ԻրանՔաղաքական

Իրանի նախագահական ընտրութիւններ. Ազդե՞լ են արդեօք էթնիկական մօտեցումները արդիւնքների վրայ

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Իրանում կայացած նախագահական ընտրութիւնների առաջին փուլի արդիւնքներից չգիտես ինչու ոգեւորւեցին Իսրայէլին յենակէտ ծառայող պետութիւնները, որոնք երբեւէ չեն թագցրել Իրանը պառակտւած տեսնելու իրենց երազանքը: Այս կապակցութեամբ արժէ յիշեցնել, որ նախագահութեան թեկնածուներն, անկախ կուսակցական ու քաղաքական պատկանելիութիւնից ու մօտեցումներից, բազմիցս յայտարարել են Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանադրութեանն ու պետականութեանը հաւատարիմ լինելու մասին, որտեղ տեղ չունի, յատկապէս, Իրանի ամբողջականութիւնը կասկածի տակ տանող որեւէ միտւածութիւն:

Սակայն այլ է տեղեկատւական պատերազմում հեգեմոն թելադրող երկրների ու արտատարածաշրջանային ուժերի մօտեցումը, յատկապէս, տարածաշրջանում կայունութիւն թելադրող Իրանի անցուդարձերի ու զարգացումների շուրջ: Այս կապակցութեամբ չուշացաւ BBC-ի հրապարակումները, որտեղ լրակազմութեան մէջ նրբանկատօրէն կիրառւում են բառակապակցութիւններ, որոնցում լսարանի աչքին սկսում են սովորական դառնալ, ասենք, «Հարաւային» Ադրբեջանը, որն ուղիղ իմաստով թիրախաւորում է Իրանի Ատրպատականը, կամ «Ծագումով ադրբեջանցի նախագահի թեկնածու» եւ այլն:

Նոյն խնդրի մասին գրառում հրապարակելով, դոկտ. Էհսան Մովահեդիանը յիշեցրել է պատմական սխալների մասին եւ նշել, որ Արաքսից հիւսիս գտնւող Արան եւ Շիրւան տարածքի համար Ադրբեջան պատմական անւանումը կեղծողները հէնց նման առիթների համար էին պատրաստել իրենց ծրագրերը:

Ընտրութիւնների արդիւնքների հրապարակումից անմիջապէս յետոյ ուշադրութեան կենտրոնում՝ վերլուծաբանների եւ քաղաքական մեկնաբանների հրապարակումներն էին, այդ թւում Սալար Սէյֆոլդինին իր տելեգրամեան հրապարակումով:

Դոկտ. Սէյֆոլդինին՝ «Որքանո՞վ էր արդիւնաւէտ էթնիկական մօտեցումները ընտրութիւնների արդիւնքի վրայ» յօդւածում անդրադարձել է թեկնածուներից մէկի՝ Փեզեշքիանի հաւաքած ձայներին եւ նշել, որ թէեւ նա ստացել է իր ծննդավայր համարւող նահանգի ու յարակից շրջանների քւէների մեծ տոկոսը, այնուամենայնիւ նրան քւէարկողներին ազգութիւնն ու գաւառական լեզուն չէ, որ միաւորել է: «Ըստ պաշտօնական տւեալների՝ Արեւելեան Ատրպատական նահանգի մասնակցութիւնը 1400 թւականի (նախորդ) նախագահական ընտրութիւնների համեմատ էական տարբերութիւն չունեցաւ, որի համաձայն գրանցւել է նոյն՝ 44 տոկոսը։ Մինչ ակնկալւում էր, որ այս շրջանի բնակիչներն աւելի մեծ ցանկութիւն կունենան խորհրդարանի իրենց վերջին չորս շրջանի պատգամաւորին Պաստոր ուղարկելու համար»,- ընդգծել է նա:

Ազգագրական եւ ազգութիւնների հարցերով փորձագէտը յաւելել է, որ Արդաբիլում, որտեղ 1400-ին գրանցւած արդիւնքների համաձայն մասնակցութեան ցուցանիշը կազմել էր 55 տոկոս, ուրբաթ օրւայ ընտրութիւններին  քւէարկելու է գնացել ընտրելու իրաւունք ունեցողների 46 տոկոսը միայն։ Իսկ 1400 թւականին մօտ 46 տոկոս մասնակցութիւն ունեցող Արեւմտեան Ատրպատականն այս անգամ մասնակցել է շուրջ 40 տոկոսով, 46 տոկոսով Զանջանը երեք տարի առաջւայ համեմատ անկում է ունեցել աւելի քան 9 տոկոսով։

Նա վերջում նշել է, որ Քուրդստանում, որը 1400 թւականին գրանցել էր 37 տոկոս մասնակցութիւն, այս անգամ քւէարկութեան է գնացել բնակչութեան 27 տոկոսը։

Սալար Սէյֆոլդինին ընդգծել է, որ վիճակագրութեան համաձայն էթնիկական յատկանիշերով չէ, որ պայմանաւորւած էին այս ընտրութիւնները, եւ, որ Փեզեշքիանի տոհմական ծագումը ազդեցիկ չէր ընտրողների մասնակցութեան հարցում:

Փորձագէտը յիշեցնելով Իրանի պատմութեան եւ առհասարակ ժողովուրդ հասկացութեան ձեւաւորման հարցում Իրանի պատմական դերակատարութեան մասին նշել է, որ ընտութիւնները Իրանում կայանում են իմաստային այլ հարթակի վրայ, որտեղ մարդիկ  քւէարկում են կատարման, ծրագրի եւ տեսլականի օգտին, այլ ոչ թէ յօրինւած ինքնութիւնների քարոզչութեան ազդեցութեան տակ:

Սալար Սէյֆոլդինին, ով նոյնպէս թաւրիզեցի է նշում է, որ Փեզեշքիանի շուրջ կատարւող քարոզչութեան լուսանցքի ստւերում երեւում է նաեւ նրա կողմից բարձրաձայնւած այնպիսի մտքերը, որոնք ժամանակին մեկնաբանւել են որպէս ռասայական մօտեցում, ինչը, յատկապէս, այս դէպքում արձանագրւած փաստ է, որ նրանից խլել է բազմաթիւ ձայներ, որոնք կարող էին ուղղւել նրան, եթէ նման երեւոյթի մասին խօսք եղած չլինէր:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Բաքւի նաւթադոլարներից սնւող քարոզչամեքենաներն, այդ թւում BBC-ն, այս անգամ եւս սխալ հաշւարկներով են չափում Իրանի ժողովրդի գիտակցութիւնը, ով բազմիցս է ապացուցել, որ ունի իր կարմիր գծերը, որոնք պայմանաւորւած չեն որեւէ անձի ու պաշտօնեայի փոփոխութեամբ, յատկապէս, եթէ խօսքը երկրի ամբողջականութեան կամ տարածաշրջանի անվտանգութեան եւ  ազգային շահերի մասին լինի:

Related Articles

Back to top button