Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Փարիզում ցուցադրւում են Բաքւում պատանդառւած 19 հայ քաղաքական բանտարկեալների դիմանկարները

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացւել է Ադրբեջանում պատանդառւած 19 հայ քաղաքական բանտարկեալներին նւիրւած ցուցահանդէսը։ Նախաձեռնութիւնը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդին (CCAF)։ Միջոցառման նպատակն է յիշեցնել՝ Ադրբեջանի կողմից արցախահայութեան նկատմամբ կիրառւած բռնութիւնն ու բռնի տեղահանութիւնն ուղեկցւել են Արցախի քաղաքական ղեկավարութեան ձերբակալութիւններով։

Այսօր նրանցից 19-ը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Քաղաքապետարանի շէնքի վրայ ցուցադրելով հայ գերիների դիմանկարները՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկանում է հանրային ուշադրութիւն հրաւիրել նրանց ճակատագրին։ Փարիզի այս նախաձեռնութիւնը մեկուսացւած քայլ չէ. Ֆրանսիայի մայրաքաղաքը տարիներ շարունակ հետեւողականօրէն իր աջակցութիւնն է յայտնում արցախահայութեանը։

Դեռեւս 2020 թւականին Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարութեանը ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։ 2023 թւականին՝ Արցախի շրջափակման եւ հայ բնակչութեան նկատմամբ ադրբեջանական ճնշումների խստացման շրջանում, Փարիզը մարդասիրական օգնութիւն նախաձեռնեց, իսկ քաղաքապետ Անն Իդալգոյի գլխաւորած պատւիրակութիւնն անձամբ մեկնեց Հայաստան՝ հասնելով մինչեւ Հակարիի կամուրջ՝ աջակցելու շրջափակւած արցախահայերին։ Նոյն թւականի նոյեմբերին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատւաւոր քաղաքացու կարգավիճակ՝ վերահաստատելով քաղաքի քաղաքական, բարոյական եւ մարդասիրական համերաշխութիւնը։

Փարիզի դիրքորոշումը լիովին համահունչ է Ֆրանսիայի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աճող ներգրաււածութեանը։ 2026 թւականի փետրւարի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձեւ՝ պահանջելով Ադրբեջանում պահւող հայ պատանդառւած բանտարկեալների ազատ արձակումը։ Նոյն տարւայ յուլիսին Կորսիկայի խորհրդարանը հանդէս եկաւ «Աջակցութիւն Արցախին եւ Ադրբեջանում պահւող հայ պատանդառւած բանտարկեալների ազատ արձակում» վերնագրով որոշմամբ։ Աւելի վաղ՝ 2025 թւականի դեկտեմբերին, Նիցցայի քաղաքապետարանը եւս քաղաքապետարանի շէնքի ճակատին փակցրել էր հայ պատանդառւած բանտարկեալների դիմանկարները՝ պահանջելով նրանց շուտափոյթ ազատումը։ Այս գործընթացներից անմասն չէ նաեւ Եւրախորհրդարանը, որը բազմիցս է պահանջել Բաքւից ազատ արձակել հայերին. 2025 թւականի ապրիլի 2-ի բանաձեւով կառոյցը պահանջել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ընդգծել արցախահայութեան՝ անվտանգ, անարգել ու արժանապատիւ վերադարձի իրաւունքը։

«Այսօր Փարիզում ցուցադրւող 19 դիմանկարները լոկ բանտարկեալների դէմքեր չեն. դրանք Արցախի պատմութեան, նրա քաղաքական կեանքի եւ նրա ժողովրդի իրաւունքների կենդանի վկայութիւններն են»,- արձագանգել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանը։ Ցուցահանդէսը միաժամանակ յիշեցնում է արցախահայութեան՝ սեփական հայրենիք վերադառնալու իրաւունքի մասին։ Հարկ է նշել, որ դեռեւս 2023 թւականի նոյեմբերի 17-ին Արդարադատութեան միջազգային դատարանը պարտաւորեցրել էր Ադրբեջանին ապահովել Արցախն ստիպողաբար լքած անձանց անվտանգ, անարգել եւ արագ վերադարձը։

Այդ իրաւական պարտաւորութիւնը մինչ օրս մնում է թղթի վրայ։ «Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դէմքերը շարունակելու են յիշեցնել աշխարհին, որ արդարութիւնը չի կարող փոխարինւել մոռացութեամբ, իսկ մարդու ազատութիւնը՝ քաղաքական պայմանաւորւածութիւններով»,- նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանեանը։

Տասնինը դէմք, տասնինը ճակատագիր եւ մէկ ընդհանուր պահանջ՝ ազատութի՛ւն։

Related Articles

Back to top button