«ԱԼԻՔ» – 14-րդ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլին ընդառաջ, պահպանողականները կոնսոլիդացնում են իրենց ուժերն ու հնարաւորութիւնները՝ համախմբւելով Սաիդ Ջալիլիի առանցքի շուրջ:
Երէկ՝ յունիսի 29-ին, արդէն նախկին թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը յայտարարել է, որ ընտրութիւնների երկրորդ փուլում անվերապահօրէն աջակցում է Սաիդ Ջալիլիին:
«Պէտք է շեշտեմ, որ ճանապարհը դեռեւս աւարտւած չէ, եւ չնայած այն հանգամանքին, որ ես անձամբ յարգում եմ դոկտ. Փեզեշքիանին, սակայն նրա շրջապատի որոշ անձանց հետ կապւած մտահոգութիւնների պատճառով, խնդրում եմ բոլոր յեղափոխական ուժերին եւ իմ կողմնակիցներին օգնել, որպէսզի այն հոսանքը, որը դարձել է մեր տնտեսական եւ քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնայ իշխանութիւն, ուստի բոլորս պէտք է փորձենք 14-րդ կառավարութեան ղեկավար ընտրենք յեղափոխութեան ճակատի թեկնածու դոկտ. Ջալիլիին»,- ասւած է Ղալիբաֆի հրապարակած յայտարարութեան մէջ:
Միեւնոյն ժամանակ, պահպանողական մէկ այլ նախկին թեկնածու, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին նոյնպէս կարեւորել է պահպանողական բոլոր ուժերի համախմբումը Սաիդ Ջալիլիի առանցքի շուրջ: Նա սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել նշելով մի քանի կարեւոր կէտեր.
«1. Առաջիկայ օրերը յեղափոխական ճակատի համար ամենակարեւորն ու ճակատագրականն են։ Եթէ առաջին փուլում յեղափոխական ուժերի մէջ անհամաձայնութիւն կար թեկնածուների նկատմամբ բարեփոխումների ցուցանիշները կիրառելիս, ապա հիմա Աստւած մեզ եւս մէկ հնարաւորութիւն է տւել, եւ երկրորդ փուլում այլեւս տարաձայնութիւններ չեն լինի։ Միակ ճիշտ օրինակը կը լինի պարոն Ջալիլին:
2. Ղալիբաֆի, Ղազիզադէ Հաշեմիի եւ նրանց բոլոր համախոհների ջանքերի շնորհիւ այժմ բոլորի, յատկապէս իմ բոլոր գործընկերների պարտականութիւնն է անել հնարաւորը եւ համոզել միւսներին քւէարկել Ջալիլիի օգտին երկրորդ փուլում։
3. Վստահ եմ, որ Ղալիբաֆը անշահախնդիր դուրս կը գայ պայքարելու եւ կը խաղայ իր առանցքային դերը 14-րդ կառավարութեան ձեւաւորման գործում՝ շարունակելու նահատակ Ռէյիսիի աշխատանքը»,- գրել է նա:
Աւելի ուշ, Սաիդ Ջալիլիի նախընտրական շտաբի պետ Մոհսէն Մանսուրին Ղալիբաֆի, Ղազիզադէ Հաշեմիի եւ Զաքանի նախընտրական շտաբների պետերի հետ կայացած համատեղ հանդիպման լուսանկարն է հրապարակել:
«Ընտրութիւնների երկրորդ փուլում յեղափոխութեան ճակատն ամրապնդելու նպատակով, ջերմ, համատեղ հանդիպում ունեցանք դոկտ. Ղալիբաֆի, դոկտ. Զաքանիի եւ դոկտ. Ղազիզադէ Հաշեմիի նախընտրական շտաբների պետերի՝ իմ եղբայրների՝ դոկտ. Նիքզադի, դոկտ. Ֆորուզանդէի եւ դոկտ. Միրշամսի հետ: Տայ Աստւած, միասնութեամբ յաղթենք»,- լուսանկարին կից գրել է Ջալիլիի շտաբի պետը: