Անվտանգութեան ի՞նչ տրամաբանութիւն է առաջարկում Փաշինեանն Ալիեւի սպառնալիքների ֆոնին

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինեանն ՀՀ ԱԺ ամբիոնից, անդրադառնալով ՀՀ բանակի մասին իր տեսլականին, հերթական ուղերձը հղեց Բաքւին։ ԱԺ հերթական նստաշրջանում 2025 թւականի պետական բիւջէի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ ազգ-նահատակ բանաձեւը յաղթահարելու լաւագոյն ձեւն ազգ-բանակն է։
«Բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ համոզւած չեմ առնւազն, որ սա առաջին բանաձեւի ճիշտ արձագանգն է, որովհետեւ իմ մտորումները եւ մտածումները բերում են այն եզրակացութեանը, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձեւի տրամաբանութեան ու շարունակութեան մէջ է։ Եթէ դու դիրքաւորւում ես որպէս ազգ-բանակ, անխուսափելիօրէն քո դէմ գեներացնում ես այլ բանակներ։ Մենք շատ ենք խօսում այն մասին, որ պէտք է ունենանք ուժեղ բանակ, եւ սա ճիշտ օրակարգ է։ Բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն եւ ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։
Ուժեղ ումի՞ց, ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերեմ, բայց այդ հարցին մենք պէտք է պատասխանենք։ Իսկ քանի՞ համադրւած բանակներից մենք պէտք է աւելի ուժեղ լինենք։ Լաւ, մենք կարող ենք խնդիր դնենք, որ պէտք է երկու, այսպէս կոչւած, թշնամի երկրների բանակներից աւելի ուժեղ բանակ ունենանք։ Շատ լաւ, իսկ եթէ պարզւի, որ երեք երկրների հետ է մեր խնդիրը, իսկ եթէ պարզւի, որ չորս կամ հինգ երկրի հետ է մեր խնդիրը։ Իսկ եթէ պարզւի, որ մեր խնդիրը ոչ թէ մեր թշնամիների հետ է, այլ նաեւ մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ինչքան ուժեղ բանակ պէտք է ունենանք»,- այսպիսի մտքեր ներկայացրեց Փաշինեանը։
Նա նշեց, որ ուզում է լուծում առաջարկել՝ «ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձեւերը» յաղթահարելու համար պէտք է որդեգրել բոլորովին ուրիշ տրամաբանութիւն, պարզապէս պետութեան տրամաբանութիւնը, որը գործում է բացառապէս սեփական տնտեսական շահերին համապատասխան։
Նրա խօսքով՝ բանակից առաջ կան շատ բուֆերներ, պէտք է ստեղծել անվտանգային համակարգ, որի առաջին գծում բանակը չէ։
Հոկտեմբերին էլ Փաշինեանն ասել էր՝ չեն ուզում Ադրբեջանի հետ սպառազինութիւնների մրցավազքի մէջ մտնել:
«Իսկ եթէ Ադրբեջանն այդպէս չի մտածում, մենք այս դէպքի համար էլ առաջարկ ունենք՝ ստեղծել սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զօրքերի հայելային յետքաշում սահմանային գծից, ինչը, ի դէպ, կը լուծի եւ Ադրբեջանի բարձրաձայնած 4 գիւղերի, եւ մեր 31 գիւղերի հարցերը: Իրականացնել սահմանային հատւածների ապառազմականացում եւ ամբողջ սահմանի պահպանութիւնը յանձնել սահմանապահ զօրքերին»,- ասել էր Փաշինեանը, ինչին, իհարկէ, Ադրբեջանից որեւէ կերպ չեն արձագանգում, առաւել եւս՝ դրական պատասխան տալիս։
Ամենայն հաւանականութեամբ, պատահական չէ, որ Փաշինեանը հրապարակայնօրէն բանակը փորձում է երկրորդական, երրորդական պլան մղել ՀՀ անվտանգային համակարգում, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է աշխարհին ապացուցել, թէ Հայաստանը ռազմականացման քաղաքականութիւն է վարում, պատրաստւում է սադրանքների դիմել, Ադրբեջանը պահանջում է վերջ տալ ՀՀ զինման քաղաքականութեանը, այլապէս «վատ կը լինի», ՀՀ զինումն այլ երկրների կողմից Ադրբեջանը համարում է ոչ բարեկամական քայլ, եւ այլն։
Նոյեմբերի 8-ին՝ 44-օրեայ պատերազմի օրւայ ուղերձում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր․ «Հայաստանը պէտք է հրաժարւի զինւելու քաղաքականութիւնից, սրան պէտք է վերջ տրւի, եւ նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պէտք, նրանք պէտք է հրաժարւեն սրանից, քանի դեռ ուշ չէ»։
«Մենք հիմա էլ պէտք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի,- նշել էր Ալիեւը եւ ընդգծել,- 30-ամեայ օկուպացիայի պատմութիւնն անհնար է ջնջել մեր յիշողութիւնից… Ով կը ցանկանայ դարձեալ փորձել մեր ուժը, կրկին կը պարտւի։ 44-օրեայ հայրենական պատերազմը, հակաահաբեկչական գործողութիւնը, մեր յաղթանակը ոչ միայն Հայաստանի պարտութիւնն է, այլեւ նրա յետեւում կանգնածների դառը եւ նւաստացուցիչ պարտութիւնը»։
Այս ամենին զուգահեռ՝ Ալիեւն իր բոլոր ելոյթներում հպարտանում է, թէ ինչպէս են կտրուկ մեծացել Ադրբեջանի զինւած ուժերի կարողութիւններն ու պոտենցիալը՝ յատուկ նշանակութեան ուժեր, սպառազինութեան մեծածաւալ գնումներ եւ ներքին արդիւնաբերութեան զարգացում:
Ալիեւի պահանջների շարքն օրէցօր նոր պայմաններով, վերջնագրերով է համալրւում, ինչպէս վերջերս առաջ քաշւած պահանջը ՀՀ-ից՝ ՀՀ տարածքից հեռացնել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելութեանը։ Ադրբեջանը համարձակւեց նոյնիսկ բողոքի նոտա յղել Լեհաստանին, որի ղեկավարը ՀՀ-ում, մասնաւորապէս՝ Երասխում ԵՄ դիտորդների հետ համատեղ մասնակցեց դիտորդութեանը։
Երեւանն Ադրբեջանի այս պահանջը եւս կարծես բնականոն է համարում, ուստի ադրբեջանական կողմին առաջարկել է դիտորդներին դուրս բերել միայն սահմանազատւած հատւածներից այն դէպքում, երբ սա ՀՀ-ԵՄ յարաբերութիւններին վերաբերող հարց է։
Մինչ Ադրբեջանը զինւում է, անընդհատ զօրավարժութիւններ անցկացնում իր դաշնակիցների հետ, մեծացնում ռազմական մատակարարումների ծաւալները, Հայաստանից պահանջում է չզինւել՝ զուգահեռաբար սպառնալով։
168.am-ի հետ զրոյցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւն ասել է, որ ՀՀ իշխանութեան վերոնշեալ մեկնաբանութիւնը կարծես ՀՀ իշխանութիւնների նոր տեսլականն է անվտանգային համակարգի, անվտանգային խնդիրները լուծելու հարցի վերաբերեալ։
Ըստ նրա՝ նման կոնցեպտ կիրառելի է այն դէպքում, երբ երկիրը տնտեսապէս հզօր է, ինքնաբաւ է կամ չունի արտաքին քաղաքական մեծ խնդիրներ, հետեւաբար՝ չկան հակամարտութիւններ, եւ կայ խաղաղ հարեւանութիւն։
«Սակայն նոյնիսկ նման երկրները պարբերաբար ունենում են «մկաններ» ցոյց տալու անհրաժեշտութիւն, ինչպէս, օրինակ՝ երբեմն Չինաստանը»,- նկատել է նա։ Բացի այդ, Եւսէեւի խօսքով՝ այս կոնցեպտն աշխարհի ներկայիս իրավիճակում բացարձակ կիրառելի չէ եւ տարօրինակ է հնչում, քանի որ աշխարհը նոր կարգի ձեւաւորման ճանապարհին գլոբալ պատերազմների մէջ է, եւ իրավիճակի մեղմման միտումներ դեռ չկան։
«Շատ հեռուն գնալ պէտք չէ, կարելի է հետեւել վերջին մէկ ամսւայ իրադարձութիւններին Լիբանանում, Ուկրաինայում, ապա ներկայումս Սիրիայում՝ Հալէպ քաղաքում։ Հարաւային Կովկասն ինքնին, հաշւի առնելով այստեղ առկայ հակամարտութիւնները, ամենառազմականացւած ռեգիոններից է։ Քանի դեռ հակամարտութիւններն աւարտւած չեն, կան ռազմական ծրագրեր, չկայ ժամանակով փորձւած խաղաղութիւն, ռազմականացումը սովորաբար չի դադարում, ռազմական հաւասարակշռութեան անընդհատ պահպանումը զսպման, պաշտպանութեան լաւագոյն իրական գործիքն է խոցելի երկրների ու ռեգիոնների դէպքում։
Այսօր անհնար է խօսել այստեղ առկայ խաղաղութեան կամ խաղաղութեան հեռանկարի մասին։ Բացի այդ, ինքնին Ադրբեջանը կարծես չի դադարեցնում ռազմականացումը, ընդլայնում է ռազմարդիւնաբերութիւնը։ Եթէ կայ հակամարտութիւն, կան քաղաքական տարաձայնութիւններ, խաղաղութեան համաձայնագիրը չի ստորագրւում, կան պահանջներ, դժգոհութիւններ, ռազմարդիւնաբերական կարողութիւններն ընդլայնւում են, ուրեմն կայ զսպման, ռիսկերն ու վտանգները, սպառնալիքները կառավարելու կարիք՝ ամենաքիչը ռազմական հաւասարակշռութեան միջոցով։
Ռազմական հաւասարակշռութեան խախտումն է, որը վտանգաւոր է դառնում, իսկ դրա մեծ տարբերութիւնը, եթէ աւելի կոպիտ բնորոշումներով չասեմ, ապա մեծ խնդիրների կարող է յանգեցնել։ Այսինքն՝ կայ պատճառների մի ամբողջ համալիր, թէ ինչու եմ ես սա համարում ներկայումս անտեղի Հարաւային Կովկասի դէպքում, հաշւի առնելով ռեգիոնալ առանձնայատկութիւններն ու գլոբալ միտումները»,- նման կարծիք յայտնեց վերլուծաբանը։
Ըստ Եւսէեւի, որեւէ մէկը չի հերքի, որ լաւագոյնը խաղաղութիւնն է՝ մինիմալ ռազմականացմամբ։ «Սակայն երկիրը, անկախ միջազգային միտումներից եւ զարգացումներից, չի կարող կայուն անվտանգութեան համակարգ ձեւաւորել՝ առանց հաշւի առնելու պարզ իրողութիւնները»,- նշել է նա։
Փորձագէտը գտնում է, որ Փաշինեանի յայտարարութիւնը կապ ունի ադրբեջանական կողմի յայտարարութիւնների հետ։
«ՀՀ իշխանութիւնները, ինչպէս մնացած այլ հարցերում, ընդառաջ են գնում Ադրբեջանի բարձրացրած հարցերին, փորձում են ինչ-որ եզրեր գտնել, սակայն այնուամենայնիւ կողմերի միջեւ դեռ գլոբալ կոնսենսուս չկայ, ռազմատենչ հռետորաբանութիւնը չի դադարել եւ, կարծում եմ՝ դեռ շատ հարցեր են այսպէս քննարկւելու, շատ տարաձայնութիւններ են լինելու կողմերի միջեւ։
Կողմերի միջեւ հակամարտութիւնը սպառւած չէ, դա ակնյայտ է, իսկ ՀՀ-ն ինքնիշխան է՝ կայացնելու իր որոշումները, սակայն մենք տեսականօրէն կարող ենք վերլուծել գաղափարները եւ ասել, թէ որքանով են դրանք ներկայիս իրավիճակում տեղին կամ անտեղի»,- նկատել է Եւսէեւը։
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ