Տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախմբի ամբողջական կազմով նիստը
Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երեւանում։ Յանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանի, ԱՀ Ազգային ժողովի պատգամաւորների, Արցախի թեմի առաջնորդի, ինչպէս նաեւ այցելել է Մայր Աթոռ եւ հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։
Հանդիպումների ընթացքում տեղեկութիւններ է փոխանցել իրականացւած աշխատանքների եւ ապագայ անելիքների վերաբերեալ։
Եռօրեայ աշխատանքի եւ հանդիպումների ընթացքում յանձնախումբը, կարեւորելով նախորդիւ իրականացւած աշխատանքը, գոհունակութեամբ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի հաւաքական, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի հարցը տարբեր ձեւաչափերով բարձրաձայնւել եւ արձանագրւել է մի շարք պետութիւնների եւ միջազգային կառոյցների յայտարարութիւններում։ Այս հանգամանքը հիմք է ստեղծում յանձնախմբի գործունէութեան երկրորդ փուլի մեկնարկի համար, որը միտւած է ամրագրելու եւ զարգացնելու արձանագրւած արդիւնքը եւ ջանքեր գործադրելու վերադարձի իրաւունքի շուրջ քննարկումների համար անհրաժեշտ միջազգային բանակցային ձեւաչափի ստեղծման ուղղութեամբ։
Յանձնախմբի կողմից քննարկւել են առաջիկայ վեց ամիսներին իրականացւելիք աշխատանքները, որոնք ներառում են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան, հանրային եւ մասնաւոր գոյքի պաշտպանութեան, Բաքւում ապօրինաբար պահւող հայ ռազմագերիների եւ պատանդների վերադարձի եւ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից կենսական կարեւորութեան այլ ուղղութիւններ։
Սոյն հարցերի ուղղութեամբ համադրւած գործելու անհրաժեշտութեան օրակարգով յանձնախմբի եւ «Հայաքւէ» նախաձեռնութեան կողմից կազմակերպւել է կլոր սեղան-քննարկում որին մասնակցութիւն են ունեցել Հայաստանի եւ Արցախի քաղաքական, հասարակական, դիւանագիտական եւ վերլուծական շրջանակների չորս տասնեակից աւել մասնակիցներ։ Յանձնախումբը վերահաստատել է վերոնշեալ նպատակներին հասնելու ուղղութեամբ բոլոր շահագրգիռ կազմակերպութիւնների եւ անհատների հետ համագործակցութեան իր պատրաստակամութիւնը։ Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբը ստեղծւել եւ լիազօրւել է Արցախի խորհրդարանի 2023 թւականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։
Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախումբ