Հայ Դատի յանձնախումբը Եւրոպական խորհրդարանում ստորագրահաւաք է սկսել
COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն այս օրերին ակտիւ աշխատանքներ են տանում միջազգային հանրութեան ուշադրութիւնը սեւեռելու Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտումներին եւ պահանջում ապօրինի պահւող հայ պատանդների եւ ռազմագերիների վերադարձը։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում անդրադարձել է այս ուղղութեամբ տարւող աշխատանքներին։
«ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը եւ «Եւրոպացիներ յանուն Արցախի» հարթակը COP29-ը համարում են միջոց՝ միջազգային ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ, Արցախի ռազմական եւ քաղաքական պատանդներին, պատերազմի գերիներին ազատ արձակելու համար։ Այդ ուղղութեամբ թէ՛ քարոզչական աշխատանքով, եւ թէ՛ տարբեր հանդիպումներով մեծ աշխատանք է կատարւում, նաեւ միջազգային մամուլով ներկայացնելով Ադրբեջանի իրական պատկերը։
Այս օրերին ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը Եւրոպական խորհրդարանում ստորագրահաւաք է սկսել եւ յայտարարութեամբ է հանդէս գալու երեք կարեւոր հարցերի առնչութեամբ՝ գերիների եւ պատանդների վերադարձ, Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ Ադրբեջանը՝ որպէս սպառնալիք Հայաստանի համար։ Մեր յայտարարութեանը միացել են Եւրախորհրդարանի մեծ թւով պատգամաւորներ։
Նոյեմբերի 5-ին Եւրոպական խորհրդարանում նախատեսում ենք կազմակերպել մեծ խորհրդաժողով, որը հիմնակում նւիրւած կը լինի ռազմական եւ քաղաքական գերիների եւ պատանդների ազատ արձակմանը, որին ակնկալում ենք նաեւ նրանց ընտանիքներից ներկայութիւն։ Անշուշտ ներկայ կը լինեն Եւրոպական պատգամաւորներ, քաղաքական այլ անձիք, ընկերային ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ»։
ԳասպարԿարապետեանի փոխանցմամբ յանձնախումբն աշխատանք է տանում նաեւ Եւրոպական խորհրդարանի բանաձեւերում գերիների եւ պատանդների վերադարձի հարցը արծարծելու ուղղութեամբ։ «Մեր ամբողջ քարոզչական մեքենան այս ուղղութեամբ է աշխատում, տարբեր երկրներում մեր յանձնախմբերն իրենց երկրների պատգամաւորների հետ հանդիպումներ են ունենում, ակնկալում ենք, որ որոշ պատւիրակութիւններ Բաքւում այդ հարցերը կը բարձրացնեն։ Շատ կարեւոր է, որովհետեւ Արդրբեջանը փորձում է տարբեր երես ցոյց տալ, արդէն մեր ամբողջ քարոզչական աշխատանքով փորձում ենք ցոյց տալ, որ Ադրբեջանն այսօր այն չէ, ինչ ներկայանում է եւ միջազգային գրեթէ բոլոր կարեւոր լրատւականների միջոցով ներկայացւում է թէ մարդկային իրաւունքների տեսակէտից Ադրբեջանը ինչ մակարդակում է եւ Արցախի ժողովրդի հանդէպ ինչ վերաբերմունք ունի»,- նշել է նա։
Գասպար Կարապետեանը յաւելել է, որ COP29-ով չի դադարի աշխատանքներն այս ուղղութեամբ եւ Հայ Դատի գրասենեակներն իրենց ունեցած քաղաքական բոլոր լծակներով աշխատանք են տանելու, որպէսզի Բաքւում պահւող հայ ռազմագերիներն ու պատանդները վերադառնան։