Վահագն Մելիքեան. «Ալիեւից կախւած Փաշինեանն այլընտրանք չունի, գնալու է զիջումների. դա է իշխանութեան մնալու երաշխիքը»
Թէեւ մէկ տարուց աւելի է՝ Նիկոլ Փաշինեանի առաջարկած «Խաղաղութեան խաչմերուկ» բրոշիւրը որեւէ միջազգային լուրջ հարթակում քննարկման առարկայ չի դառնում, միեւնոյն է՝ նա պնդում է՝ իր առաջարկած բրոշիւրը համաշխարհային մակարդակի լուծում է։
Այդ մասին Փաշինեանը յայտարարել էր այս շաբաթ «Խաղաղութեան խաչմերուկ. միաւորելով անվտանգութիւնն ու ժողովրդավարութիւնը» համաժողովի ժամանակ՝ միաժամանակ շեշտելով՝ համաշխարհային մակարդակի այդ լուծմանը, բացի Իրանից, որեւէ այլ երկիր համաձայն չէ։
«Իսկ Բաքուն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միեւնոյն ժամանակ՝ ՀՀ-ն մնայ շրջափակման մէջ»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է իր իսկ ստորագրած նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտին, ապա Փաշինեանը նշել է, որ թէեւ յաճախ փորձ է արւում տպաւորութիւն ստեղծել, թէ այդ յայտարարութեան 9-րդ կէտն Ադրբեջանի շրջանների եւ Նախիջեւանի կապի մասին է, սակայն դա այդպէս չէ։
«Դա այդպէս չէ: Այդ կապն 9-րդ կէտի ենթավերնագիր է: Իսկ 9-րդ կէտը տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է, եւ մէկը միւսից անջատ քննարկելն ուղղակի անտրամաբանական է եւ անհնար»,- ասել է Փաշինեանը։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում «Դիւանագէտների համահայկական խորհուրդ»-ի համահիմնադիր, Արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Մելիքեանը, խօսելով Փաշինեանի վարած քաղաքականութեան մասին, խորհուրդ է տւել այդ քաղաքականութիւնը դիտարկել միայն մէկ հարց լուծելու համատեքստում։
«Փաշինեանը գնալու է զիջումների. այլընտրանք չկայ։ Զիջում ասելով՝ պէտք է նկատի ունենանք, որ ամէն զիջումը փոխկապակցւած է իշխանութեանը մնալու երաշխիքի հետ։ Զիջումն իշխանութեան մնալու երաշխիքն է։ Ասել, թէ նա չի հասկանում՝ ինչ է անում, մոլորութիւն է։ Պլանաւորւած եւ ճանապարհային քարտէզով ինքը շարժւում է առաջ։ Ինքը պայմանաւորւում է միայն Ալիեւի հետ, որովհետեւ Փաշինեանի իշխանութիւնը կախւած է Ալիեւից. թելադրողն Ալիեւն է»,- ասել է Մելիքեանը։
Ինչ վերաբերում է Փաշինեանի առաջարկած «Խաղաղութեան խաչմերուկ»-ին, ապա, ըստ Մելիքեանի՝ այդ բրոշիւրի վրայ աշխարհի տարբեր կենտրոններում ուղղակի ծիծաղում են։
«Փաշինեանը մէկ նպատակ ունի՝ մնալ իշխանութեան՝ տարածք յանձնելո՞ւ, թէ՞ պետականութեան կորստի գնով, իր համար մէկ է։ Իր այդ առաջարկած խաչմերուկը ոչ մի բան է, չկայ դրա տակ դրւած որեւէ հիմնաւորւած թւային վերլուծութիւն։ Եթէ սա համաշխարհային մակարդակի առաջարկ լինէր, ապա համաշխարհային լուրջ խաղացողները եւ այն մայրաքաղաքները, որոնք այս տարածաշրջանում ունեն իրենց շահերը, կեանքի կը կոչէին այդ «Խաղաղութեան խաչմերուկ»-ը։ Այսինքն՝ սա նշանակում է, որ կուլիսայինը Սիւնիքն է։ Շան գլուխը թաղւած է այնտեղ, որ այս «Խաղաղութեան խաչմերուկ»-ի յետեւում աշխարհաքաղաքական բախում է. այստեղ բախւում են Արեւմուտքն ու Ռուսաստանը, Իրանի գործօնն է մեծ, դրա համար որեւէ մէկը դա չի ուզում վերցնել եւ կեանքի կոչել այն։ Յետեւապէս՝ իր այդ առաջարկածն ընդամէնը ներքին սպառման խնդիր ունի»,- ընդգծել է Վահագն Մելիքեանը։