ԹեհրանՀամայնք

Գրքի շնորհանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնում

Ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը յատկացւել էր միութեան Հանրային-հասարակական բաժանմունքի վարչութեան անդամուհի՝ ընկեր Կարինէ Յարութիւնեան-Դրորի պարսկերէն թարգմանութեամբ լոյս տեսած «Մայրիկիս ձայնը» հատորի  շնորհանդէսին:

Գիրքը վաւերագրական վէպ է հիմնւած հեղինակի մօր՝ Մեծ Եղեռնի վերապրող Ֆլորա Մանուշեանի (Մուրադեան) պատմածների, ապա նաեւ փաստագրական ստոյգ տւեալների ու հեղինակի Թուրքիա կատարած երեք ուղեւորութիւններից ստացած տեղեկութիւնների վրայ: Գրքի անգլերէն բնագիրը նախ լոյս է տեսել «Նւէր արեւում» (A Gift in the Sunshine) անւամբ, 2009 թ., ԱՄՆ-ում, իսկ յաջորդ հրատարակումը «Մայրիկիս ձայնը» (My Mother’s Voice) խորագրով, 2013 թ., որը պարսկերէն թարգմանութեան բնագիրն է հանդիսացել:

Բացման խօսքում, միութեան նախագահ Գէորգ Թամրազեանը ողջունելով գրքի հրատարակման առիթով, յիշատակեց մի քանի նման առիթներ, երբ նշւել է միութենականների հրատարակած գրքերի շնորհանդէսը:

Բաժանմունքի նախագահ Արմինէ Գրիգորեանն ակնարկեց վերջին տարիներին Կարինէի թարգմանական աշխատանքներին եւ ամբիոնի մօտ հրաւիրեց նրան:

Կարինէ Յարութիւնեանը նշեց, թէ 2018 թւականի ապրիլին «Ալիք»-ում տպագրւած ամփոփ մի նիւթից է սկիզբ առել իր ծանօթութիւնը Քէյ Մուրադեանի «Մայրիկիս ձայնը» գրքի հետ:   Գիրքը փնտրել ու գտել է, կարդացել ու թարգմանել է պարսկերէնի:  Ապա պատմեց հեղինակի հետ իր հաստատած կապի եւ յատկապէս տպագրութեան արտօնութեան երկար ու տքնաջան ընթացքի մասին, որն ի վերջոյ յաջողութեամբ պսակւելով, գիրքը լոյս է տեսել 2024-ի oգոստոսի սկզբին: Պարսկերէն հրատարակութիւնը թարգմանչի կողմից նւիրւել է Հայոց Ցեղասփանութեան 109-ամեակին: Թարգմանչուհին երախտագիտութեամբ շեշտեց, որ հեղինակի հետ իր կապը պարտական է Բոստոնի Հայ մշակութային ֆոնդի վարիչ՝ իրանահայ եւ ժամանակի «Արարատ»-ի Սկաուտական միութեան սկաուտապետ՝ Արա Ղազարեանին, ում աջակցութեամբ անցեալում թարգմանել է դոկտ. Յակոբ Մարտին Դերանեանի «Նախագահ Քալւին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» գիրքը (President Calvin Coolidge and the Armenian Orphan Rug):

Կարինէ Յարութիւնեանը մի դրւագ եւս ընթերցեց գրքի պարսկերէն թարգմանութիւնից: Ցուցադրւեց գրքի նիւթերի հիման վրայ հեղինակի սցենարով պատրաստած 25 րոպէ տեւողութեամբ փաստագրական մի ֆիլմ՝ նւիրւած Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Ապա Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Սոֆի Ջաղարբէգեանի եւ Երէցների միութեան նախագահ՝ Գէորգ Թամրազեանի ձեռամբ կատարւեց գրքի շնորհանդէսը եւ դահլիճի բուռն ծափողջոյնների ներքոյ ծաղկեկողով նւիրւեց շնորհալի թարգմանչուհուն:

Շնորհաւորական ու դրւատանքի խօսքերով ելոյթ ունեցաւ Սոֆի Ջաղարբէգեանը: Նաեւ ներկաներից  արտայայտւեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Թորգոմ Տէր-Յակոբեանը:

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն՝ պատրաստւած միութեան Հանրային-հասարակական բաժանմունքի ընկերների կողմից եւ նշւեցին ամսւայ ծնւածների տարեդարձները:

Նիւթը Կազմեց՝ ԷԴՒԱՐԴ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ

Related Articles

Back to top button