Դեսպան Սոբհանի. «Համոզւած ենք, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնների ապագան խոստումնալից է եւ ոչ մի ուժ չի կարողանայ այն իր ուղեգծից դուրս մղել»
Երեւանում, փետրւարի 9-ին անցկացւել է Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձին նւիրւած միջոցառում, որին ՀՀ-ում Իրանի դեսպանի հրաւէրով մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ:
Միջոցառմանը դեսպան Մեհդի Սոբհանին հանդէս է եկել ելոյթով, նշելով, որ Թեհրանը պաշտպանում է կայուն խաղաղութիւնը տարածաշրջանում, եւ աջակցում է Հայաստանի կառավարութեան «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծին:
Դեսպան Սոբհանին միեւնոյն ժամանակ ասել է, որ ցանկացած խաղաղութիւն պէտք է իր մէջ ներառի յարգանք երկրների ազգային ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմանների անփոփոխութեան նկատմամբ:
«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միշտ եղել է տարածաշրջանային խնդիրների ու ճգնաժամերի լուծման մաս: Այս զգայուն պահին իմ երկիրը կը շարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն ապահովելու համար: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պաշտպանում է կայուն խաղաղութիւնը տարածաշրջանում: Իրանի Իսլամական Հանրապետութեան տեսակէտն է՝ ցանկացած խաղաղութիւն պէտք է իր մէջ ներառի յարգանք երկրների ազգային ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմանների անփոփոխութեան նկատմամբ:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ողջունում եւ աջակցում է տարածաշրջանային նախաձեռնութիւնները, այդ թւում՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Փաշինեանի կողմից ներկայացւած «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութեանը՝ ուղղւած երկրների ազգային ինքնիշխանութեան շրջանակներում հաղորդակցութեան ուղիների աւելացմանը եւ ապաշրջափակմանը»:
Դեսպանը, անդրադառնալով Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ կայանալիք միջկառավարական համատեղ յանձնաժողովի 18-րդ նիստին, նշել է, որ այն աւելի շատ հնարաւորութիւններ կընձեռի յարաբերութիւնների զարգացման համար:
Դեսպանը նաեւ խօսել է առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացումից եւ ասել, որ շուրջ 120 հազար իրանցիների այցը Հայաստան երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման եւ ժողովուրդների միջեւ շփումների եւ հաղորդակցութեան աւելացման ապացոյցն է:
«Կասկած չունեմ, որ Թաւրիզում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացումը նախկինի համեմատ աւելի մեծ թափ կը հաղորդի երկու երկրների յարաբերութիւններին»,- ասել է նա:
Նկատելով, որ նախորդ տարի երկու երկրների միջեւ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը երկարաձգւել է՝ հնարաւորութիւն ստեղծելով աւելի մեծ ծաւալների գազ եւ էլեկտրաէներգիա փոխանակելու համար, դեսպանն ասել է, որ առկայ է հսկայական ներուժ երկու պետութիւնների եւ երկու ժողովուրդների միջեւ համագործակցութիւնն ամրապնդելու համար:
«Համոզւած ենք, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնների ապագան խոստումնալից է եւ ոչ մի ուժ չի կարողանայ այն իր ուղեգծից դուրս մղել»,- ասել է նա:
Անդրադառնալով Իրանի Իսլամական յեղափոխութեան 45-րդ տարեդարձին՝ դեսպանը նշել է. «45 տարի առաջ այս օրերին Իմամ Խոմէյնիի գլխաւորութեամբ Իրանի ժողովրդի փոթորկալից շարժումը յաջողութեամբ պսակւեց, եւ որի արդիւնքում տապալւեց բռնապետական թագաւորական համակարգը եւ այն փոխարինւեց ժողովրդի կամքի եւ ցանկութեան վրայ հիմնւած համակարգով: Ի հեճուկս շարունակական թշնամանքներին, դաւադրութիւններին, ահաբեկչական գործողութիւններին, պատերազմին եւ ժողովրդի ու իսլամական համակարգի դէմ կիրառւող դաժան պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնն աւելի դիմացկուն եւ վճռական է ընտրել աճի, բարգաւաճման, փառքի ու արժանապատւութեան ուղին»:
News.am