ԻրանՔաղաքական

Արաղչի. «Իրանն ուշի-ուշով վերահսկում է տարածաշրջանում գտնւող ԱՄՆ բոլոր ռազմաբազաները»

«ԱԼԻՔ» – Իրանն ուշի-ուշով վերահսկում է տարածաշրջանում գտնւող ԱՄՆ բոլոր ռազմաբազաները: Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 22-ին, Քուվէյթում լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:

«Մենք ուշադիր հետեւում ենք տարածաշրջանում ամերիկեան բոլոր ռազմաբազաներին եւ հետեւում նրանց տեղաշարժին։ Յորդանանի իշխանութիւնների հետ մենք նաեւ տեղեկութիւններ ենք փոխանակւում Յորդանանում տեղակայւած ամերիկեան ռազմաբազայի մասին»,- յայտարարել է նա:

Նա նշել է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում վերջ տալ պատերազմին: Ըստ նրա՝ Թեհրանը կապ է պահպանում տարածաշրջանի երկրների հետ, իսկ Բէյրութում Իրանի ներկայացուցիչը շփւում է շահագրգիռ կողմերի հետ։Արաղչին ընդգծել է, որ հրադադարի մասին որոշումը պատկանում է Լիբանանի կառավարութեանը, եւ Իրանը կօգնի նրան։

Խօսելով Իսրայէլին պատասխան տալու Իրանի պատրաստակամութեան մասին՝ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է. «Տարածաշրջանի բոլոր երկրներն իրենց անհամաձայնութիւնն են յայտնել Իրանի վրայ Իսրայէլի յարձակմանը, յատկապէս նրա միջուկային օբիեկտների վրայ։ Մենք ընդգծում ենք, որ Իրանը նոյն կերպ կը պատասխանի Իսրայէլի յարձակման դէպքում»։

Արաղչին յայտարարել է, որ Իսրայէլն ԱՄՆ-ի եւ որոշ եւրոպական երկրների աջակցութեամբ շարունակում է յանցագործութիւններ կատարել, այդ թւում՝ ռազմական՝ յաւելելով, որ միջուկային օբիեկտների վրայ յարձակումը լուրջ միջազգային յանցագործութիւն է, եւ դա անելու սպառնալիքը նոյնպէս յանցագործութիւն է»։

«ԱՄՆ-ը չի պահպանում միջազգային կանոնները, սակայն Իրանը պատրաստ է արձագանգել հնարաւոր սպառնալիքներին եւ ունի ինքնապաշտպանութեան իր գործիքներն ու եղանակները: Իրենք գիտեն, թէ ինչ պատասխան է իրենց սպասւում՝ մեր միջուկային օբիեկտների վրայ յարձակւելու դէպքում»,- յստակեցրել է նա:

Նշենք, որ Քուվէյթում Աբբաս Արաղչին հանդիպել է այդ երկրի թագաժառանգ Շէյխ Սաբահ Խալեդ ալ Համադ ալ Սաբահի եւ ԱԳ նախարարԱբդալլահ Ալի ալ Եահեայի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկւել են իրավիճակը տարածաշրջանում եւ դրա հետ կապւած զարգացումները: Անդրադարձ է կատարւել նաեւ երկկողմ յարաբերութիւններին: Կարեւորւել է տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնների ընդլայնումն ու զարգացումը:

Related Articles

Back to top button