Վահէ Գրիգորեան. «Եթէ Ադրբեջանը կանոնակարգը չվաւերացնի, այն որեւիցէ իրաւական ուժ չի ունենալու»
Ողջամիտ կասկած է ծագում, թէ ինչպէս էր լինելու հարցը, եթէ օրինակ Սահմանադրական դատարանը կայացներ որոշում, որով կանոնակարգը կը լինէր Սահմանադրութեանը հակասող։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է Սահմանադրական հարցերով փորձագէտ Վահէ Գրիգորեանը։
Յիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին» կանոնակարգում ամրագրւած պարտաւորութիւնները համապատասխանում են Սահմանադրութեանը:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը դրական եզրակացութիւն է տւել սահմանազատման յանձնաժողովների կանոնակարգը վաւերացնելու մասին օրէնքի նախագծին։
«Սահմանադրականութեան հարցը որոշում է Սահմանադրական դատարանը։ Վերջինս տւել է որոշում, որով այն ճանաչել է Սահմանադրութեանը համապատասխան, բայց այստեղ մի կարեւոր առանձնայատկութիւն կայ։ Այս կանոնակարգով նախատեսւած որոշակի գործողութիւններ կատարւել էին մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը, եւ ողջամիտ կասկած է ծագում, թէ ինչպէս էր լինելու հարցը, եթէ օրինակ Սահմանադրական դատարանը կայացներ որոշում, որով այս կանոնակարգը կը լինէր Սահմանադրութեանը հակասող։ Ֆիկտիւ տեսանկիւնից, այո, կանոնակարգը ճանաչւել է Սահմանադրութեանը համապատասխանող, սակայն բազմաթիւ ընթացակարգեր կարելի է ասել, որ դրա առնչութեամբ խախտւել են»,- նշել է Գրիգորեանը։
Ըստ փորձագէտի՝ եթէ Ադրբեջանը չվաւերացնի կանոնակարգը, այն որեւիցէ իրաւական ուժ չի ունենալու։
«Բաքուն չի սկսել գործընթաց, իսկ Հայաստանը շատ արագ կերպով փորձում է այն վաւերացնել։ Հայաստանի համար վաւերացւած կանոնակարգն ունենալու է ուժ, սակայն նման կանոնակարգերի դէպքում փոխադարձ ծանուցումների մեխանիզմով է պայմանաւորւած դրա ուժի մէջ մտնելը։ Հետեւաբար կանոնակարգի վաւերացումն ինքնին դրա ուժի մէջ մտնելու պարտադիր պայման չէ, եւ Ադրբեջանի չվաւերացման դէպքում՝ այսինքն դրանով պայմանաւորւած ծանուցումների բացակայութեան դէպքում կանոնակարգը որեւիցէ իրաւական ուժ չի ունենալու։
Կայ տարածւած մոլորութիւն, որ այս կանոնակարգը նոյնացւում է խաղաղութեան համաձայնագրի հետ, ինչն ընդհանրապէս իրականութեան հետ կապ չունի, եւ դրանով պայմանաւորւած ահա այս փաստաթղթում պէտք է քննարկւի Ադրբեջանի կողմից օկուպացւած տարածքների վերադարձի հարցը, ինչը սխալ մօտեցում է։ Կարծում եմ, որ այդ հարցը պայմանական Խաղաղութեան պայմանագրի քննարկման առարկայ պիտի հանդիսանայ»,- եզրափակել է Գրիգորեանը։