Հայ Դատի համակարգի ներկայացուցիչները Վարշաւայում մասնակցել են ԵԱՀԿ մարդու իրաւունքների խորհրդաժողովին

2025 թ. հոկտեմբերի 6-17-ը Վարշաւայում ընթանում է ԵԱՀԿ մարդու իրաւունքների խորհրդաժողով, որի նպատակն է քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների ընդհանուր վիճակն ու մարդու իրաւունքների ոլորտում պետութիւնների յանձնառութիւնների կատարման պատկերը։
Հաշւի առնելով աւելի քան տասնօրեայ խորհրդաժողովում օրակարգային այնպիսի հարցերի առկայութիւնը, որոնք ուղղակիօրէն վերաբերում են Հայ Դատի առաջնահերթութիւններին եւ գործունէութեան ուղղութիւններին՝ Հայ Դատի համակարգը նոյնպէս մասնակցել է խորհրդաժողովի աշխատանքներին՝ ի դէմս Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Արեւմտեան ափի գրասենեակի համայնքային կապերի պատասխանատու Կարէն Ճինպաշեանի եւ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Արամ Գէորգեանի։ Վերջինս իր ելոյթում ընդգծել է օրէնքի գերակայութեան եւ դատական իշխանութեան անկախութեան հիմնարար ժողովրդավարական արժէքների հանդէպ յարգանքի վերահաստատման անհրաժեշտութիւնը ԵԱՀԿ տարածքում, միաժամանակ ուշադրութիւն հրաւիրելով այն փաստի վրայ, որ Ադրբեջանը՝ լինելով ԵԱՀԿ անդամ պետութիւն, խախտում է օրէնքի գերակայութեան եւ դատական անկախութեան սկզբունքները։ Նշւել է, որ Ադրբեջանի դատական համակարգը ծառայում է գործադիր իշխանութեանը եւ օգտագործւում է ինչպէս հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների անօրինական կալանքներն «օրինականացնելու», այնպէս էլ երկրի ներսում ընդդիմախօսներին, լրագրողներին եւ իրաւապաշտպաններին լռեցնելու համար։ Գէորգեանը բարձրաձայնել է Բաքւում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս հայ պատանդների անօրինական դատավարութիւնների մասին, որոնց մասնակցելու իրաւունք չի տրւում նոյնիսկ նրանց փաստաբաններին։ Նաեւ նշւել է, որ ըստ միջազգային զեկոյցների, Ադրբեջանում կարող է պահւել մինչեւ 80 հայ պատանդ, իսկ ընդհանուր քաղաքական բանտարկեալների թիւը հասնում է շուրջ 400-ի։
Գէորգեանն ընդգծել է, որ այս իրավիճակը վկայում է Ադրբեջանի դատական համակարգի լիակատար կախւածութեան եւ մարդու իրաւունքների համակարգային խախտումների մասին, իսկ հայ պատանդների ճակատագիրը ԵԱՀԿ-ի համար արժանահաւատութեան փորձաքար է, որը ենթադրում է գործնական քայլերով Ադրբեջանին ենթարկել պատասխանատւութեան։
Խորհրդաժողովի տարբեր լիագումար քննարկումների ընթացքում ելոյթներ է ունեցել եւ հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից կարեւոր շեշտադրումներ արել նաեւ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Արեւմտեան ափի գրասենեակի համայնքային կապերի պատասխանատու Կարէն Ճինպաշեանը։ Վերջինս ներկայացրել է Արցախի հայութեան նկատմամբ իրականացւած բռնի տեղահանութիւնն ու մարդու հիմնարար իրաւունքների կոպիտ խախտումները՝ ընդգծելով ժողովրդավարական հաստատութիւնների, ազատութիւնների եւ օրէնքի գերակայութեան համակարգային քայքայումը Ադրբեջանի կողմից։
Խօսելով աւելի քան 120,000 հայերի տեղահանութեան եւ գերիների կեղծ դատավարութիւնների մասին՝ Ճինպաշեանը նկատել է, որ խաղաղութիւնը, որը կառուցւում է լռեցման ու մոռացութեան վրայ, խաղաղութիւն չէ, այլ հարկադրանք։ Ժողովրդավարութիւնը պահանջում է կանգնել լռեցւածների կողքին, այլ ոչ թէ յարմարւել լռեցնողներին։
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացւում է համակարգւած տեղեկատւական եւ մշակութային ջնջման քաղաքականութիւն՝ ուղղւած հայ ժողովրդի ձայնը, ժառանգութիւնն ու յիշողութիւնը վերացնելուն։ Սա խօսքի ազատութեան դէմ յարձակում է եւ միեւնոյն ժամանակ տեղեկատւական պատերազմ՝ նպատակ ունենալով փոխարինել փաստերը քարոզչութեամբ։
Խօսելով օրէնքի գերակայութեան մասին՝ նա ընդգծել է, որ արդարադատութիւնը չի կարող զուգորդւել անպատժելիութեանը եւ ընտրովի մօտեցմանը։ Ադրբեջանի իշխանութիւնները, լինելով Հելսինկեան եզրափակիչ ակտի եւ Ժնեւեան կոնւենցիաների ստորագրող, բացայայտ խախտում են միջազգային իրաւունքը՝ պահելով քաղաքացիական պատանդներ, խոշտանգելով կալանաւորներին եւ քրէականացնելով էթնիկ ինքնութիւնը։
Անդրադառնալով 23 հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկեալների իրավիճակին՝ Ճինպաշեանը նշել է, որ նրանց կալանքը ծառայում է քաղաքական նպատակների՝ վերացնելու Արցախի ժողովրդի օրինական ներկայացուցիչներին։ Դատավարութիւնները անցկացւում են փակ պայմաններում, առանց անկախ փաստաբանների եւ միջազգային վերահսկողութեան, իսկ դատական համակարգը գործում է գործադիր իշխանութեան անմիջական վերահսկողութեան ներքոյ, եւ որ դա օրէնքի գերակայութիւն չէ, այլ դրա բացայայտ չարաշահում։ Ճշմարտութեան, արդարութեան եւ պատասխանատւութեան բացակայութեամբ խաղաղութիւն չի կարող հաստատւել։ Խաղաղութիւնը կարող է լինել միայն այն դէպքում, երբ վերականգնւեն մարդու իրաւունքները, ազատ խօսքը եւ արդար դատավարութեան սկզբունքները։
Հայաստանից խորհրդաժողովին մասնակցել են «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակեանը, միջազգաին իրաւապաշտպան Րաֆֆի Քալֆայեանը, «Իրազեկ քաղաքացի», «Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների» եւ «Յանուն հաւասար իրաւունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները։
Խորհրդաժողովի ընթացքում նկատւել է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպւած կեղծ հասարակական կազմակերպութիւնների համակարգւած փորձեր՝ նսեմացնելու Արցախում իրականացւած էթնիկ զտման էութիւնն ու հայաթափման փաստը։ Օգտւելով առիթից` ադրբեջանցի պատւիրակները խորհրդաժողովի ընթացքում փորձել են վարկաբեկել նաեւ Հայ Դատի յանձնախմբերին ու գրասենեակներին, ինչպէս նաեւ այն աշխատանքը, որ տարւում է վերջիններիս կողմից։
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ



