գործել ենք, գործել ենք ինքներս մեր հանդէպ, գործել ենք ինքներս մեր ժառանգութեան հանդէպ:
– Երկիրը պէտք է նպատակ, օրակարգ ունենայ: Որքան էլ բարձր լինի սահմանւած նշաձողը, բայց պէտք է ունենայ, որպէսզի քաղաքացիներն իմանան, որ իրենք պաշտպանւած են, երաշխիք ունեն ապրելու, արարելու եւ գործելու:
– Այս շարժման բուն էութիւնն արժէքային փոփոխութիւնն ու չարիքին հեռացնելն է: Ես անընդհատ շեշտել եմ ու շեշտելու եմ, մեր երկիրը կառավարւում է չարիքի կողմից: