ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանցի վերլուծաբան. «Իրանը Մերձաւոր Արեւելքում մեծացնում է իր ազդեցութիւնը, որը կունենայ լուրջ հետեւանքներ նաեւ Հարաւային Կովկասի վրայ»

Մերձաւոր Արեւելքում Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է «եռալ»։ Մի քանի օր առաջ Իրանը խոցեց հակաիրանական թիրախներ, ահաբեկչական խմբաւորումներ՝ հաստատւած Սիրիայում, Իրաքում եւ Պակիստանում, իսկ յունւարի 18-ին յայտնի դարձաւ, որ Իրանի տարածքում Պակիստանն է խոցել հակապակիստանեան գրոհայինների։

Պակիստանի ԱԳՆ-ն յայտարարել էր, որ «մի շարք բարձր ճշգրտութեամբ ռազմական հարւածներ՝ բարձր համակարգւածութեամբ եւ յատուկ ուշադրութեամբ, իրականացւել են Իրանի Սիստան-Բելուչեստան նահանգում՝ ուղղւած ահաբեկիչների թաքստոցներին»։

Սրան յաջորդել էր Պակիստանի ԱԳ նախարարի զանգը Թեհրան։ Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը, ըստ իրանական պաշտօնական հաղորդագրութեան, ընդգծել է Պակիստանի դիրքորոշման կարեւորութիւնն Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան եւ հարեւանութեան մէջ, նպատակայարմար է հետեւել անվտանգութեան եւ ռազմական համագործակցութեան առանցքին, ինչը նախկինում համաձայնեցւել եւ շեշտւել է երկու երկրների ղեկավարների կողմից։ Ամիր Աբդօլլահեանը յիշեցրել է, որ Իրանի անվտանգութեան ուժերը դէմ են ցանկացած ահաբեկչական գործողութեան եւ ահաբեկիչներին օպերատիւ գործողութիւններ իրականացնելու հնարաւորութիւն չեն տալիս։

Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի հարեւանութեամբ ընթացող մերձաւորարեւելեան իրադարձութիւնները Հայաստանի վրայ, յատկապէս, երբ դրանում ներգրաււած են Հայաստանի հետ սերտ յարաբերութիւններ ունեցող ԻԻՀ-ն եւ Ադրբեջանի դաշնակից Պակիստանը։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ Իրանը որոշ տեղային գործողութիւններ իրականացրեց Իրանի դէմ աշխատող ահաբեկչական խմբաւորումների դէմ։

«Իրանը բոլոր շահագրգիռ կողմերին կարողացաւ բացատրել, թէ ինչու է այս ամէնն արւում։ Իսկ աւելի լայն կոնտեքստում պէտք է ասել, որ Մերձաւոր Արեւելքում Արեւմուտքի դերը նւազում է, իսկ Իրանի դերակատարութիւնը՝ աւելանում, Իրանը դառնում է գլխաւոր խաղացող այս ռեգիոնում, եւ այս քայլերը նաեւ ունէին ոչ միայն ռազմական, անվտանգային, այլեւ ռազմավարական, աշխարհաքաղաքական նշանակութիւն։ Չեմ կարծում, որ էսկալացիան խորանալու է, տեսնում ենք, որ վերջին օրերի ընթացքում լուրջ գործողութիւններ չկան»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Ըստ նրա, Իրանի շուրջ այս գործընթացների անդրադարձը Հարաւային Կովկասի վրայ լինելու է Իրանի դերակատարութեան աճի տեսքով։

«Եթէ Իրանը դառնում է Մերձաւոր Արեւելքում այնպիսի տէրութիւն, որն արդէն Արեւմուտքում չեն հերքում, դա լրջագոյն փուլ է այս ռեգիոնի համար։ Նոյնիսկ Արեւմուտքն է այդ փաստը հաշւի առնում։ Կարծում եմ՝ սրան կը յաջորդի նաեւ Հարաւային Կովկասի Իրանի դիրքորոշումների ամրապնդում։

Չեմ կարծում, որ այս վերջին էսկալացիան տարածւելու է, ներգրաւելով այլ թիրախներ գոնէ այս փուլում։ Հարաւային Կովկասում շարունակելու է թելադրող լինել Հայաստան-Ադրբեջան օրակարգը, տրանսպորտային ճանապարհների հարցը, որոնցում Իրանը էական դերակատարութիւն ունի եւ էլ աւելի է մեծացնելու այդ դերակատարութիւնը, ելնելով իր ռազմավարական շահերից։ Իրանը Հարաւային Կովկասում ոչ թէ պատերազմական տրամադրութիւններին նպաստող, այլ էսկալացիաները կայունացնող, ինչպէս նաեւ պատերազմները կանխող ուժ է, ինչը ցոյց տւեց վերջին տարիների զարգացումը»,- ասաց Սալամին։

Նա գտնում է, որ եթէ Հարաւային Կովկասում մի շարք հարցերի վերաբերեալ չլինէին Իրանի յստակ դիրքորոշումները, չէին բացառւում փոքր պատերազմներ։

«Իրանի որեւէ դիրքորոշում չի փոխւել, Իրանը շարունակելու է հանդէս գալ խաղաղութեան, անվտանգութեան եւ կայունութեան օգտին երկրների տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան ամուր յանձնառութեամբ։ Իրանը բազմիցս յայտարարել է, որ չի ընդունում աշխարհաքաղաքական փոփոխութիւնները Հարաւային Կովկասում, որոնք մասամբ կան, սակայն դրանք ժամանակաւոր ու երկարատեւ չեն, քանի որ մենք գտնւում ենք գէոպոլիտիկ ազդեցութիւնների փոփոխման փուլում։ Արեւմուտքը պայքարում է Հարաւային Կովկասում լիակատար ազդեցութիւն ձեռք բերելու համար, սակայն Իրանը դէմ է Արեւմուտքի ամրապնդմանը թէ՛ առանձին երկրներում, թէ՛ հետեւաբար՝ նաեւ ռեգիոնում, որի համար յստակ քայլեր է ձեռնարկում, ունենալով լծակների բաւականին լայն շարք»,- ասաց Սալամին։

Նա կարծում է, որ ի տարբերութիւն Իրանի՝ Արեւմուտքը Հարաւային Կովկասում ունի խիստ սահմանափակ ազդեցութեան լծակներ։

«Իրանը ՀՀ-ի հետ լաւ յարաբերութիւններ ունի, փոխըմբռնման մթնոլորտում են նաեւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները։ Ռեգիոնալ բոլոր երկրներն իրենց համագործակցութիւնը վեցակողմ ձեւաչափում ամրապնդելու հարցում կոնսենսուս ունեն, ինչից կը շահեն բոլորը։ Կը շահէին նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը, եթէ ընդունէին Իրանի առաջարկը՝ ստորագրելով կամ քննարկելով Խաղաղութեան համաձայնագիրն այդ ձեւաչափում։ Չէ՞ որ Իրանն իր դիրքորոշումներով նպաստել է, օրինակ, ՀՀ շահերի առաջմղմանը եւ ռեգիոնում կայունութեան հաստատմանը, ինչը հնարաւոր չէ ասել բազմաթիւ այլ միջնորդների մասին»,- նկատեց նա։

Ամփոփելով՝ իրանցի վերլուծաբանն ասաց, որ Իրանն աւելի համարձակ է գործում՝ ինչպէս Մերձաւոր Արեւելքում, այնպէս էլ՝ Հարաւային Կովկասում։

«Սակայն այդ համարձակութիւնը չի նշանակում քաղաքականութիւն, որը պայթեցնում է ռեգիոնը։ Այս փուլում տեսնում ենք, թէ ինչպէս է Իրանը նաեւ դիւանագիտական գործիքակազմ կիրառում Պակիստանի հետ յարաբերութիւնները չսրելու նպատակով։ Ռազմական ուժը պէտք է ծառայի խաղաղութեանն ու անվտանգութեանը, դրանց ամրապնդմանը եւ ոչ՝ նոր ցեղասպանութիւնների կազմակերպմանը կամ խաղաղ բնակչութեան թիրախաւորմանը, ինչին վերջին ամիսներին կրկին ականատես ենք դառնում Մերձաւոր Արեւելքում»,- ասաց նա։

Related Articles

Back to top button