Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահագն Սարոյեան. «Ինչ մասշտաբի վտանգների կարող է յանգեցնել իշխանութիւնների հակաեկեղեցական արշաւը»

«ԱԼԻՔ» – «Տեւական ժամանակ է, ինչ գործող իշխանութիւններն իրականացնում են համակարգային եւ հետեւողական արշաւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպէս նաեւ, դրա ինստիտուտների եւ հոգեւոր առաջնորդութեան դէմ»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ռազմական փորձագէտ Վահագն Սարոյեանը:

«Առաջին հերթին պէտք է հասկանալ այդ վտանգաւոր գործընթացի մասշտաբը.

Աշխարհում գոյութիւն ունեցող հայկական եկեղեցիները, որոնք ենթարկւում են երկու Կաթողիկոսներին, ոչ միայն կրօնական կենտրոններ են, այլեւ համաշխարհային հայ համայնքների ինքնութեան, մշակութային եւ քրիստոնէական արժէքների պահպանման առանցքային օջախներ, որոնց միաբանութիւնն այսօր հետեւողականօրէն վնասում են:

Այս իշխանութիւնները սկսեցին իրենց հակաեկեղեցական գործողութիւնները կրօնական առաջնորդութեան հանդէպ անվստահութեան սերմանումից եւ Կաթողիկոսի հեղինակութեան թուլացումից, մինչեւ հոգեւոր դասի ներսում ներքին բաժանարար գծերի խորացում, որի ամենասարսափելի վտանգը երկպառակութիւնն է, ինչին որ փութկոտ քայլերով ձգտում է հասնել այս իշխանութիւնը:

Նման քայլերը պառակտում են ոչ միայն հոգեւորական խաւը, այլեւ ամբողջ հասարակութիւնը։ Հայութեան մի հատւած, ցաւօք սրտի, չկարողանալով տարբերել քաղաքական շահն ու իրական խնդիրները, ենթարկւում է իշխանական մանիպուլիացիային եւ ընդունում առաջ տարւած քարոզչական մօտեցումները։

Միւս հատւածը լռութեամբ հետեւում է ընթացող զարգացումներին, իսկ առաւել սթափ մտածողները բարձրաձայնում են, որ այս գործընթացները կարող են ունենալ բացասական՝ նոյնիսկ ճակատագրական հետեւանքներ ազգային միաբանութեան եւ ինքնութեան համար»,- գրել է նա:

Related Articles

Back to top button