ԻրանՔաղաքական

Փեզեշքիան. «Իրանն անպատասխան չի թողնի իր ինքնիշխան տարածքի  ու անվտանգութեան խախտման փորձը»

«ԱԼԻՔ» – «Իսրայէլի ղեկավարները գիտեն, որ եթէ սխալ թոյլ տան Իրանի դէմ, կոշտ պատասխան կը ստանան։ Թէեւ, եթէ նրանք վերանայեն իրենց վարքագիծը եւ ընդունեն հրադադարը եւ դադարեն սպանել տարածաշրջանի ճնշւած ու անմեղ ժողովուրդներին, դա կարող է ազդել պատասխանի տեսակի ու խստութեան վրայ»: Այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահը կառավարութեան երէկւայ նիստի ընթացքում։

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերյիշելով Համաշխարհային ամբողջատիրութեան դէմ պայքարի ազգային օրը՝ Աբանի 13-ը, նշել է, որ Իրանի ժողովրդի ազգային արժէքներն ու Իսլամական յեղափոխութիւնը, անկախութիւնն ու արդարութեան համար մղւող պայքարը բիւրեղացած են բռնապետութեան դէմ պայքարի մէջ եւ յաւելել է. «Մենք երբեք պատերազմ սկսող կողմը չենք եղել,  եւ ոչ մի երկրի էլ խորհուրդ չենք տւել պատերազմել: Փոխարէնն ԱՄՆ-ն միշտ պատերազմներ է սկսել աշխարհի տարբեր ծայրամասերում, այդ թւում՝ մեր տարածաշրջանում, իսկ այսօր, Սիոնիստական ​​ռեժիմի միջոցով վառ է պահել պատերազմի կրակը տարածաշրջանում»։

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն անպատասխան չի թողնի իր անվտանգութեանն ու տարածքային ամբողջականութեան խախտմանն ուղղւած որեւէ փորձ, Փեզեշքիանը խօսքն ուղղել է տարածաշրջանի երկրների ղեկավարներին, եւ ասել. «Այսօր տարածաշրջանի բոլոր երկրները տեսնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ձգտում է, որ տարածաշրջանում հաստատւի խաղաղութիւն ու կայունութիւն: Նրանք միաժամանակ  գիտակցում են, որ Սիոնիստական ​​ռեժիմն է, որ հետամուտ է ճգնաժամի ու պատերազմի սաստկացմանը՝ ունենալով Միացեալ Նահանգների եւ Արեւմուտքի աջակցութիւնը»:

Նա ամօթալի է որակել «Մարդու իրաւունքների պաշտպանների» պահւածքը Գազայում եւ Լիբանանում եւ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հազարաւոր անմեղ կանանց ու երեխաների սպանդի նկատմամբ լռութիւնն ու յաւելել. «Մենք երբեւէ մարդկանց չենք սպանել, կամ նրանց չենք զրկել սննդից ու դեղորայքից: Գազայում ու Լիբանանում տեղի ունեցողը մարդկութեան դէմ յանցագործութիւն է: Փոխարէնն առանց ամաչելու նրանք ոչ միայն մեղադրում են Իրանին, այլ, նաեւ, միւս ազգերին ու երկրներին՝ որպէսզի ճնշւելով ենթարկւեն Արեւմուտքի պահանջներին: Բայց նրանց պէտք է ասել, որ ազատատենչ ժողովուրդները գլուխ չեն խոնարհելու բռնարարաների ճնշումների առաջ եւ շարունակելու են պայքարել»:

Related Articles

Back to top button