Ստեփան Դանիէլեան. «Յեղափոխական արժէքները կարծես թէ դառնում են անհասկանալի»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հանրութեան՝ ամբոխային հատւածի այսօրերի հոգեվիճակին.
«Քֆուրը եւ հանրային սպասելիքները
Յեղափոխութիւնը լեգիտիմացրեց հանրային քֆուրը եւ այն վերածւեց հանրային դաշտում քաղաքական յարաբերութիւնների պարզեցման կարեւոր գործիքի: Հանրային քֆուրը սահմանազատեց «մենք»-ին եւ «դուք»-ին:
Քֆուր տւողը «ժողովուրդն» է, իսկ քֆուր «ուտողները» ժողովրդի թշնամիները: Այս պարագայում կեանքը յստակ է, կան սեւեր եւ սպիտակներ, իսկ ընտրութիւնների արդիւնքները՝ կանխատեսելի: Սակայն վերջերս նկատւում է քֆուրների կտրուկ նւազում, ինչը ցոյց է տալիս, որ կեանքը կորցնում է իր յստակութիւնը, իսկ ժողովուրդը գնալով աւելի վատ է կողմնորոշւում ձեւաւորւող իրականութեան մէջ՝ չկայ յստակ «ճիշտ» ու «սխալ»:
Դա ահազանգ է քաղաքական կազմակերպութիւնների համար, նաեւ՝ մարտահրավեր: Կարճ ասած, քֆուրների ծաւալի նւազումը հանրութեան շրջանում սկսւած անորոշութեան ցուցիչն է: Փորձենք աւելի խորանալ երեւոյթի մէջ:
«Հայհոյանքը» արհեստական բառ է, որը չի արտայայտում մեր առօրեայ կեանքի յոյզերը, սպասելիքները, վախերը, մտավախութիւնները, հիասթափութիւնները: Այսինքն նէյրոլինգւիստիկ բառապաշարի էութիւնը եւ այն զուրկ է աշխարհայեացքից, համակարգւած չէ, ինչի համար չի կարողանում մուտք գործել մեր կենցաղային բառապաշարի մէջ:
Արաբական «քֆուրն» աւելի խորքային եզր է:
«Քֆուր» բառը առաջացել է արաբական քուֆր ( كفر-անհաւատութիւն, թագցնել) բայից, որը իսլամում համարւում է ամենածանրագոյն մեղքը: Քուֆրի, այսինքն անհաւատութեան մէջ բացայայտւած մարդուն անւանում են Քաֆիր, թուրքերէնով՝ Գեաուր, այսինքն անհաւատ՝ Հարամ:
Իսլամում կայ Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) եւ Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար): Մեծ Քուֆրի մէջ մեղադրւող անձի նախկինում արւած ցանկացած լաւ գործ զրոյացւում է եւ մեղադրւող անձը որեւէ ներում եւ բեկում չունի:
Յեղափոխութիւնից յետոյ ՀՀԿ-ն մեղադրւում է Մեծ Քուֆ-ի մէջ: ՀՀԿ-ականները Քաֆիր էին, անհաւատներ, իսկ ժողովուրդը՝ յեղափոխական արժէքների կրող: Սակայն կարծես թէ իրավիճակ է փոխւում, քֆուրները նւազել են, իսկ որակական առումով՝ դարձել աւելի խոհական, անորոշ, հասցէատէրերը՝ ոչ այնքան յստակ: Համայնքը անորոշութեան մէջ է՝ քֆուրի ճգնաժամը գաղափարական ճգնաժամի հետեւանք է:
Հանրային քֆուրը հանրային սպասելիքների արտայայտութիւնն է, քֆուրի բացակայութիւնը՝ արժէքային կողմնորոշումների լղոզւածութիւն: Յեղափոխական արժէքները կարծես թէ դառնում են անհասկանալի:
Չկայ քֆուր – նշանակում է չկայ հաւատ, չկայ վստահութիւն: Կասկածի որդը բուն է դնում մարդկանց հոգիներում:
Ժողովուրդը յստակութիւն է պահանջում եւ նոր թշնամիներ»,- գրել է քաղաքագէտը: