«ԱԼԻՔ», ՀՍՏԻՍ – 14-րդ նախագահական ընտրութիւններին մօտենալուն զուգահեռ սկսել են հրապարակւել պաշտօնական հարցումների արդիւնքները։ Սակայն անցկացւած հարցումների արդիւնքները տարբեր կայքերում միմեանցից տարբերւող եզրայանգումներով են մեկնաբանւել, ինչին զգուշացնող յայտարարութեամբ է արձագանգել նաեւ «ՖԱԹԱ»-ն (վիրտուալ լրատւամիջոցների եւ սոցցանցային էջերի ոստիկանութիւն):
Այնուամենայնիւ, համաձայն՝ առաջին հարցումների արդիւնքների, որոնք անց են կացւել յունիսի 18-ից 19-ը, աւելի է թէժացել ընտրապայքարի հետ կապւած աշխուժութիւնը՝ որոշ լրատւամիջոցներում ու վիրտուալ տարածքում:
Հարցումները թեր կամ դէմ մեկնաբանած բազում վերլուծութիւնների կողքին, պէտք է հաշւի առնել այն փաստը, որ դրանք անց կացրած կենտրոնի համաձայն՝ առաջին հարցման հիմնական նպատակը եղել է հնարաւոր մասնակցութեան մասին գաղափար կազմելը:
Յիշեցնենք, որ հարցումների անցկացման պաշտօնական միակ կենտրոնը, որը հիմնւում է վաւերական հարցման վիճակագրութեան վրայ, «Իրանի ուսանողների կարծիքի ուսումնասիրութեան կենտրոն»-ն է՝ ISPA-ն, որն էլ «ԲՈՒՀ-ական ջիհադ»-ի ենթակառոյցներից է: Կենտրոնը տարբեր ժամանակներում պարբերաբար համապետական հարցումներ է անցկացնում ընտրութիւնների վերաբերեալ, իսկ արդիւնքների հրապարակումը կենտրոնացած է ընտրութիւնների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի եւ երկրի 31 նահանգներում քւէարկութեան վարքագծի վերլուծութեան վրայ։
«ԷՂԹԵՍԱԴ-ՆԻՒԶ»-ի համաձայն՝ ISPA-ի հարցման արդիւնքները ցոյց են տւել, որ քաղաքացիների (ISPA-ին ձեռնահասութիւն ունեցող) 44.4%-ն ասել է, որ անպայման մասնակցելու է նախագահական ընտրութիւններին, իսկ 7.3%-ը նշել է, որ ամենայն հաւանականութեամբ կը մասնակցի այս ընտրութիւններին։ Բացի այդ, պատասխանողների 28.7 տոկոսն նշել է, որ չի պատրաստւում մասնակցել այս ընտրութիւններին, իսկ մօտ 15 տոկոսը դեռ այս մասին որոշում չի կայացրել կամ տատանւում է։
Նոյն կապակցութեամբ Իրանի 12-րդ կառավարութեան (Հասան Ռոհանիի) անվտանգութեան հարցերով խորհրդական Հեսամէդդին Աշնան «Ջամարան»-ին տւած հարցազրոյցում նշել է, որ 1403 թւականի ընտրութիւններն ունի իր առանձնայատկութիւնները, որոնց առաջին դրսեւորումը թեկնածուների յարաբերական բազմակարծութիւնն է եւ բոլոր հարցումներում հասարակութեան մասնակցութեան ցուցանիշի բարձրացումը, որպէս նպատակ։ «Այսպիսով, տարբեր հայեացքներով թեկնածուների բազմազանութիւնը, եւ ժողովրդի մասնակցութեան փաստի բաղադրիչներով է պայմանաւորւած նաեւ այս ընտրութիւնների արդիւնքները»,- նշել է նա:
Վերլուծաբան եւ քաղաքական ակտիւիստ Աբբաս Աբդին նոյնպէս կասկածի տակ դնելով ինստիտուտի անցկացրած հարցման արդիւնքների հիման վրայ հրապարակւած եզրակացութիւնները նշել է, որ դրանցում ներկայացւածը միայն Թեհրանի մասնակցութեան ցուցանիշի մասին է։
Փորձագէտների կարծիքով՝ եթէ չկողմնորոշւած ընտրազանգւածը որոշելու լինի մասնակցել, ապա մեծ հաւանականութեամբ երկրորդ փուլ է լինելու: Այսպիսով, հնարաւոր է պատկերացումները միանգամից փոխւեն: Դա նաեւ մեծ յաջողութիւն կը լինի կազմակերպչական առումով:
Այս առումով կարելի է ակնկալել, որ մեծանալու է հարցումներ անցկացնող կենտրոնների դերը, յատկապէս մոխրագոյն ընտրազանգւածի մօտ կարծիքների ձեւաւորման հարցում:
Վերջերս ISPA-ին էր վերագրւել նաեւ որոշ անիրատեսական հարցումներ։ Այս մասին երէկ ISPA-ն հաղորդագրութիւն է տարածել, որտեղ նշւած է. «Անհատ քաղաքացիների, քաղաքական հոսանքների եւ լրատւամիջոցների շահարկումներն ISPA-ին վերագրելը էթիկայից դուրս է եւ, բնականաբար, հաստատւած չէ։ Անցած 23 տարիների ընթացքում եւ կառավարման տարբեր ժամանակաշրջաններում ISPA-ն փորձել է հաւաստի տւեալներ հրապարակել ընտրութիւններից առաջ՝ օգտագործելով միայն գիտահետազօտական ձեւաչափը, միաժամանակ խուսափելով քաղաքական յակւածութիւնից: Այս ընթացակարգը կիրառւում է նաեւ այս ընտրութիւններում»։
Հարկ ենք համարում նշել, որ տարբեր լրատւամիջոցներ, ISPA-ին վերագրւած թւերով ու տոկոսներով փորձում են իրենց հայեացքներին մօտ կանգնած թեկնածուներին ներկայացնել, որպէս առաջատար դիրքն զբաղեցնող ընտրեալի:
Ոստիկանութիւնը զգուշացնում է կեղծ հարցումների հրապարակման համար
ՖԱԹԱ-ի ոստիկանապետ Վահիդ Մաջիդը ռադիոհաղորդման ժամանակ յայտարարութեամբ է հանդէս եկել, որտեղ մտահոգութիւն է յայտնել կեղծ հարցումների վերաբերեալ, կամ ընտրութիւնների թեկնածուների դէմ հրապարակումների մասին, այն որակելով որպէս անօրինականութիւն, որի վրայ դրւած է նաեւ յանցագործութեան յատկանիշ:
Նա մասնաւորապէս նշել է. «Թեկանծուների անհատականութիւնը վիրաւորող, նրանց դէմ հրապարակւելիք զրպարտութիւնը, եւ անիրական կամ անբարոյական բովանդակութիւն արտայայտելը, կամ թեկնածուների անձնական գաղտնիութեան հետ կապւած որեւէ անթոյլատրելի հրապարակում կը դիտարկւի որպէս յանցագործութիւն»:
Նա նաեւ զգուշացրել է անօրինական եւ ոչ պաշտօնական հարցումների արդիւնքների հիման վրայ հրապարակումներ տարածողներին, եւ նշել, որ դա եւս կարող է դիտարկւել, որպէս ընտրութիւններին ժողովրդի մասնակցութիւնը թիրրախաւորելու փորձ: