Դաշնակիցներ՝ նախ երկրի ներսում
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
Մենք սխալմամբ կարծում ենք, թէ մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թոյլ տալիս։
Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետութեան կազմաքանդումը ներսից։ Այսօրւայ մեր անասնական բարքերը, համակեցութեան կանոնների բացակայութիւնը, ներքին ագրեսիան, անհատի եւ հասարակութեան անկումը, համատարած յուսալքութիւնը մեզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետութիւնը կազմաքանդելու համար արտաքին ագրեսիա պէտք չի լինելու։ Հարեւան պետութիւնները, ի տարբերութիւն մեզ, սա շատ լաւ հասկանում են։
Մեզնից ուզում են ոչ թէ զիջումներ, սահմանադրութեան փոփոխութիւն, ճանապարհ եւ այլն. մեզնից ուզում են ստանալ սպանւած հասարակութիւն, անասնական հոտ, որն ամէն ինչ կը տայ ինքնակամ։ Ու նրանք այս հարցում արդէն ահագին ճանապարհ անցել են։
Չկայ «լիդերային» գիտակցումն այն բանի, որ հէնց սա պէտք է կասեցնել։ Բոլոր համակարգերում, սակայն, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թէ ուր է տանում այս ընթացքը։
Ներքին այլասերումից, ներքին կազմաքանդումից պէտք է սարսափել ու կասեցնել այդ ընթացքը։ Վստահ եմ՝ այդպէս են մտածում ընդդիմադիր համակարգերում շատերը, պետական համակարգում՝ մի զգալի շերտ, ուժայիններում՝ նոյնպէս, նոյնիսկ իշխանական թեւում ոմանց մօտ կայ այդ անհանգստութիւնը։ Սա ներքին երկխօսութեան հնարաւորութիւն է ստեղծում։ Այս հնարաւորութիւնը պէտք է օգտագործել։
Իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է դուրս գալ ստանդարտ մտածողութեան թակարդից։ Հիմա ստանդարտ լուծումներ չկան ու առաջիկայում չեն լինելու։ Պէտք է պատրաստ լինել կարեւոր հարցերի նայել այլ տեսանկիւնից։ Սա պահանջում է զսպւածութիւն եւ սթափ միտք։ Սա պահանջում է միտք՝ առաջին հերթին։
Մեր երկիրը վերցնելու են՝ մեզ որպէս հասարակութիւն ոչնչացնելուց յետոյ։ Այսօր մեր հասարակութիւնն արդէն ոչ մի բանից չի վիրաւորւում։ Նորմալ, սոլիդ իշխանութեան պայմաններում, սակայն, ընդամէնը մի քանի ամսում այդ վիճակը կը փոխւի։ Ամօթ ու զարմանք կը զգանք՝ գիտակցելով, թէ ինչի էինք վերածւել։ Բայց որպէսզի ունենանք այդ նոր իշխանութիւնը, հասարակական փոփոխութիւններ են պէտք։ Հաւի-ձւի դիլեման է դառնում, բայց պէտք է գոնէ մինիմալ կէտից սկսել։ Ի՞նչ անել, որպէսզի հասարակութիւնը նորից սովորի գոնէ ամաչել եւ վիրաւորւել։ Այստեղ կարեւոր է ընդգծել, որ խօսքը անհատների մասին չէ, խօսքը հասարակութեան մասին է՝ իր իւրայատուկ կառուցւածքով, իր առանձին խմբերով, իր դրսեւորումներով։ Ի՞նչ է պէտք անել, որպէսզի հասարակութիւնն ամաչի եւ վիրաւորւի իր հետ կատարւողից, պահանջի ու իրականացնի խոշոր փոփոխութիւններ։ Սա գոռալով չի լինելու, կոչերով չի լինելու, կիսատ-պռատ քայլերով չի լինելու։ Պէտք է նախ հասկանալ՝ այդ հասարակութիւնն ինչ է։ Պէտք է հասկանալ. եթէ, ըստ սոցհարցումների, 75 տոկոսը չի վստահում ոչ մէկին, ապա արդեօք դա նշանակում է, որ 75 տոկոսը չի վստահում պետութեան ապագայի՞ն։ Պէտք է հասկանալ՝ իրականում ի՞նչ տոկոս է կազմում «մեծարգոների ենթամշակոյթը» , եւ էլ ուրիշ ի՞նչ ենթամշակոյթներ կան։ Պէտք է հասկանալ՝ ի՞նչը կազդի այդ խմբերի քնած զգացմունքների վրայ, եւ արդեօք դրանք իրօք քնա՞ծ են, թէ՞ մենք պարզապէս նրանց չենք հասկանում։
Պէտք է հասկանալ, թէ իրականում հասարակութեան կազմաքանդման ո՛ր աստիճանին ենք հասել, եւ մեր հանրային նեարդի ո՛ր կէտերն են դեռ կենդանի եւ պիտանի՝ հետն աշխատելու համար։
Հայ հասարակութեան քանդումից մինչեւ հայկական պետութեան քանդում գուցէ նոյնիսկ կէս քայլ չէ։ Սա պէտք է զգաստացնի բոլոր նորմալ մարդկանց, եւ եթէ կան իշխանութեան մէջ այնպիսիք, որոնք չեն ուզում իրենց վրայ վերցնել պետութեան գերեզմանափորի դերը, պիտի օգտագործեն այսօրւայ գուցէ վերջին խաղաղ պահը՝ լուծումներ փնտրելու համար։ Իշխանութեան ներսում թէ իշխանութիւնից դուրս, պետական համակարգում թէ քաղհասարակութեան…
Ներքին հաշտութեան, երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխօսութեան, հանրային համաձայնութեան գաղափարը շատ կարեւոր է՝ վատագոյն սցենարներից խուսափելու համար։