Այս կազմակերպութիւնը դեռ չծնւած՝ մահացաւ կեղծիքի մէջ
«Հրապարակը» երէկ անդրադարձել էր Ֆրանսիայում «նոր»՝ «Հայ Դատի կազմակերպութեան» տարածած յայտարարութեանը, որով կամակերպութիւնը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնին՝ Հայաստան զօրախումբ ուղարկելու խնդրանքով: Յայտարարութիւնը ստորագրել են ֆրանսիացի 122 յայտնի գործիչներ, քաղաքապետէր եւ փոքր թւով հայեր:
Յիշեցնենք, որ այդ յայտարարութեան մէջ անդրադարձ է կատարւել նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդին եւ հայաստանեան ընդդիմութեանը. «Իրավիճակը բարդացնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահների վերաբերմունքը, որը պէտք է ներկայացնի ծագումով հայերին Ֆրանսիայում, բայց աջակցում է Փաշինեանի կառավարութեանն ընդդիմացողներին (շատ փոքրամասնութիւն` Հայաստանում), իսկ ընդդիմութիւնը հրաժարւում է 1991 թւականի Ալմա–Աթայի հռչակագրերի հիման վրայ երկու երկրների սահմանների վերաբերեալ որեւէ համաձայնութիւնից եւ եւ չի վարանի նպաստել զինւած հակամարտութեան վերսկսմանը (բայց ի՞նչ արդիւնքի համար. անշուշտ՝ աղէտալի)»:
Յայտարարութեան տակ ստորագրողների թւում յայտնի ֆրանսիացիների անուններ կան, այդ թւում` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, որոնք գործընկերային շատ լաւ յարաբերութիւններ ունեն Մուրադ Փափազեանի հետ եւ անգամ Փափազեանի ուղեկցութեամբ այցելել են Հայաստան ու Արցախ:
«Հրապարակ»-ը երէկւայ հրապարակման մէջ Մուրադ Փափազեանը մի քանի խօսք էր ասել, որ Մակրոնին դիմելը եղել է իրենց գաղափարը, ոմանք այդ գաղափարը գողացել են: Ըստ ամենայնի, այս նամակի յետեւում երեւում են սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանի «ականջները», ով զբաղւած է սփիւռքը պառակտելով եւ մերժւել է յատկապէս ֆրանսահայ համայնքի կողմից:
«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Մուրադ Փափազեանին.
– Այս «նոր»՝ «Հայ Դատի կազմակերպութեան» տարածած յայտարարութեան տակ այնպիսի մարդիկ են ստորագրել, որոնց հետ Դուք ունէք բաւականին լաւ գործընկերային յարաբերութիւններ: Ինչո՞ւ են այդ մարդիկ միացել նման յայտարարութեանը, որի մէջ ոչ դրական լոյսի տակ են ներկայացւում ե՛ւ Դուք, ե՛ւ հայաստանեան ընդդիմութիւնը, ե՛ւ CCAF-ը:
– Իրենք չեն ստորագրել այդ տեքստի տակ: Այդ 122 անդամներին մենք ենք հաւաքել, եւ նրանք մեր յայտարարութեան տակ են ստորագրել: Մենք կոչով դիմել ենք նախագահ Մակրոնին՝ Հայաստան զինւորական ուժ ուղարկելու համար, որպէսզի կասեցնեն Ադրբեջանի ագրեսիան: Այդ նամակի տակ ստորագրել են 122 ֆրանսիացի ազդեցիկ քաղաքական գործիչներ, ազդեցիկ մարդիկ, ընտրւած անձինք, որպէսզի այդ կոչին ուժ տրւի: Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ: Այդ նորաստեղծ կազմակերպութիւնը, որը բաղկացած է երեք-չորս հոգուց, գողացաւ այդ 122 անձանց անունները եւ դրեց իրենց թղթի տակ՝ այդ մարդկանց համար անսպասելի: Նշանակում է, իրենք ստի մէջ են, տպաւորութիւն ստեղծելու համար, թէ այդ մարդիկ իրենց յայտարարութեան տակ են ստորագրել: Այս կեղծիքի համար հնարաւոր է դատական ընթացք սկսւի, եթէ 122-ից գոնէ մէկ-երկու հոգի դիմի դատարան, որ իրենց ստորագրութիւնը դրւել է ուրիշ տեքստի տակ, կեղծւել է: Սրանք անլուրջ մարդիկ են, որոնց լաւ ենք ճանաչում, որոնք Հայաստանի իշխանութիւնների գործիքն են, գործակալներն են եւ մասնակցում են սփիւռքի պառակտմանը: Նրանք չեն ուզում ուժեղ սփիւռք: Այս կազմակերպութիւնը դեռ չծնւած՝ մահացաւ կեղծիքի մէջ:
– Իսկ Դուք զրուցե՞լ էք այդ գործիչների հետ: Կա՞ն մարդիկ, ովքեր կը դիմեն դատարան:
– Չեմ խօսել, չգիտեմ, նոր է այս իրականութիւնը: Մենք չենք քաջալերում, դա իրենց գործն է: Այս մանիպուլիացիան շատ տգեղ էր:
ՆԱՅԻՐԱ ՎԱՆԵԱՆ