Դոկտ. Քազեմի. «Թէ ինչո՞ւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները չեն ազդում Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների դէմ Իրանի սկզբունքային դիրքորոշումների վրայ»

«ԱԼԻՔ» – ԻՅՊԿ-ում Գերագոյն առաջնորդի ներկայացուցչի քաղաքական բաժնի հրապարակած տեսանիւթում Եւրասիայի հարցերով աւագ գիտաշխատող, դոկտոր Ահմադ Քազեմին պատասխանել է այն հարցին, թէ ինչու Սիրիայում զարգացումները չեն ազդում Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւններին հակադրւելու Իրանի սկզբունքային դիրքորոշման վրայ:
Փորձագէտն ակնարկելով Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխութեան մասին նշել է, որ Թուրքիան ժամանակից առաջ ընկնելով տեղի ունեցածը համարելով իր յաղթանակը շարունակում է տօնել, հաշւի չառնելով, որ Սիրիայում ալեւիներն ու քրդերը, ինչպէս նաեւ ԴԱԷՇ-ին հակադրւող այլ ուժերը ոչ պակաս կարեւոր գործօն են իրավիճակը շտկելու համար:
Թուրքիայում ու Ադրբեջանի Հանրապետութիւնում Սիրիայի զարգացումները ներկայացւում են «Իրանի նկատմամբ տարած յաղթանակ» ձեւակերպմամբ, ինչն ամբողջապէս համապատասխանում է անգլոսաքսոնական քարոզչամեքենայի նպատակներին: Նպատակը մէկն է Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւններ առաջացնելու համար հասարակական կարծիք ձեւաւորելով միջազգային հանրութեանը պատրաստել նման զարգացումների համար:
Դոկտ. Քազեմին այս կապակցութեամբ նշել է, որ իրանցիների համար հարազատ երկրի անմիջական հարեւանութեանը գտնւող Կովկասում իրականացւող իւրաքանչիւր իրադարձութիւն կարեւոր է, քան որ պատմութեամբ ու հոգով ու մշակոյթով կապւած են Իրանի հազարամեակների պատմութեան հետ փոխկապակցւած մշակոյթներին ու համընդհանուր քաղաքակրթութեան հետ: «Դժւար չէ պատկերացնելը, որ Իրանին իր պատմական կապերից եւ հարազատ մշակոյթով ժողովուրդներից կտրելը այն կարմիր գիծն է, որից առաջինը թոյլ չի տայ անցնել՝ իրանցին, յատկապէս, ատրպատականցի ազերին»,- նշել է փորձագէտը եւ յաւելել, որ Կովկասում ներմուծւած խորթ ինքնութիւնների փոխարէն իրանցիների յիշողութեան սկիզբը «Թուրքմենչայ»-ով չէ, այլ այդ կապն ու հարազատ հողի կանչը հազարամեակների անցեալ ունի ողջ իրանցիների համար:
Դոկտ. Քազեմին անդրադառնալով «թուրքական աշխարհ» շինճու ծրագրին, ինչպէս նաեւ Ռուսաստանն՝ Իրանին ու Չինաստանին կապող շրջանները անվերահսկելի դարձնելու նպատակին նշել է. «Այս մասին այժմ շատ լաւ փոխընկալում կայ երեք երկրների միջեւ, յատկապէս ներկայացւած վտանգների առումով: Իսկ աշխարհում տեղի ունեցող զարգացումների առանցքում այժմ Կովկասի ճակատագիրն է, ինչը նաեւ Արեւմուտք-Արեւելք հակադրութիւնների կիզակէտում է յայտնւել, քանի որ անգլոսաքսոնական նախագծի իրականացման կարեւոր օղակը դառնալով այն, վերածւել է աշխարհի հակամարտութիւնների հանգուցալուծման կարեւորագոյն հանգոյցի»:
Փորձագէտը եզրակացրել է, որ յունւարի 17-ին Մոսկւայում ստորագրւած Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագրից յետոյ, յատկապէս, երկու երկրների յարակից տարածաշրջաններում, այդ թւում՝ Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանումը կողմերի համար համարւում է անվիճարկելի իրողութիւն եւ Ռուսաստանի ու Իրանի մօտեցումները «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ նման են: