ՄիջազգայինՔաղաքական

ՀԱՅԵԱՑՔ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՈՒՐՒԱԿԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Աշխարհը կրկին կանգնած է այնպիսի պատմական հանգուցակէտի առջեւ, որը թւում էր՝ վաղուց անցել է պատմութեան գիրկը։ Մի ակնթարթ, եւ տասնեակ պայմանագրեր ու հռչակագրեր՝ միջուկային զէնքի չտարածման, փորձարկումների արգելքի եւ ռազմավարական հաւասարակշռութեան մասին, դարձան սին խոստումներ՝ անցեալի համար։ Դոնալդ Թրամփի հրահանգը Պենտագոնին՝ վերականգնել միջուկային փորձարկումները 33 տարւայ դադարից յետոյ, տրամաբանական հարց է առաջացնում. արդեօ՞ք մարդկութիւնը կրկին վերադառնում է միջուկային արմագեդոնի սարսափին, որը թւում էր, թէ մնացել են անցեալ դարում։

Միգուցէ առաջին հայեացքից, Թրամփի որոշումը կարող էր թւալ որպէս ամբոխավարական շեշտադրումով ներքին լսարանին ուղղւած հերթական յայտարարութիւն, բայց սթափ դատողութիւնն անմիջապէս ցրեց նման պատրանքները, քանզի որոշման յետեւում կուտակւած էր այնպիսի ռազմավարական լարում, որ մի ակնթարթում փոխեց միջուկային սպառազիննման հետ կապւած համաշխարհային խաղի ողջ տրամաբանութիւնը։ Աներկբայ իրականութիւն է. երբ Միացեալ Նահանգների նախագահը յայտարարում է միջուկային փորձարկումների վերականգնման մասին, դա ինչ-որ հերթական վարչական որոշում չէ, դա աշխարհաքաղաքական շախմատի նոր՝ չափազանց բարդ եւ վտանգաւոր պարտիայի մեկնարկի մասին ահազանգ է: Ազդակ, որը կարող է հիմնովին փոխել միջուկային սպառազինման հետ կապւած գերտէրութիւնների միջեւ առկայ ստատուս քւոն եւ ուժերի հաւասարակշռութիւնը։

Թրամփն իր որոշումը հիմնաւորեց «ռազմավարական հաւասարակշռութեան վերականգնման անհրաժեշտութեամբ»՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Սակայն այս «վերականգնումը» իրականում հաւասարակշռութեան կորստի սկիզբն է։ Նրա խօսքերի ստւերում անմիջապէս ուրւագծւեց միջուկային մրցավազքի նոր դարաշրջանի պատկերը։ Երեք տասնամեակ շարունակ, աշխարհի հզօր պետութիւնները համոզում էին իրենց ու միւսներին, թէ միջուկային փորձարկումների դարաշրջանը փակւած է։ Սակայն հիմա այդ պատրանքը ցրւում է։ Ռուսաստանը վաղուց է ընդլայնել իր միջուկային զինանոցը՝ ցուցադրելով նոր սերնդի հրթիռներ եւ անօդաչու միջուկային սարքեր։ Չինաստանը, իր հերթին, աննախադէպ արագութեամբ է աւելացնում միջուկային մարտագլխիկների քանակը՝ ձգտելով հասնել ռազմավարական ինքնաբաւութեան։ Թրամփի որոշումը Մոսկւայի եւ Պեկինի համար դառնալու է ոչ թէ սպառնալիք, այլ՝ արդարացում: Այսուհետ իւրաքանչիւր միջուկային փորձարկում կարելի է ներկայացնել որպէս պատասխան Վաշինգտոնի գործողութիւններին։

Այդ պատճառով էլ փորձագէտների մեծ մասը համոզւած է՝ աշխարհը մտնում է Սառը պատերազմի նոր փուլ։ Սակայն այս անգամ այն չի լինելու գաղափարախօսութիւնների բախում, ինչպէս անցեալ դարում, այլ՝ հիմնականում տեխնոլոգիական եւ ռազմաքաղաքական մրցակցութիւն։ Եթէ 20-րդ դարում բեւեռները բաժանւում էին կոմունիզմի եւ կապիտալիզմի հիմքով, ապա 21-րդ դարում հակադրութիւնը ակնյայտօրէն ձեւաւորւում է տեխնոլոգիական գերակայութիւնների շուրջ։ Մի կողմում ԱՄՆ-ն է՝ իր եւրոպական ու ասիական դաշնակիցներով, միւսում՝ Ռուսաստանն ու Չինաստանը՝ միաւորւող հակաարեւմտեան առանցքով։ Եւ հէնց այդ առանցքն էլ դառնում է նոր աշխարհակարգի ծանրութեան կենտրոնը։

Թրամփի այս որոշումը վտանգում է նաեւ վերջին մնացորդները՝ զէնքի վերահսկման միջազգային համակարգերից։ New START պայմանագիրը, որը սահմանափակում էր ռազմավարական մարտագլխիկների քանակը, արդէն կասեցւել է Ռուսաստանի կողմից, իսկ նոր բանակցութիւնների յոյսը գրեթէ զրոյական է։ Մոսկւան, տրամաբանօրէն չի վերադառնայ բանակցային սեղանին, որի միւս կողմը՝ Վաշինգտոնը խախտել է խաղի կանոնները։ Արդիւնքում, միջուկային լարւածութեան նոր փուլի շառաւիղը ներառելու է ողջ Եւրասիական տարածաշրջանը՝ Խաղաղ ովկիանոսի արեւմտեան ափերից մինչ Ատլանտեան ովկիանոսի արեւելեան ափերը:

Չինաստանի արձագանքը եւս ուշացնել չի տայ։ Պեկինը վաղուց ձգտում է հաւասարութեան փոփոխութեան ոչ միայն տնտեսութեան, այլեւ ռազմական ոլորտում։ Թրամփի որոշումը նրան տալիս է հիմնաւոր փաստարկ այդ կապակցութեամբ: եթէ Միացեալ Նահանգները վերադառնում է միջուկային փորձարկումների եւ մրցավազքի դարաշրջան, ապա Չինաստանը տրամաբանօրէն իրեն իրաւունք է վերապահելու արագացնել իր միջուկային արսենալի հզօրացման ընթացքը, եւ Ասիա-Խաղաղովկիանոսեան տարածաշրջանը, որը վաղուց էր լարւած Թայւանի եւ Հարաւչինական ծովի շուրջ, անտարակոյս վերածւելու է նոր գլոբալ դիմակայութեան առանցքի՝ արդէն միջուկային տեսքով։

Այս իրավիճակում Ռուսաստանի եւ Չինաստանի յարաբերութիւնները բնականաբար կարող են աւելի սերտանալ։ Երկու գերտէրութիւնն էլ գիտակցում են, որ Վաշինգտոնի ճնշման պայմաններում իրենց անհրաժեշտ է փոխլրացում: Ռուսաստանը ներդնելու է ռազմական փորձ ու էներգետիկ ռեսուրսներ, Չինաստանը՝ ֆինանսական հզօրութիւն եւ տեխնոլոգիական ներուժ։ Այս համագործակցութիւնը, ունի անհրաժեշտ ներուժը, տեսանելի ապագայում, դառնալու հակաարեւմտեան ռազմավարական բեւեռի հիմքը՝ ոչ թէ գաղափարական տրամաբանութեամբ, այլ՝ իրապաշտ շահերի միաւորմամբ, եւ որքան աւելի կոշտ դառնայ ամերիկեան քաղաքականութիւնը, այնքան աւելի կամրապնդւի այս առանցքը։

Եւրոպան այս բոլորի ֆոնին յայտնւել է երկիմաստ վիճակում։ Մի կողմից՝ այն շարունակում է մնալ ամերիկեան անվտանգութեան համակարգի մաս, միւս կողմից՝ ակնյայտ է, որ հէնց ինքն է դառնալու միջուկային լարւածութեան առաջնագիծը։ Թրամփի դիրքորոշումը, ինչպէս եւ նախկինում, լիովին չի համընկնում եւրոպական դաշնակիցների շահերին: Միջուկային մրցավազքը վտանգում է Եւրոպայի անվտանգութիւնն ու էներգետիկ կայունութիւնը։ Մանաւանդ, որ պատմութիւնը յուշում է, որ երբ Վաշինգտոնը խօսում է ուժի լեզւով, Եւրոպան սովորաբար ստիպւած է լինում վճարել խաղաղութեան համար։

Այսպիսով, մենք կանգնած ենք մի նոր աշխարհի շեմին, որը ոչ ամբողջութեամբ բազմաբեւեռ է, ոչ էլ հին երկբեւեռը։ Այն փաստացի բաժանւած է երկու մեծ ուժային կենտրոնների՝ արեւմտեան եւ արեւելեան, որոնք տարբեր արժէքներ եւ շահեր են պաշտպանում։ Միջուկային զէնքը կրկին վերածւում է քաղաքական լեկսիկոնի մասի, եւ յատկանշականն այն է, որ այս ամէնը տեղի է ունենում դեռեւս առանց բաց պատերազմի, բայց պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում։

Թրամփի որոշումը, ըստ էութեան, կարող է դառնալ 21-րդ դարի նոր Սառը պատերազմի մեկնարկային կէտը։ Նոր՝ որովհետեւ, ինչպէս նշեցինք, այս անգամ պայքարը չի լինելու գաղափարների, այլ՝ տեխնոլոգիաների շուրջ։ Նոր, որովհետեւ բախման ճակատները բաժանւելու են ոչ թէ աշխարհագրական, այլեւ տեխնոլոգիական, թւային ու տեղեկատւական սահմաններով։ Սակայն այն մարդկութեան համար նոյնքան վտանգաւոր կը լինի, որքան հինը՝ յագեցած անվստահութեամբ, սպառնալիքներով եւ վախով։

Մարդկութիւնը կրկին կանգնած է այն նոյն հին ու ծանօթ մարտահրաւէրի՝ միջուկային կործանման սպառնալիքի առջեւ։ Եւ այսօր, երբ աշխարհաքաղաքական քարտէզի վրայ կրկին ուրւագծւում են միջուկային բեւեռների սահմանները, մնում է միայն յուսալ, որ այս վերադարձը դէպի անցեալ չի վերածւի ապագայի մռայլ տեսլականի, եւ որ այս անգամ բանականութիւնն ու մարդկութեան հաւաքական պատմական յիշողութիւնը կը դառնան այն զսպող գործօնները, որոնք չեն թոյլատրի, որ Սառը պատերազմի կրակը կրկին բոցավառւի, այս անգամ՝ շատ աւելի վտանգաւոր եւ անկառավարելի ուժգնութեամբ։

Related Articles

Back to top button