Արաղչի. «Թրամփը կարող է լինել կամ խաղաղութեան նախագահ, կամ՝ պատերազմի»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին նշելով, որ դժւար է մէկին անւանել խաղաղութեան նախագահ, երբ նա անվերջ պատերազմներ է հրահրում եւ կանգնած է ռազմական յանցագործների կողքին, յաւելել է. «Թրամփը կարող է լինել կամ խաղաղութեան նախագահ, կամ պատերազմի նախագահ: Նա չի կարող լինել երկուսը միաժամանակ»: Տեղեկացրել է «Թասնիմ»-ը:
Աղբիւրի համաձայն՝ արտգործնախարարն, ի պատասխան սիոնիստական Քնեսեթում եւ Շարմ-էլ-Շէյխում ԱՄՆ նախագահի յայտարարութիւններին, X-ի իր անձնական էջում գրառում է հրապարակել եւ նշել. «Այժմ լիովին պարզ է, որ ԱՄՆ նախագահը յայտնւել է կեղծ տեղեկատւութեան ազդեցութեան տակ, ինչն Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը ներկայացրել էր որպէս գարնանը զէնքի վերածւելու առիթ։ Նման պնդումները մեծ սուտ են, իսկ իրեն (Թրամփին) պէտք է տեղեկացւի, որ այս առումով չկայ որեւէ ապացոյց, ինչպէս հաստատել է նաեւ ԱՄՆ հետախուզութիւնը»:
ԱԳ նախարարը յիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը Սպիտակ տուն մտաւ՝ խոստանալով դադարեցնել Իսրայէլի ռեժիմի կողմից ԱՄՆ նախագահների նկատմամբ կրկնւող խաբէութիւնները։ «Նա նաեւ խոստացել էր, որ ԱՄՆ զինւած ուժերը այլեւս չեն մասնակցի անվերջանալի թւացող պատերազմների, որոնք մշակւել են նրանց կողմից, ովքեր տարիներ շարունակ ձախողել են նաեւ Իրանի հետ ԱՄՆ միջուկային դիւանագիտութեան գործընթացը»,- նշւած է գրառման մէջ:
Արաղչին ԱՄՆ նախագահին յիշեցրել է նաեւ Արեւմտեան Ասիայում իրական բռնարարի մասին, որը երկար ժամանակ իր մակաբուծական կեանքով ահաբեկում եւ շահագործում է Միացեալ Նահանգների բոլոր ռազմական եւ քաղաքական ռեսուրսները։
ԱԳ նախարարը նաեւ հարց է տւել. «Ինչպէ՞ս կարելի է Իրանի ժողովրդից ակնկալել, որ նա հաւատայ ձիթենու ճիւղին (խաղաղութեան) այն մարդուց, որը ընդամէնը չորս ամիս առաջ մասնակցել է Իրանի բնակավայրերի եւ քաղաքային տարածքների ռմբակոծութեանը»։
«Այդ յանցաւոր յարձակումները խլեցին աւելի քան հազար իրանցիների, այդ թւում՝ կանանց ու հարիւրաւոր երեխաների կեանքեր։ Դժւար է մէկին անւանել խաղաղութեան նախագահ, երբ նա անվերջ պատերազմներ է հրահրում եւ ռազմական յանցագործների կողքին է կանգնած։ Պրն. Թրամփը կարող է լինել կամ խաղաղութեան նախագահ, կամ պատերազմի նախագահ: Նա չի կարող լինել երկուսը միաժամանակ»,- նշել է դոկտ. Արաղչին։
ԱԳ նախարարը յիշեցրել է նաեւ, որ Իրանը միշտ պատրաստ է եղել փոխադարձ յարգնքով դիւանագիտութեանը: Նա նշել է նաեւ, որ Իրանի ժողովուրդը ժառանգորդն է իր հին եւ հարուստ քաղաքակրթութեանը, եւ բարի կամքին արձագանքում է փոխադարձ վերաբերմունքով: «Սակայն մենք նաեւ գիտենք, թէ ինչպէս դիմակայել ճնշմանն ու պարտադրանքներին։ Եւ սա հէնց այն դասն է, որի միջով անցան Թել Աւիւի անյաջողակները:
«Այնուամենայնիւ, մենք համաձայն ենք ԱՄՆ նախագահի հետ առնւազն մէկ կէտում․ այն է, որ Իրանը (միւս պետութիւնների համար – ԽՄԲ.) չպէտք է ծառայի որպէս պատրւակ՝ Իսրայէլի հետ յարաբերութիւնները կարգաւորելու գործընթացում»,- նշել է ԱԳ նախարարը։
Վերջում Սէյէդ Աբբաս Արաղչին ընդգծել է.
«Իւրաքանչիւր կողմ, որ, զոհաբերելով պաղեստինեան ժողովրդին, դառնում է դաշնակից ցեղասպան ռեժիմի, որն ախորժում է կուլ տալ ամբողջ տարածաշրջանը, պէտք է ունենայ քաջութիւն ստանձնելու պատասխանատւութիւնը սեփական ժողովրդի առջեւ՝ այլոց մեղադրելու փոխարէն»։



