Հրանտ Բագրատեան. «Հայաստանի փաստացի տարածքն այսօր ընդամէնը 28 հազար 500 քկմ. է»
Անցած տարւայ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ Լարսը փակւեց, Փաշինեանը հասկացաւ, որ տնտեսութիւնը կը քանդւի։ Նա կարող է մեզ ամէն կերպ խաբել, թէ ով տւեց Արցախը, կամ որեւէ մէկի գրպանը մի բան գցել, յետոյ ոստիկաններին ասել՝ դէ գտէք, բայց այդ համարները ռուսների հետ չեն անցնում, յատկապէս, եթէ տնտեսութեան մէջ սկսւեն կտրուկ բացասական միտումներ։ Նա սարսափելի վախենում է դրանից, տնտեսութիւն չկայ։ Հինգ տարում եղել է 24 տոկոս աճ, այս տարին էլ երեւի փակեն 7-8 տոկոսանոց աճով, վեց տարում՝ 31-32 տոկոս տնտեսական աճ։ Դրա կէսն առաջին երեք տարիներին խաղերի փուչիկն էր, իսկ վերջին երկու տարում՝ վերաարտահանման գործօնը։ Երբ մեզ մօտ ռելոկանտ է լինում, մենք արտահանում ենք աշխատանքային հնարաւորութիւններ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը:
«Երբ Լարսը փակւեց՝ կարեւոր էլ չէ, թէ ինչ պատճառով, իսկ իրականում մեծ ցանկութիւն էլ չկար այն բացելու, Փաշինեանը հասկացաւ, որ կոլապսի կը ենթարկւի, եւ իր համար մի տեսութիւն մոգոնեց, թէ տնտեսութիւնն ու քաղաքականութիւնն առանձնացնում ենք եւ ԵԱՏՄ-ին մասնակցում ենք։ Իհարկէ, բոլորը հասկանում են, որ քաղաքականութիւնը նախեւառաջ հէնց տնտեսութիւնն է։ Փաշինեանը շտապեց գնալ ԵԱՏՄ, եւ ոչ միայն մասնակցեց, այլեւ Պուտինի օրհնութեամբ ընդունեց ԵԱՏՄ նախագահութիւնը։ Բոլորը Փաշինեանին համարում են խենթ, կիսախելագար, ոչ հաշւենկատ գործիչ, եւ դա այդպէս է։ Երբեմն իր ես-ը նրան այնքան է խեղդում, որ իրեն թոյլ է տալիս այնպիսի գործողութիւններ եւ խօսոյթ, որոնք վնասում են մեր պետութեանը։ Բայց ԵԱՏՄ-ն ցոյց տւեց նաեւ, որ նա կատարեալ խենթ եւ խելագար չէ։ Փաշինեանը հասկացաւ, որ լրիւ կը կործանւի, ինչը հիմա իրեն ձեռնտու չէ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Եթէ ռազմական գործում նա ռուսների հետ շփումը դադարեցրեց, եւ մենք, իհարկէ, լաւ պատժւեցինք, Հայաստանը, միեւնոյն է, էլի մնաց՝ մօտ 28 հազար 500 քառ. կմ. այսօր կայ, օկուպացւած է 1200-1400 քառ. կմ.։ Եթէ մեզնից տարել են 200 քառ. կմ., պէտք է հերթական անգամ առաջարկել, որ Փաշինեանը կամ ԶՈՒ ԳՇ պետը յայտարարեն, որ այսօր մեր տրամադրութեան տակ կայ 29 հազար 600 քառ. կմ.։ Եթէ մենք համակարգչային ծրագրերով դիտարկում ենք ամբողջ Անդրկովկասը, ամէն քառակուսի մետրը գծում ենք, տարածքը՝ նշում, ապա դրանից հանում ենք Վրաստանի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքը, տակը մնում է 31 հազար քառ. կմ., ինչպէս 1920-ականներին էր։ Երբ Փաշինեանն ասում է՝ 29 հազար 800 քառ. կմ., նախ 1200 քառ. կմ. տարածք պակաս է ասում, եւ ապա՝ մենք այդպիսի տարածք չենք տնօրինում»,- նշեց նախկին վարչապետը:
Հրանտ Բագրատեանի կարծիքով՝ Լարսի իրադարձութիւնները ցոյց տւեցին, որ միայն խօսելով չէ, եւ երբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանն ասում է, թէ՝ Լարսով աչքներս չէք վախեցնի, դա «պացանի» խօսք է. «3000 բեռնատար մեքենայ կանգնած էր, մօտ հազարը, այդ թւում՝ փչացած ձկներով մեքենաները, յետ եկան։ ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մէկը վերջին յայտարարութեան մէջ իսրայէլցիներին ասում է՝ չկարծէք, թէ մենք հայ ենք։ Մենք այդ ժողովուրդն ենք։ Ժողովուրդը կարող է քաջ լինել, եթէ ունի խելամիտ ղեկավարութիւն, որն իր անձնազոհ օրինակն է ցոյց տալիս, ինչպէս 1990-ականների սկզբներին էր՝ յանուն հայրենիքի։ Նոյն ժողովուրդը կարող է արագօրէն արժէզրկւել եւ դառնալ փալաս։ Այս օրերին քաղաքական գործիչները թող կարդան Լեւ Գումիլեովի պասիոնարութեան տեսութիւնը, որի հետ կարելի է համաձայնել կամ ոչ։ Նա ասում է, թէ 20-րդ դարի ազգերի մէջ մօտաւորապէս այս պատկերն է՝ երեք տոկոսն այն մարդիկ են, որոնք միջինից բարձր են, պոզիտիւ ձգտում ունեն մի նոր բան ստեղծելու։ 20 տոկոսն ուզում է յեղափոխութիւն անել, իսկ սոցիալիստական յեղափոխութիւնը թոյլ է տալիս գնալ-վերցնել ուրիշի ունեցւածքը։ 77 տոկոսը՝ այս վճռական զանգւածը, դոնդողը, հակւում է մէ՛կ դէպի երեք տոկոսը, մէ՛կ դէպի 20 տոկոսը»:
«Մեզ մօտ մնացել է այդ երեք ակտիւ տոկոսը։ Իշխանութիւնն այսօր ունի աւելի քան 77 տոկոս հակառակորդ, ոչ թէ կողմնակից։ Բայց դա դեռ դոնդող է։ Այս իշխանութեան առաւելութիւնը ո՛չ երեքն է, ո՛չ էլ 77-ը, այլ շատ խորամանկ եւ ինտենսիւ ձեւով այդ 20 տոկոսին մոբիլիզացնելն է՝ այդ աւերիչ ու բացասական հատւածին։ Որ հիմնարկ մտնում են, չեն աշխատում, գողանում են, բայց փորձում են գողին աշխատողների մէջ փնտրել, եւ կամ՝ մէկին տանում ես հարիւրի մէջ աշխատեցնելու, այդ հարիւրն են սրա պէս դառնում, փոխանակ հակառակը լինի»,- ամփոփեց Հրանտ Բագրատեանը: