Ծիծաղելի, անհիմն եւ անպատասխանատու
ԱԳՆ-ն հերքել է Իրանին ուղղւած G7-ի մեղադրանքները

«ԱԼԻՔ» – ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ամբողջութեամբ հերքել է Մեծ Եօթնեակի (G7) ԱԳ նախարարների վերջին մեղադրանքներն Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ՝ դրանք որակելով անհիմն եւ անպատասխանատու։
Բաղային ծիծաղելի է համարել Իրանին տարածաշրջանում ապակայունացնող պահւածքի մէջ մեղադրելը, եւ անդրադառնալով G7-ի անդամ երկրների, յատկապէս ԱՄՆ-ի, Կանադայի եւ երեք եւրոպական երկրների՝ ցեղասպան Սիոնիստական ռեժիմին սպառազինութեան, ֆինանսական ու քաղաքական աջակցութիւն ցուցաբերելու եւ տարածաշրջանում նրանց այլ ռազմական եւ քաղաքական միջամտութիւններին՝ յայտարարել է, որ կայունութեան եւ անվտանգութեան վերադարձը Մերձաւոր Արեւելքի տարածաշրջան ենթադրում է դադարեցնել այդ երկրների միջամտողական քաղաքականութիւնը տարածաշրջանային հարցերում։
ԱԳՆ մամլոյ խօսնակն ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան օրինական իրաւունքն ու իրաւական պատասխանատւութիւնը՝ պաշտպանելու Իրանի ժողովրդին, տարածքային ամբողջականութիւնը եւ ազգային ինքնիշխանութիւնը ցանկացած սպառնալիքից եւ ագրեսիայից՝ անհրաժեշտ է համարել Իրանի ռազմապաշտպանական կարողութիւնների զարգացումը միջազգային օրէնքներին ու չափանիշներին համապատասխան:
Նա յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտպանունակութիւնը, երկրի ազգային անվտանգութիւնն ապահովելուց բացի, համահունչ է Արեւմտեան Ասիայի տարածաշրջանի խաղաղութեանն ու անվտանգութեանը։
Անհիմն համարելով որեւէ կասկած Իրանի խաղաղ միջուկային գործունէութեան եւ ուրանի հարստացման ծրագրի նկատմամբ, Բաղային շեշտել է, որ Իրանի խաղաղ միջուկային գործունէութիւնը նախատեսւած է եւ իրականացւում է ըստ երկրի տեխնիկական ու արդիւնաբերական պահանջների, եւ համապատասխանում է Միջուկային զէնքի չտարածման պայմանագրի եւ NPT-ի շրջանակում Իրանի ստանձնած պարտաւորութիւններին եւ իրաւունքներին:
ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը յիշեցնելով Իրանի առաջատար դերը միջուկային զէնքից զերծ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանի ստեղծման գործում՝ այդ նպատակի իրականացման միակ խոչընդոտը համարել է Սիոնիստական օկուպացիոն ռեժիմը, որը G7-ի լիակատար աջակցութեամբ շարունակում է զանգւածային ոչնչացման զէնք մշակել՝ միջազգային անվտանգութեանն ու խաղաղութեանը լուրջ վտանգի եւ սպառնալիքների առջեւ կանգնեցնելով: