ՄիջազգայինՔաղաքական

Կախա Գոգոլաշւիլի. «Հարաւային Կովկասում ՌԴ հետագայ քաղաքականութիւնը կախւած է Ուկրաինայի շուրջ գլխաւոր գործարքից»

«ԱԼԻՔ»- Մինչ ուկրաինական եւ ռուսական անօդաչու թռչող սարքերը թիրախաւորում են միմեանց տարածքները՝ նոր վնասներ ու զոհեր պատճառելով, հատելով մինչեւ անգամ Մոլդովայի ու Ռումինիայի օդային տարածքները, Աբու Դաբիում ռուսական ու ամերիկեան պատւիրակութիւններն, ըստ արեւմտեան մամուլի, շարունակում են բանակցութիւններն Ուկրաինայի հարցով կարգաւորման Թրամփի 28 կէտանոց առաջարկի շուրջ։

Կիրակի օրը Ժնեւում ուկրաինա-ամերիկեան բանակցութիւններից յետոյ, Politico  պարբերականի համաձայն, փաստաթուղթը մշակւել է, կրճատւել՝ 28 կէտանոց առաջարկը վերածւել  19 կէտանոց առաջարկի, դուրս են բերւել փաստաթղթից մի քանի ամենազգայուն պահանջներից։ Մասնաւորապէս,  նշւում է, որ հանւել է այն կէտը, որը պահանջում էր Ուկրաինայից Դոնբասը զիջել Ռուսաստանին, ինչպէս նաեւ այլ տարածքային դրոյթներ։ Հրապարակման համաձայն՝ սա այն պլանի տարբերակն է, որը ԱՄՆ բանակի նախարար Դէն Դրիսկոլը ներկայացնում է ռուսական պատւիրակութեանն Աբու Դաբիում ընթացող բանակցութիւններում։ Հանդիպումները սկսւել են երէկ եւ կը շարունակւեն այսօր։ Մոսկւան պաշտօնապէս չի հաստատել այս տեղեկատւութիւնը։

Ըստ Bloomberg-ի՝ ռուս բանակցողները վերանայւած ծրագիրը համարել են «աննշան» եւ յայտարարել են, որ անհնար է օգտագործել այն՝ որպէս կարգաւորման հիմք։ CBS News-ը եւ Financial Times-ը նոյնպէս հաստատում են, որ Դրիսկոլը գտնւում է Աբու Դաբիում՝ ռուսական կողմի հետ հանդիպումների համար։ Իսկ Կրեմլի խօսնակ Դմիտրի Պէսկովը պարզապէս յայտարարել է. «Մենք դեռ ասելիք չունենք։ Մենք հետեւում ենք լրատւամիջոցների հաղորդագրութիւններին եւ վերլուծում դրանք»։

Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնն էլ յայտարարել է, թէ Ուկրաինայում խաղաղութեան հաստատման ամերիկեան ծրագիրը քայլ է ճիշտ ուղղութեամբ դէպի խաղաղութիւն, այն արժանի է քննարկման։  «Մենք խաղաղութիւն ենք ուզում, բայց ոչ այնպիսի խաղաղութիւն, որն իրականում կապիտուլիացիա է»,- յայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խօսքով՝ տարածքային զիջումների հարցում որոշումներ կարող են կայացնել բացառապէս ուկրաինացիները։

«Այն, ինչ դրւած է բանակցութիւնների սեղանին, պատկերացում է ստեղծում, թէ ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդեօ՞ք դա նշանակում է, որ դա պէտք է ընդունելի լինի նաեւ ուկրաինացիների եւ եւրոպացիների համար։ Պատասխանն է՝ ոչ»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։ Ինչպէս Ֆրանսիան, այնպէս էլ Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու եւրոպական մի շարք ղեկավարներ աջակցում են Վլադիմիր Զելենսկիին, փորձում են ամերիկեան կողմից աւելի մեղմ փաստաթուղթ ստանալ, կամ առաջարկում են փաստաթղթի իրենց տարբերակը՝ բաղկացած 24 կէտից։ Իսկ ԱՄՆ-ը, ըստ արեւմտեան մի շարք պարբերականների, աննախադէպ ճնշումներ է բանեցնում ուկրաինական կողմի նկատմամբ գործարքի կնքման նպատակով։

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ բանակցային բարդ գործընթաց է մեկնարկել, քանի որ առաջարկւած փաստաթուղթը բարդ է ընդունել ուկրաինական տեսանկիւնից, եթէ դիտարկենք իրավիճակը։ Միւս կողմից՝ նրա խօսքով, բանակցելու առաջարկը որեւէ մէկը չի ցանկանում մերժել, քանի որ դա կարող է ենթադրել պատերազմի գօտում իրավիճակի էլ աւելի սրում, աշխարհագրութեան ընդլայնում եւ մի շարք ռիսկեր։

Ըստ վերլուծաբանի՝ ակնյայտ է նաեւ, որ սա գործարքի պլան է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, Եւրոպան ցանկանում է աւելացնել Ուկրաինայի ու իր շահն այս ամէնում, որին էլ միտւած է այս օրերին ԵՄ եւ մի շարք եւրոպական երկրների քաղաքականութիւնը։

«Բոլորն են հասկանում, որ պլանը ներկայացւած է, ամերիկեան կողմն իսկապէս ցանկանում է գործարքը կայացնել, սկզբնական փաստաթղթում ներառւած էին կէտեր, որոնք հիմնականում ընդունելի էին ռուսական կողմի համար, սակայն ներկայումս Եւրոպան եւ Ուկրաինան փորձում են առաջ մղել այն տեսակէտը, որ այն պէտք է աւելի բալանսաւորւած լինի։

Միւս կողմից՝ գործընթացի տապալումը, որը շատ հաւանական է, ռիսկային է։ Եթէ ամերիկեան կողմը հրաժարւի այս ջանքերից, ակնյայտ է նաեւ, որ բանակցութիւնների հնարաւորութիւնը կը նւազի, պատերազմը կերկարաձգւի։ Ուստի այստեղ իրավիճակը բարդ է թէ միջնորդի համար, որը ժամանակ առ ժամանակ ճնշում է բանեցնում Ուկրաինայի, Ռուսաստանի նկատմամբ, թէ եւրոպական կողմի համար է բարդ, թէ Ուկրաինայի։

Տեսնում ենք, որ զուգահեռ այս ամէնին՝ դրոնային յարձակումների ծաւալն էապէս աճել է, որը եւս ճնշման միջոց է, պէտք է հետեւել բանակցութիւններին։ Կարծում եմ՝ ներկայումս ռուս-ամերիկեան բանակցութիւնները կարեւոր են, չեմ կարծում, թէ փոփոխւած տարբերակն ընդունելի լինի ՌԴ-ի համար, գուցէ սա յանգեցնի Ուկրաինայի նկատմամբ էլ աւելի մեծ ճնշումների կամ գործընթացի չեղարկման։ Սա Թրամփի վարչակազմի արդէն երկրորդ կամ երրորդ փորձն է»,- ասել է Կախա Գոգոլաշւիլին:

Ինչ վերաբերում է հարաւկովկասեան ռեգիոնին, ապա նա գտնում է, որ հնարաւոր կարգաւորումը կունենայ իր ազդեցութիւնը։

Սակայն, նրա խօսքով՝ չափազանց կարեւոր է դիտարկել այն, թէ ինչպէս կաւարտւի պատերազմը, ինչ փաստաթուղթ կը համաձայնեցւի, պատերազմից ինչ իրավիճակով դուրս կը գայ Ռուսաստանը։ Դա, նրա որակմամբ, Հարաւային Կովկասի համար կարեւոր է։

«Չի բացառւում, որ որոշակի սցենարների դէպքում Ռուսաստանը փորձի ակտիւանալ այս ռեգիոնում, գուցէ փորձեն ակտիւացնել 3+3 ձեւաչափը կամ այլ ֆորմատներ, այդ թւում՝ երկկողմ յարաբերութիւնների վրայ աշխատելով։ Նաեւ սա է պատճառը, որ եւրոպական երկրները ցանկանում են վիճարկել առաջարկւող պլանը, ցանկանում են, որ այն չբխի միմիայն Ռուսաստանի շահերից։ Պատերազմի աւարտից յետոյ Ռուսաստանն էապէս կը վերանայի իր արտաքին քաղաքականութիւնը, սակայն, թէ ինչ ուղղութեամբ կընթանայ, որ սցենարով կառաջնորդւի, կախւած է գլխաւոր համաձայնութիւնից»,- ասել է Կախա Գոգոլաշւիլին։

Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button